27.7 C
Yerevan

Ամեն Ինչ Բարդել Իշխա­նության Ուսե­րին

Սերժ Սարգսյա­նի համար ՀՀԿ հարթա­կը շատ կոմֆորտ էր արդա­րա­նա­լու համար, որովհետև այնտեղ ոչ մեկը չէր կարող նրան հակա­դարձել կամ կասկա­ծի տակ դնել ասածնե­րը:

Անդրիաս Ղուկասյան

Սերժ Սարգսյա­նը գեղարվեստա­կան ձևով փորձեց հերքել իրենց քաղա­քա­կան պատասխա­նատվությունը. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Հայ կառուցո­ղա­կան կուսակցության նախա­գահ, քաղա­քա­գետ Անդրիաս Ղուկասյա­նը

– Պարո՛ն Ղուկասյան, որոնք էին ՀՀԿ նախա­գահ, ՀՀ երրորդ նախա­գահ Սերժ Սարգսյա­նի՝ ՀՀԿ հիմնադրման 35-ամյա­կին նվիրված հոբելյա­նա­կան նիստում ելույթի մեսիջնե­րը: Անդրա­դառնա­լով Նիկոլ Փաշինյա­նին իշխա­նության բերե­լու՝ իրեն ուղղված մեղադրանքնե­րին, նա ասել է՝ «Ձեր համբուրած էշին մեր դռա­նը մի կապեք», ի՞նչ նկա­տի ունի պարոն Սարգսյա­նը:

– Հիմնա­կա­նում «Հայաստան» դաշինքի ներկա­յա­ցուցիչնե­րի կողմից կա կոնկրետ մեղադրանք, որ Հանրա­պե­տա­կան կուսակցությունը առանձնա­հա­տուկ քաղա­քա­կան պատասխա­նատվություն ունի Նիկոլ Փաշինյա­նին 2018 թվա­կա­նի մայի­սի 2‑ին վարչա­պետ ընտրե­լու հարցում: Եթե Հանրա­պե­տա­կան կուսակցությունը 2018-ին, խորհրդա­րա­նում քվո­րում չապա­հո­վեր, պետք է նշա­նակվեին արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ, բայց ՀՀԿ‑ն չգնաց այդ ճանա­պարհով, ու հետա­գա­յում Սերժ Սարգսյանն ասաց, թե իրենք պայմաններ են դրել Նիկոլ Փաշինյա­նի առաջ՝ քաղա­քա­կան կուրսի, արտա­քին հարա­բե­րություննե­րի՝ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը պահպա­նե­լու ու Արցա­խի հարցի վերա­բերյալ:

Այս ամե­նը, ըստ էության, հիմք հանդի­սա­ցավ այդ մեղադրանքի համար, որ Նիկոլ Փաշինյա­նը Սերժ Սարգսյա­նի իրա­վա­հա­ջորդն է եղել, քաղա­քա­կան համա­ձայնություն է եղել ՀՀԿ ղեկա­վա­րության ու Փաշինյա­նի միջև: Կողմե­րի հետա­գա գործունեությունն էլ նման քննա­դա­տություննե­րի հիմք տվեց, իսկ Սերժ Սարգսյա­նի համար ՀՀԿ հարթա­կը շատ կոմֆորտ էր արդա­րա­նա­լու համար, որովհետև այնտեղ ոչ մեկը չէր կարող նրան հակա­դարձել կամ կասկա­ծի տակ դնել ասածնե­րը: Գեղարվեստա­կան ձևով փորձեց հերքել այն քաղա­քա­կան պատասխա­նատվությունը, որը ՀՀԿ‑ն ունի այն բանի համար, որ 2018 թվա­կա­նին ոչ թե արտա­հերթ ընտրություններ եղան, այլ ՀՀԿ‑ն ապա­հո­վեց Փաշինյա­նի ընտրվե­լու համար քվո­րում:

– ՀՀԿ գերա­գույն մարմնի անդամնե­րը աննա­հանջ պայքար խոստա­ցան՝ չնա­յած բոլոր դժվա­րություննե­րին, սա կարե­լի՞ է դիտարկել 2026 թվա­կա­նի հերթա­կան ընտրություննե­րին ակտիվ մասնակցության հայտ:

– Կարծում եմ, որ դրանք հերթա­պահ հայտա­րա­րություններ են, Հայաստա­նում քաղա­քա­կան գործիչնե­րը միշտ պայքա­րի մեջ են՝ անկախ նրա­նից՝ տանն են, թե դրսում:

– Պարո՛ն Ղուկասյան, կարծում եք, որ հաջորդ տարի կայա­նա­լիք հերթա­կան ընտրություննե­րին ՀՀԿ‑ն շանսեր չունի՞:

– Հարցումնե­րը միակ հենա­րանն են, որից մենք կարող ենք հետև­ություններ անել, անցյալ տարի International Republican Institute‑ը (IRI) հարցում անցկացրեց, ու ՀՀԿ‑ն չնչին տոկոս արձա­նագրեց, իսկ նման ընտրա­կան տրա­մադրություննե­րով մեծ արդյունքներ սպա­սել անհնար է:

– Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ դուք էլ եք համա­կարծիք պնդմա­նը, որ ՀՀԿ‑ն մեծա­պես նպաստել է Նիկոլ Փաշինյա­նի իշխա­նության գալուն:

– Ես կարծում եմ, որ եթե 2018 թվա­կա­նին արտա­հերթ ընտրություն անցկացվեր, ապա քաղա­քա­կան ուժե­րի դասա­վո­րությունը բոլո­րո­վին այլ կլի­ներ: Այո՛, կարծում եմ, որ որո­շումը՝ իշխա­նությունը հանձնել Փաշինյա­նին, նպաստա­վոր եղավ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նագրի» համար, ինչն էլ մեծ ազդե­ցություն ունե­ցավ հետա­գա զարգա­ցումնե­րի վրա:

– Պարո՛ն Ղուկասյան, իսկ Քոչարյան-Սարգսյան թիմե­րի անթա­քույց մեղադրանքնե­րը միմյանց հասցեին ինչո՞վ են պայմա­նա­վորված:

– Մոտե­նում են ընտրություննե­րը, դիրքա­վորվում են բոլո­րը, իսկ նրանց ընտրա­զանգվա­ծը գրե­թե նույնն է, ու իրենք մրցակցում են այդ ձայնե­րի համար, այդ առումով պետք է դրսև­ո­րեն մրցակցա­յին կեցվածք, ինչն էլ տեսնում ենք:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ