Մաս 55
Ո՞վ էր «բոլշեւիկյան էքսպրոպրիացիան» շրջափակված Արցախում կիրառելու գաղափարի հեղինակը, ի՞նչ հաշվարկով էր պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը նման քայլի դիմել՝ մնում է ենթադրել, բայց փաստ է, որ հանրությունը, մեղմ ասած, տարակուսանքի մեջ էր:
Վահրամ Աթանեսյան
Պետական նախարարի պաշտոնում ներկայացնելով Գուրգեն Ներսիսյանին, Արայիկ Հարությունյանն «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, բայց եւ հավելեց, թե դա չի նշանակում, որ ենթակառուցվածքների, կենսապահովման եւ այլ հարցերում շփումներ չեն լինելու: Պետական նախարարի համակարգման ենթակա ոլորտներից հանելով արտաքին քաղաքականությունը, նա փաստացի Ադրբեջանի հետ հնարավոր երկխոսության պատասխանատվությունը վերցրեց իր վրա:
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը ներկայացրել էր միջազգային մեխանիզմների շրջանակում Ադրբեջանի հետ բանակցությունների նախապայման. դրանք չեն կարող հակասել Արցախի ինքնորոշման իրավունքին: Բարդ է ասել, թե այդ հայտարարությունը ներքին լսարանի՞ համար էր, թե իրականում հասցեագրված էր Բաքվին:Պետք է հաշվի առնել, որ պետական նախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի հեռացումը Հայաստանի ընդդիմության եւ Արցախի քաղաքական շրջանակների կողմից գնահատվել էր իբրեւ Իլհամ Ալիեւի «պահանջի կատարում», եւ Արցախի նախագահը նման չափազանց զգայուն իրավիճակում, հավանաբար, փորձում էր գործընթացները կառավարելի պահել:
Այդ դիրքորոշումը, գուցե, հաջողություն ունենար եւ նա կարողանար «հավասարակշռել» արտաքին մարտահրավերները, եթե «Գուրգեն Ներսիսյանի կառավարություն»ը չգնար ներքին տարաձայնություններ հարուցող քայլի.Գյուղի, գյուղատնտեսության աջակցության եւ Ներդրումային հիմնադրամներին նա հանձնարարեց երկամսյա ժամկետում լուծել ժամկետանց վարկերի եւ փոխառությունների հետ կապված հարցերը:
Հազարավոր ընտանիքներ, որ քառաունչորսօրյա պատերազմից առաջ մի քանի միլիոն դրամի վարկ կամ փոխառություն էին ստացել, որպեսզի անհատական ձեռնարկատիրությամբ զբաղվեն կամ վերանորոգեն տները կամ բնակարանները, հիմնադրամներից սպառնալի բովանդակությամբ ծանուցում ստացան, որ պարտավորությունները չմարելու դեպքում կառավարությունը գրավի առարկա գույքը բռնագրավելու հայցով կդիմի դատարան:
Ո՞վ էր «բոլշեւիկյան էքսպրոպրիացիան» շրջափակված Արցախում կիրառելու գաղափարի հեղինակը, ի՞նչ հաշվարկով էր պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը նման քայլի դիմել՝ մնում է ենթադրել, բայց փաստ է, որ հանրությունը, մեղմ ասած, տարակուսանքի մեջ էր: Մանավանդ որ կառավարությունը, չնայած նախորդների հասցեին քննադատությանը եւ տված խոստումներին, այդպես էլ չէր կարողանում կամ չէր ցանկանում կարգավորել անգամ առաջին անհրաժեշտության պարենամթերքների եւ հիգիենիկ պարագաների քարտային բաշխումը:
2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Ստեփանակերտում սոցիալական իրավիճակն արդեն ճգնաժամային էր: Պարենային ապրանքների վաճառքն իրականացվում էր հիմնականում «սեւ շուկայի» սկզբունքով, իսկ գներն օր-օրի հասնում էին աստղաբաշխական թվերի: Չէր գործում քաղաքային տրանսպորտը, գրեթե խզված էր շրջանների հետ կապը, չկար գազ, էլեկտրականությունը մատակարարվում էր հովհարային անջատումներով:
Իրավիճակն ավելի սրվեց, երբ Գուրգեն Ներսիսյանը «բոլշեւիկյան էքսպրոպրիացիան» փորձեց կիրառել մի քանի տնտեսվաորղների նկատմամբ, որ, ենթադրաբար, ռուսական զորախմբի հրամանատարության հետ կապերի շնորհիվ կարողանում էր Հայաստանից պարենամթերք ներկրել: Առաջին հայացքից այդ քայլերը թողնում էին սոցիալական հավասարության համար պայքարի տպավորություն, բայց զուգահեռաբար տեղեկություններ հայտնվեցին, որ պետական նախարարն ինքն է «ձգտում գլխավորել այդ եկամտաբեր բիզնեսը, եւ պահեստներում անցկացված ստուգումները միայն մրցակիցներին չեզոքացնելու նպատակ ունեն»:
Այս ամիսներին հանրությունը երկրորդ շոկն ապրեց, երբ հայտնի դարձավ, որ տասնյակ նախկին եւ գործող պաշտոնյաներ իրենց բնակարանները շուկայականից բարձր գներով վաճառել են պետությանը: Տեղեկություններ տարածվեցին, որ նախկին բարձրաստիճան պաշտոնայները եւ զինվորականները կառավարության հետ գործարքի մեջ են՝ իրենց ռեստորանային եւ հյուրանոցային օբյեկտները նույնպես վաճառելու համար: Այդ լուրերը, որքան էլ որոշ դեպքերում չափազանցված, հիմնականում իրական էին եւ, բնականաբար, հանրությանը մատնում էին ծանր ապրումների, ներարկում անհուսություն, անելանելիություն եւ ներարկում վաղ թե ուշ հայրենիքը հարկադրաբար լքելու անխուսափելիություն: Իրավիճա՞կն էր բարոյական ավերումների պաճառը, թե՞ դա նախընթաց շրջանի արժեզրկումների հետեւանք էր: Պետք էփորձել այս հարցի պատասխանը գտնել:
(Շարունակելի)
