27.7 C
Yerevan

Անհասկա­նա­լի Կոչ

Ուկրաի­նա­յի օրի­նա­կով ձևա­վորվող E5 անվտանգա­յին ձևա­չա­փը կարող է վերածվել տարա­ծաշրջա­նա­յին նոր մեխա­նիզմի, որի շուրջ Հայաստա­նը պետք է կարո­ղա­նա առաջ մղել իր օրա­կարգը։

Արման Բաբա­ջանյան

Զախա­րո­վա­յի՝ Երև­ա­նի և Բաքվի զսպվա­ծության վերա­բերյալ հայտա­րա­րությունը վեր է տրա­մա­բա­նա­կան պարզ ընկա­լումից։ Այն հնչում է խաղաղ ժամա­նակ, երբ սահմա­նին լուրջ բախումներ չկան, երբ իրա­կա­նում իրա­վի­ճա­կը վերահսկե­լի է և հարա­բե­րա­կա­նո­րեն կայուն։ Իսկ երբ 2022‑ի սեպտեմբե­րին հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի ողջ երկայնքով Ադրբե­ջա­նը հարձա­կում էր իրա­կա­նացնում Հայաստա­նի տարածքի վրա, երբ զոհվում էին տասնյակ զինծա­ռա­յողներ ու խաղաղ բնա­կիչներ, երբ վառվում էին գյուղեր ու թալանվում տնե­րը՝ ռուսա­կան կողմը ոչ միայն չէր հնչեցնում զսպվա­ծության կոչեր, այլ բառա­ցիո­րեն հրա­ժարվում էր արձա­գանք տալ, հայտա­րա­րե­լով, թե «սահմա­նի տեղը չգի­տի»։ Այդ նույն պահին անարձա­գանք էր մնում նաև ՀԱՊԿ‑ը՝ ի ցույց դնե­լով իր մերկությունը։

Այս երկա­կի ստանդարտը ոչ միայն կեղծ է, այլ նաև ռազմա­վա­րա­կան ուղերձ է։ Մոսկվան խաղա­ղության և կայունության կոչե­րով իրա­կա­նում շարունա­կում է վերահսկո­ղության պահպանման քաղա­քա­կա­նությունը։ Խաղա­ղություն՝ հանուն ազդե­ցության պահպանման։ Կեղծ կայունություն՝ հանուն կաշկանդման։

Բայց Հայաստա­նի խնդիրնե­րը վաղուց արդեն դուրս են այդ տրա­մա­բա­նության շրջա­նակնե­րից։ Խաղա­ղության և անվտանգության հարցը չի կարող այլևս կախված լինել միայն կողմե­րի միջև դիվա­նա­գի­տա­կան միջնորդություննե­րից, առա­վել ևս՝ այնպի­սի միջնորդությունից, որը բացա­հայտ աջակցել է ագրե­սոր կողմին։ Հետեւա­բար, խաղա­ղությունն ինքնին չի կարող կայա­նալ, եթե դրա հիմքում չկա հստակ ռազմա­վա­րություն, հստակ անվտանգա­յին համա­կարգեր և հստակ դաշնա­կիցներ։

ԵՄ քաղա­քա­ցիա­կան առա­քե­լության տեղա­կա­յումը Հայաստա­նում ցույց տվեց՝ Եվրո­պան Հայաստա­նին ընկա­լում է ոչ միայն որպես աջակցության կարիք ունե­ցող երկիր, այլ՝ որպես անվտանգության համա­կարգի բաղկա­ցուցիչ։ Իսկ դա փոխում է ամբողջ պարա­դիգմը։ Եթե Հայաստա­նը ուզում է խաղա­ղություն, ապա այն պետք է կառուցի ոչ թե միայն Բաքվի հետ հարա­բե­րություննե­րի բարե­լավման միջո­ցով, այլ՝ եվրո­պա­կան անվտանգության ճարտա­րա­պե­տության մեջ ինստի­տուցիո­նալ ներգրավվա­ծությամբ։

Ուկրաի­նա­յի օրի­նա­կով ձևա­վորվող E5 անվտանգա­յին ձևա­չա­փը կարող է վերածվել տարա­ծաշրջա­նա­յին նոր մեխա­նիզմի, որի շուրջ Հայաստա­նը պետք է կարո­ղա­նա առաջ մղել իր օրա­կարգը։ Դա պահանջում է հստա­կություն՝ արտա­քին քաղա­քա­կան կողմնո­րոշման մեջ, արդյունա­վե­տություն՝ դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքի մեջ, և բարե­փո­խումնե­րի կամք՝ ներքին կառա­վարման մակարդա­կում։

Խաղա­ղությունն ինքնանպա­տակ չէ։ Այն արժեք է միայն այն ժամա­նակ, երբ պաշտպանված է՝ օրենքով, ինստի­տուտնե­րով և, անհրա­ժեշտության դեպքում, ուժով։ Եթե խաղա­ղությունն ընկալվում է որպես զուտ թուղթ, այն կորցնում է իր արժե­քը առա­ջին իսկ կրա­կո­ցի ժամա­նակ։ Իսկ եթե խաղա­ղությունն ընկալվում է որպես պետա­կան քաղա­քա­կա­նություն՝ ուժա­յին, իրա­վա­կան և արտա­քին ապա­հովման բոլոր բաղադրիչնե­րով, այն դառնում է իրա­կա­նություն։

Առնչվող Հոդվածներ