Հայաստան

Պուտին-Ալիև Գործարքի Գինը

Փաստ է, որ 1998-2018 թվականներին ոչ թե Հայաստանն է գործնական-ռազամավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, այլ՝ Ադրբեջանը: Երկու տասնամյակի ընթացքում Ռուսաստանը եւ Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների մասին երեք հռչակագիր են ստորագրել՝ 2001, 2008 եւ 2022 թվականներին:

Վահրամ Աթանեսյան

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է
«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է
Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ, ապա ու՞մ էր պետք 1991թվականին ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեն մերժելը: Կմասնակցեր Հայաստանն այդ տարվա մարտի 17-ի հանրաքվեին, երեւաներեն ասած՝ «կսթրվեր» տեղում եւ չէր ստանա «Կոլցո» օպերացիա, որի ընթացքում գրեթե այնքան տարածք հայազրկվեց (Գետաշեն, Շահումյանի մի հատվածը, ԼՂԻՄ-ից՝ քսանչորս գյուղ), որքան՝ քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում: Չգիտեմ՝ քաղաքականության մասին ով ինչ պատկերացում եւ պատմա-քաղաքագիտական պատրաստվածություն ունի, բայց կույր պետք է լինել, որպեսզի չդիտարկի օրինաչափությունը. Լեռնային Ղարաբաղի՝ Գետաշենը եւ Շահումյանը ներառյալ, հայազերծման նախագիծը մշակվել է Մոսկվայում՝ 1991թ. մարտի 15-ին կայացած՝ Գորբաչով-Թուրգութ Օզալ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

Ծրագիրը ձախողվել է նույն տարվա օգոստոսի 19-ին պետական հեղաշրջման փորձի տապալման պատճառով: 1991թ. նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը լուծարել է ԼՂԻՄ-ը, ընդունել հայ բնակչության բռնատեղահանության մասին գաղտնի որոշում: Ղարաբաղյան առաջին պատերազմը վիժեցրել է այդ ծրագրի իրականացումը: Քառասունչորսօրյա պատերազմը ոչ թե տարածք գրավելու, այլ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչությունը բռնատեղահանելու համար էր: Եւ այդ նպատակին Բաքուն երբեք չէր հասնի, եթե Ռուսաստանը դա չցանկանար: Կարելի է «ինքնախարազանման տեսարաններ բեմադրել» եւ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն «սորոսական», այլեւ Թուրքիայի «գործակալ» անվանել, փաստ է, որ 1998-2018 թվականներին ոչ թե Հայաստանն է գործնական-ռազամավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, այլ՝ Ադրբեջանը: Երկու տասնամյակի ընթացքում Ռուսաստանը եւ Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների մասին երեք հռչակագիր են ստորագրել՝ 2001, 2008 եւ 2022 թվականներին:

Դրանք խոսուն տարեթվեր են. առաջինը նշանավորում է Չեչնիայի դեմ Վլադիմիր Պուտինի հաղթանակը, երկրորդը՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, որի արդյունքում Մոսկվան ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Երրորդն ստորագրվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից երկու օր առաջ: Ընդ որում, երեք հռչակագրերը ոչ միայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների, այլեւ Կովկասում Մոսկվա-Բաքու աշխարհաքաղաքական դաշնակցության մասին են: Ավելի պարզ ասած՝ խորքով հակահայկական են, ուղղված են Հայաստանի պետական ինքնության դեմ:

Այդ երկու տասնամյակի ընթացքում, լիովին գտնվելով Ռուսաստանի «ֆորպոստի» կարգավիճակում, Հայաստանը կես քայլ անգամ խաղաղությանը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը չի մոտեցել, այլ «մղոններով» հեռացել է, կանգնել պատերազմի առարկայական սպառնալիքի կամ «նվաստացման» եւ «արժանապատվության» միջեւ էքզիստենցիալ ընտրության առաջ: Ըստ էության, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել:

Ավարայրի ճակատամարտն էլ «նվաստ գոյության» եւ «արժանապատիվ մահվան» ընտրություն էր: Պարադոքս է, որ երկու տասնամյակ «նվաստ խաղաղությունը» մերժած ուժերն այսօր Հայաստանի արժանապատիվ ռենեսանսի հնարավորությունը մերժում են: Իսկ գուցե 1991 թվականի կանխածրագիրը ոչ այնքան եւ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Կովկասում հայ քաղաքական ինքնության չեղարկման կամ «նվաստագույն գոյության երաշխիքների՞» մասին էր:

Այսօր խոսում են «ԽՍՀՄ-2» կամ «Մեծ Եվրասիա» մոսկովյան կանխածրագրի մասին: Ուկրաինայում պատերազմն, ինչպես երեւաներեն են ասում՝ «այդ մասին է»: Բայց Պուտինի «կապույտ երազանքն» իրականություն չի դառնա, եթե Ադրբեջանը չմիանա նրան: Հայ-ադրբեջանական պայմանագիրը չի ստորագրվում: Ինչու՞: «Որովհետեւ Փաշինյանը լա՞վ չի բանակցում»: Ոչ: Որովհետեւ Իլհամ Ալիեւը «մարաղ մտած»՝ սպասում է Ադրբեջանի հնարավորությանը: «ԽՍՀՄ-2»-ին միանալու համար նա Մոսկվայից գին է ակնկալում: «Գործարքի առարկան» Հայաստանն է, նրա ինքնիշխանությունը, Կովկասում հայ քաղաքական ինքնությունը: Մոսկվան պատրաստ է վճարել, բայց ինչպե՞ս: Սկիզբը դրված է՝ Հայաստանի պետական-քաղաքական համակարգի դեգրադացում: Կարո՞ղ ենք կանխել: Պատասխանը պետք է իշխանությունը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տան:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *