ՄԵՐ ՈՒՂԻՆ

Արցախի «Աղվանացումը» Վատիկանում

Սա տասնամյակների վեճ ու կռիվ է և այստեղ ևս մենք պարտվում ենք։ Առաջին հերթին այն պատճառով, որ երբեք սեփական քթից այն կողմ չենք նայել ու չենք տեսել ու երբ Ալիևի գումարներով Վատիկանում «Քրիստոնեություն» է պաշտպանվում, զարմանալ պետք չէ։ Իրոք քրիստոնեություն է ու Ադրբեջանում է, իսկ այն, որ դա ուղղված է հայերի դեմ, դա առաջին հերթին հայերի խնդիրը պետք է լինի, հայկական ինստիտուտների։

Արայիկ Մկրտումյան

Ապրիլի 10-ին Վատիկանում կայացել է միջազգային գիտաժողով՝ «Քրիստոնեությունն Ադրբեջանում, պատմություն և արդիություն» խորագրով։ Հայ և ադրբեջանցի պատմաբանների մեջ դեռ խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող վեճը, թե Արցախում գտնվող քրիստոնեական շատ ու շատ համալիրներ ո՞ւմ են պատկանում հայերի՞ն, թե աղվաններին, ուդիներին և այլն, ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակվել է ըստ էության միակողմանիորեն։ Ադրբեջանցիները, որոնց ինքնության կայացման համար հակահայկականունը հիմնաքարային է, չեն մոռացել գիտության մասին ու քանի դեռ Հայաստանում տասնամյակներով ոչ մի էական ձեռբերում չի կատարվել, Բաքուն ոչ միայն զենք է գնել ու պատմություն կեղծել, այլև արտասահմանին «դուր գալու» խելացի ու աշխատող գործողությունների է դիմել։ «Հեյդար Ալիև» բարեգործական հիմնադրամը Վատիկանի համար երկար տարիների գործընկեր է։ Դեռ 2015-ին այդ հիմնադրամը ֆինանսավորում էր Վատիկանի գրադարանը, 2021թ․ Սրբազան հնագիտության հայրապետական ​​հանձնաժողովի և Մեհրիբան Ալիևայի ղեկավարած Հեյդար Ալիևի Հիմնադրամի միջև համաձայնագիրը երկարաձգվել է Կոմոդիլայի հռոմեական կատակոմբների վերականգնման վերաբերյալ, իսկ 2024թ․ավարտվել է սուրբ Պետրոսի տաճարի վերականգնումը՝ կրկին ադրբեջանական հիմնադրամի աջակցությամբ։ 2020թ․ երբ Մեհրիբան Ալիևին Հռոմի պապը պարգևատրեց «Մեծ Խաչ» շքնշանով, Հայաստանում այնպիսի աղմուկ բարձրացավ, որ կարելի էր կարծել, թե Վատիկանն անվանափոխում են Ալիևի անունով, մինչդեռ դա ընդամենը շքանշան է, որն արդեն վաղուց դարձել է Վատիկանի դիվանագիտական քաղաքավարության արարողակարգի մի մաս։ Փաշինյանին ևս տրվել է նման խաչ։
Հայաստանում դեռևս լավ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Ամեն ինչ մնում է ընդամենը ինտրիգային սենսացիայի մակարդակի վրա և ամեն լուր ընդունվում է զուտ տվյալ պահի համար։ Հայաստանում ավելի հարմար են գերադասում Հռոմի պապին հեռակա կարգով հիշեցնել, որ հայերը աշխարհում առաջին քրիստոնյա են, իսկ ադրբեջանցիները 2020թ․ ջիհադիստների են վարձել հայերի դեմ կռվելու համար, քան ընդունել, որ մինչ մենք ռազմահայրենասիրական քեֆերով էինք զբաղված, Ալիևը շահում էր նաև Վատիկանի բարեկամությունը։ Ընդ որում ոչ միայն դատարկ խոսքերով, այլև հսկայական գումարներով Վատիկանին օժանդակում էր բազմաթիվ վերականգնողական ու գիտական նախագծերում։
Հասկանալի է, որ կարճաժամկետ ու էմոցիոնալ գոռգոռոցը մեր սրտին ավելի մոտ է ու Հռոմի պապին կարելի է հավատուրաց անվանել ու հայհոյել, քան թե գոնե մեկ անգամ իրականության աչքերին նայել, բայց ի վերջո հենց իրականությունից կտրվածության պատճառով է, որ մեր աձագանքն անգամ անուժ է ու կիսատ։
Այդ գիտաժողովն իհարկե ունի իր ռեալ վտանգները։ Արցախի աղվանացումով Բաքուն ոչ միայն ազատվում է հայկական անցանկալի ներկայությունից, այլև դառնում է և՛ քրիստոնեական մշակույթի ու պատմության, և՛ ազգային փոքրամասնությունների «պահապան-հրեշտակ»։ Դրան գումարած այն հսկայական գումարները, որով Վատիկանը բազմաթիվ գիտական ու մշակութային նախագծեր է իրականացնում։ Ուստի զարմանալի չէ, որ իտալացի հնագետը հայերին կարող է խորհուրդ տալ, որ հայերը հաշտվեն ադրբեջանցիների հետ։ Ի վերջո նա էլ իր աչքի առաջ փաստ ունի․ նավթադոլարով վերականգված իտալական տաճարներ, գրադարաններ, հնագիտական պեղումներ և այլն։ Եվ նույն իտալացի հնագետը կծափահարի հենց Ալիևին, որովհետև ուդիական կամ աղվանական քրիստոնեական մշակույթի պահպանմանն ուղղված գիտաժողովը «լավն է ու բարին»։
Հարց կարող է առաջանալ, թե Վատիկանը մի՞թե այնքան գումար չունի, որ մնացել է Ալիևի հույսին, կամ մի՞թե Վատիկնը չգիտե, որ Ադրբեջանը ֆաշիստական բռնապետություն է ու կրոնամոլ մահմեդական։ Իհարկե գիտե, բայց ինչպես ասում են, «ավելորդ հացը փորը չի ծակում»։ Ով, ով, բայց հայերը դա լավ գիտեն, մանավանդ հայ պաշտոնյաները, որոնց միակ մտահոգությունը սեփական հարստացումն է եղել, իսկ պետականաշինությունը՝ զբաղմունք, որին լավ չեն տիրապետել։
Արդյո՞ք պետք է անհանգստանանք այս գիտաժողովից։ Ընդհանուր առմամբ պետք է, բայց այս գիտաժողովը ու դրա նպատակները նոր չեն։ Սա տասնամյակների վեճ ու կռիվ է և այստեղ ևս մենք պարտվում ենք։ Առաջին հերթին այն պատճառով, որ երբեք սեփական քթից այն կողմ չենք նայել ու չենք տեսել ու երբ Ալիևի գումարներով Վատիկանում «Քրիստոնեություն» է պաշտպանվում, զարմանալ պետք չէ։ Իրոք քրիստոնեություն է ու Ադրբեջանում է, իսկ այն, որ դա ուղղված է հայերի դեմ, դա առաջին հերթին հայերի խնդիրը պետք է լինի, հայկական ինստիտուտների։
Իսկ մնացածի մասին մենք վաղուց պետք է մտածեինք։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *