Հայաստան

Վրանապետության Արցախյան Գաղտնապահությունը

Ստացվում է, որ գաղտնիք չհրապարակելու «երդում տված» հազարավոր բռնատեղահանվածներ կամա, թե ակամա, բայց հաստատ նպաստում են, որ ամեն ինչ մոռացության տրվի, ոչինչ չբացահայտվի:

Վահրամ Աթանեսյան

Ընտրովի ճշմարտության սպառնալիքը
Ընտրովի ճշմարտության սպառնալիքը
«Արցախը փոքր է, բոլորն իրար ճանաչում են: Մարդիկ մեկ առ մեկ գիտեն շրջանային եւ վերադաս պաշտոնյաներին, որ զբաղված են եղել սեփական խնդիրների լուծմամբ, յուրացրել են թե սեփական, թե Հայաստանից տրված գումարները, իրենց համար Երեւանում բնակարաններ գնել, ձեռնարկատիրություն սկսել: Դրանք հայտնի փաստեր են, բայց անձամբ ես չեմ պատրաստվում այս իշխանությանը եւ նրա համակիրներին որեւէ տեղեկություն հայտնել, որպեսզի Արցախի դեմ նրանց քարոզչությանը չօգնեմ: Բացահայտումների ժամանակը կգա, երբ այս իշխանությունը հեռացված կլինի»,- ֆեյսբուքում գրում է Արցախից բռնատեղահանված օգտատերը:

Նա, որքանով հասկացվում է գրառումներից, Արցախում ուսուցիչ է աշխատել, երիտասարդ տղամարդ է: Հաստատվել է մարզկենտրոն մի քաղաքում, ապրուստի միջոցներ վաստակում է որպես տաքսու վարորդ, ավտոմեքենան, ամենայն հավանականությամբ, սեփական է: Նա, ըստ էության, կրկնում է Ազատության հրապարակի «արցախյան վրանի» քարոզչությունը, որ օրերս բռնատեղահանված մեկ այլ երիտասարդ տղամարդ է ձեւակերպել. «Մեր թիրախը Նիկոլն է, եւ ով պայքարի ուղղությունը շեղում է դեպի Արցախի նախկին եւ ներկա ղեկավարություն, սպասարկում է Նիկոլի շահերը»:

Ի՞նչ է ստացվում: Փաստացի բռնատեղահանվածները գիտեն, որ իրենց համայնքապետը, շրջանի վարչակազմի ղեկավարը, Արցախի նախագահը, պետական նախարարը, կառավարության անդամները, վարչության պետերը, կոմիտեի նախագահները, ուժայինները, ՊԲ հրամանատարությունը «մինչեւ ականջները» կոռուպցիոներ են, վերջին «կոպեկն» էլ յուրացրել են, բայց այդ մասին ոչինչ չեն ասում եւ չեն ասի, քանի որ չեն ուզում Հայաստանի իշխանություններին եւ նրա համակիրներին (իրականում՝ Հայաստանի քաղաքացուն), արցախցիներին քննադատելու առիթ եւ հնարավորություն տալ:

Ընդ որում, առաջին գրառման հեղինակը չի զլանում պարբերաբար «փաստեր» վկայակոչել, թե ինչպես են ուղեւորները «վատ նայում», երբ իմանում են, որ ինքը բռնատեղահանված արցախցի է, իսկ մյուսն օրնիբուն դժգոհում է, որ պատկան մարմինները չեն զբաղվում արցախցի մարզիկներով, նրանց կարիերայի համար բավարար պայմաններ չեն ստեղծում:

«Ոչինչ չենք ասի այս իշխանություններին, մեղավորներին պատասխանատվության կենթարկենք իշխանափոխությունից հետո» նարատիվը չափազանց վտանգավոր է երկու առումով: Նախ, վկայում է, որ մարդիկ հայաստանյան միջավայրն ու մարդկանց օտար են համարում, որ չպետք է իմանան արցախյան գաղտնիքները: Երկրորդ, մարդիկ պետք է հասկանան, որ Հայաստանում իշխանափոխության են ձգտում հենց նրանք, ում ձեռնտու չէ, որ արցախյան գաղտնիքները բացվեն:

Ստացվում է, որ գաղտնիք չհրապարակելու «երդում տված» հազարավոր բռնատեղահանվածներ կամա, թե ակամա, բայց հաստատ նպաստում են, որ ամեն ինչ մոռացության տրվի, ոչինչ չբացահայտվի: Կամ էլ իշխանափոխությունից հետո ամեն ինչ բարդվի Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական պատգամավորների եւ նրանց համակիրների վրա: Այսինքն, Արցախի նախկին եւ ներկա վերնախավը դարձյալ «ջրից չոր դուրս գա»:

Այս մտայնությամբ առաջնորդվող անհատը, խմբերը, ուժերն ինչպե՞ս են պատկերացնում հայաստանյան կյանքին բռնատեղահանվածների ինտեգրացիան, եթե պարզորոշ քարոզում են, որ «Արցախի մասին հայաստանաբնակ հային ոչինչ չի կարելի ասել, որպեսզի «բերաններում լեզու չդնենք», մեզ քննադատելու հնարավորություն տանք»:

Սա պարզ «խոստովանական ցուցմունք» է: «Այո, այն, ինչ ասում են մեր մասին իրականում եղել է, բայց նրանք դա ասելու իրավունք չունեն»,- սա է Ազատության հրապարակի «վրանապետության» քարոզչությունը: Եւ պատահական չէ, որ «վրանը» թշնամի է հռչակել նրանց, ովքեր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից բացատրություն են պահանջում, թե ի՞նչ փուլում է կոռուպցիայի բացահայտման գործը:

Արտառոց է, ոչ օրինաչափ, բայց իրականությունը սա է, գործ ունենք կես-ճշմարտության հետ, որ ավելի վտանգավոր է, քան՝ բացահայտ սուտը, քանի որ այն հերքման ենթակա է, կես-ճշմարտությունը՝ ոչ, որովհետեւ դրան հավատացողներ կան: Ցավոք՝ նաեւ բռնատեղահանված մտավորականների շրջանում: Այդպես էր նաեւ Ստեփանակերտում. անհատական շփումներում գրեթե բոլորն էին ասում, որ շրջափակված Արցախը պատերազմի պատրաստ չէ, բայց կոլեկտիվ քարոզում էին «նոր Սարդարապատ»: Հիմա էլ ասում են, որ Սարադարապատը հաղթել, Հայաստանը փրկել են «ղարաբաղցի մահապարտները»: Եւ երբ «նրանք» իշխանության լինեն, կարելի է բացահայտել արցախյան գաղտնիքները:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *