Օրը նաև կարող է նշանավորվել տնտեսական ու ռազմական, արդյունաբերական կամ արտաքին քաղաքականության կամ որևէ այլ ոլորտում ունեցած հաջողության դրսևորումով։
Արայիկ Մկրտումյան
Ցեղասպանությունը և դրա ոգեկոչումը նոր որակական մակարդակի կարիք ունի։ Առհասարակ, որպես ժողովուրդ և որպես պետություն, մենք, ժամանակն է, որ փոքր ինչ լրջանանք թե՜ մեր հպարտությունը ու թե՜ ցավը հասկանալու և արժևորելու առումով։ Հատկապես 44֊օրյա պատերազմից և Արցախի վերջնական անկումից հետո մենք առավել խորաթափանց ու հասկացող պիտի լինենք։
Առաջինը, որ պետք է հասկանանք, այն է, որ Ցեղասպանության հիշատակի հետ կապված, մենք այլևս չենք կարող շարունակել նույն կերպ և հուսալ, որ դա որևէ հետևանքը է հանգեցնում։
Մենք այլևս չենք կարող բավարարվել ավանդական ջահերի երթով ու Թուրքիայի և Ադրբեջանի դրոշ այրելով։ Ժամանակները փոխվում են ու մենք ևս պետք է կարողանանք մեր մեծագույն ցավը ամեն տարի իմաստավորել լուրջ ու համապետական սկզբունքով։ Դրոշի այրումը և ջահերի երթի կուսակցականացումը ոչ միայն լիովին չեն արտահայտում և արտացոլում ողբերգության ողջ էությունը, այլև, հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական խայտառակ մակարդակը, հընթացս վերածվում են հակաիշխանական կոչերի։ Տպավորություն է ստեղծվում, որ Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը միայն մեկ կուսակցության կամ խմբի մենաշնորհ է։
Ամենից առաջ հարկավոր է ապրիլի 24֊ը դարձնել նախապես պատրաստված, շատ լուրջ մի օր, որը ոչ թե աչքի կընկնի պարզամիտ գոռգոռոցներով, ճարպիկ ծաղկավաճառների “փող աշխատելու” մոտեցումով, պարզապես ողբով, այլ ողջ հասարակությանն ընդգրկող միջոցառումներին և դրանց նշանակությունն ընդգծող էությամբ։
Վատ չէր լինի ունենալ Ցեղասպանության և դրա կանխարգելման մասին օրենք կամ նման ինչ որ բան(իրավաբաններն ավելի լավ ձևակերպում կտան), որով ՀՀ֊ը նախ և առաջ ողջ աշխարհին կներկայանա որպես ցեղասպանություն տեսած և վերապրած ժողովրդի պետություն, որը աշխարհում հանդիսանում է այդ եղկելի երևույթի դեմ պայքարող ինստիտուտ, որն այդ ամենը դրել է գիտական հիմքերի վրա։
Արգելել այդ օրը ցանկացած տեսակի ժամանցային միջոցառում, որը կշեղվի օրվա խորհրդից(բացառությամբ ծննդյան տոները, որոնք կարող են դառնալ իր տեսակի վերածննդի հոմանիշ)։ Արգելել խաղատների(օնլայն և օֆլայն), գիշերային ակումբների և համանման այլ օբյեկտների աշխատանքն այդ օրը։ Իհարկե հարկավոր է հասկանալ, որ պարզապես արգելքը չի աշխատելու, իմաստ չի ունենալու, որովհետև ժողովուրդն ինքը պետք է հավատա ու հասկանա այդ ամենը։
Այդ օրը հարկավոր է ոչ միայն հեռուստատեսությամբ ու ռադիոյով, այլև ցուցապաստառներով, գովազդային վահանակներով և այլ հնարավոր ձևերով, անհատական sms-ներով բոլոր մարդկանց փոխանցել օրվա խորհուրդը։ Չանել ոչ մի ապրանքի ու ծառայության գովազդ, հայտարարել լռության րոպե, երբ ողջ Հանրապետությունը մեկ րոպեով կանշարժանա, ոչ ոք չի բղավի, ոչ ոք չի գոռա։
Ողջ օրը պետք է անցնի համապատասխան գիտաժողովներով և կոնֆերանսներով։ Երեկոյան պետք է ամփոփվեն գիտաժողովները, ներկայացվեն ողջ տարին արված հետազոտությունները, զեկուցումները։
Ամեն մարդ այդ օրը պետք է հասկանա, որ իրավունք չունի որևէ քաղաքական գործունեության, հայտարարության, երկպառակություն ցանող ցանկացած գործողության կամ կոչի։
Ցանկալի կլինի նաև երթ, որը կգլխավորեն վարչապետն ու կաթողիկոսը։ Ոտքով։ Իսկ նրանց հետևից քայլի ողջ ժողովուրդը` լուռ ու մտածկոտ։ Այդ օրը չկա և չի կարող լինել իմ և քո, չի կարող լինեն որևէ քաղաքական անհամաձայնություն, չի կարող լինել որևէ տեսակի թշնամություն։
Օրը կարող է նշանավորվել նաև հանրապետության խոցելի խավերի տրվող որևէ աջակցությամբ, պետության կողմից խրախուսող բարեգործությամբ, որևէ մի բանով, որը կնպաստի գեթ մեկ հայի վիճակը թեթևացնելու, նրա արցունքը սրբելու։
Օրը նաև կարող է նշանավորվել տնտեսական ու ռազմական, արդյունաբերական կամ արտաքին քաղաքականության կամ որևէ այլ ոլորտում ունեցած հաջողության դրսևորումով։
Մի խոսքով, օրը պետք է համապատասխանի իր խորհրդին։ Օրվա միջոցառումները պետք է կրեն ոգեկոչման ու պայքարելու, ապրելու կամքի ու ցանկության մասին։ Ոչ թե պարզապես թատրոնհայհոյանքներ ու սեփական քաղաքական ամբիցիաները առաջ քաշելու համար։ Այս օրը պետք է ամեն հայ որևէ մեկ բան տա ու բերի հանուն Հայաստանի Հանրապետության։ Մենք սրանով կապացուցենք ոչ միայն մեր հարգանքը` զոհերի հիշատակի հանդեպ, այլև նման բան թույլ չտալու մեր վճռականությունը ու ապրելու կամքը։
Հակառակ դեպքում, մնացած ամեն ինչը դառնում է ընդամենը սովորույթի ուժով գոյություն ունեցող ինչ որ բան, ոչ ավել։
Կարո՞ղ ենք մենք լրջանալ, թե՞ մեզ իմիտացիան ավելի է դուր գալիս։
