Հայաստան

Վերադարձ ՀՅԴ Կառավարության Խելամտության

Մենք թուրքերի հետ մի քանի հարյուր կիլոմետրանոց սահման ունենք ու չենք կարող դա պարզապես նկատելու չտալ։ Եթե մենք ցանկանում ենք իրապես արժևորել մեզ հետ կատարված ողբերգությունը, մենք ոչ թե պիտի անընդմեջ սարսափազդու տեսարաններ ներկայացնենք ու մնան այդ մասշտաբում, այլ կարողանանք կայանալ որպես հասարակություն ու ժողովուրդ և հասկանալ, որ Ցեղասպանության տեսարանների նկարագրությունը չպիտի լինի ապրելու սկզբունք, այլ Ցեղասօանությունը պիտի մնա պետության դիվանագիտական ու քաղաքական գործիք, որը պիտի կիրառվի ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության, ոչ թե մնա միջազգային շփումների միակ գործիք։

Հակոբ Մովսես

Պետրոս Ղազարյանը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հայոց Ցեղասպանության հոգեբանական ազդեցության, պատմական ցավում արգելափակված լինելու, ինչպես նաև այդ ցավը հաղթահարելու կենսական անհրաժեշտության մասին։

Հակոբ Մովսեսը նշեց, որ մենք մեր պետության քաղաքական կոորդինատորները չենք պատկերացնում։ Մեզ մոտ ազգայինը, պետականն ու պատմականը խառնված են իրար, չունենք պատկերացում, թե ինչը երբ և որտեղ պիտի արվի։ Ցեղասպանության ողբերգությունը մեզ պարփակել է ցավի մի շրջանակում, որը թույլ չի տալիս դրանից դուրս գալ, ապրել։ Առհասարակ, ինչպես նկատեց Հակոբ Մովսեսը, մեզանում ոչ միան Ցեղասպանության իրագործման պատճառների ու հետևանքների մասին, այլև հենց բուն Ցեղասպանության հետ կապված լուրջ աշխատանքներ գրեթե չկան։ Թարգմանիչը երկու գործ հիշատակեց, որ արժանի են ուշադրության՝ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» և Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները» աշխատությունները։ Բայց այդ գրքերը լուրջ ուշադրության չեն արժանացել հայեր կողմից։ Գուրգեն Մահարուն այդ գրքի համար դավաճան հռչակեցին և բառի բուն իմաստով կեղտը տարան և դույլով շփեցին նրա դռանը, իսկ Վերֆելի գործը այդքան չկարևորվեց հավանաբար այն պատճառով, որ այն կենտրոնացած էր բովանդակության էության վրա, ոչ թե պարզապես նկարագրությունների, ու «Մուսա լեռան 40 օրը» գրքում բռնաբարության տեսարաններն այդքան շատ չեն, որքան որ պատահում են այլ գործերում ու որքան, որ մենք ցանկանում ենք տեսնել։ Դա հենց այդ հոգեբանական ցավի փակ շրջանն է, որը մեզ թույլ չի տալիս տեսնել մեր շուրջը տեղի ունեցող իրականությունը և մեզ պահում է աչքերը փակ վիճակում։

Հակոբ Մովսեսը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ, երբ երկու թուրք էին հատել հայ-թուրքական սահմանը, Ախուրյանի շրջանի մի շարք բնակավայրերի բնակիչներ նշել էին, որ ողջ գիշեր քնել չեն կարողացել։ Ինչո՞ւ, ինչո՞ւ չեն քնել, պետություն չունե՞նք, բանակ չունե՞նք, անպաշտպա՞ն ենք։ Ո՛չ, չեն քնել, որովհետև մեր մեջ դեռևս կենսունակ է անցյալ դարասկզբում հաստատված թուրքի կերպարը, ու դա թույլ չի տալիս մեզ լեզու գտնել նույն թուրքերի հետ։ Լեզու գտնել, չի նշանակում բարեկամանալ կամ եղբայրանալ, այլ շփվել, դուրս գալ սպանվողի ու բռնաբարվողի հոգեվիճակից ու նույն թուրքերին էլ ցույց տալ, որ հայերը պետություն ունեն և կարող են պահպանել պետական շփման լրջությունը։ Մենք թուրքերի հետ մի քանի հարյուր կիլոմետրանոց սահման ունենք ու չենք կարող դա պարզապես չնկատելու տալ։ Եթե մենք ցանկանում ենք իրապես արժևորել մեզ հետ կատարված ողբերգությունը, մենք ոչ թե պիտի անընդմեջ սարսափազդու տեսարաններ ներկայացնենք ու մնանք այդ մասշտաբում, այլ կարողանանք կայանալ որպես հասարակություն ու ժողովուրդ և հասկանալ, որ Ցեղասպանության տեսարանների նկարագրությունը չպիտի լինի ապրելու սկզբունք, այլ Ցեղասպանությունը պիտի մնա պետության դիվանագիտական ու քաղաքական գործիք, որը պիտի կիրառվի ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության, ոչ թե մնա միջազգային շփումների միակ գործիք, որ Հայաստանը նույնիսկ Կուալա-Լումպուրի որևէ ցեղապետի հետ իր շփում-ծանոթությունը սկսի որպես ցեղասպանված պետություն։ Այդ առումով Հակոբ Մովսեսը հիշատակեց Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու նրա գործիչներին՝ հիշեցնելով, թե որքան հեռատես և ռացիոնալ էին նրանք նայում ամեն ինչին, չնայած նրան, որ Ցեղասպանությունը ընդամենը երեք տարի առաջ էր իր թափը դադարեցրել։ Առաջին Հանրապետության առաջնորդները, ինչպես օրինակ Հովհաննես Քաջազնունին, իրենց մեջ խիզախություն ունեցան թուրքերի հետ խոսելու, նրանց աչքերի մեջ ուղիղ նայելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, քանի որ նրանք ոչ թե պարզապես ամբոխ էին ներկայացնում, այլ արդեն պետություն։ Եվ այդ պետությունը լուրջ էր մոտենում իր առջև դրված նպատակներին։ Մենք այսօր պետք է վերադառնանք դաշնակցական կառավարության այդ խելամտությանն ու սթափությանը։

Մենք անընդհատ ու անընդմեջ Ցեղասպանությունը շարունակում ենք ներկայացնել որպես հայ ժողովրդի խաչելություն, որ մեզ թուրքերը խաչել են այնպես, ինչպես իր ժամանակին խաչվեց մեր տեր Հիսուս Քրիստոսը, բայց մենք մոռանում ենք ամենակարևորի մասին, իսկ դա այն է, որ Քրիստոսը խաչվելուց հետո հարություն առավ, նա մեռած չմնաց, այլ նորից ապրեց։ Ընդ որում Քրիստոսի խաչվելը ևս ուներ իր նպատակները՝ ինքնազոհողության գնալու իր աստվածային ցանկությունը՝ բոլորի մեղքերը քավելու պատրաստակամությամբ։ Երբ մենք խոսում ենք հայ ժողովրդի խաչվելու՝ Ցեղասպանության մասին, երբ տանում ենք այդ նույնացումները, ապա պիտի հասկանանք մեզ հետ տեղի ունեցած ողբերգության պատճառները։ Սա նշանակում է նորից հասկանալ, ոչ թե ուրանալ կամ մերժել։ Հարկավոր է հասկանալ նաև, որ խաչվելն անիմաստ է, եթե դրան չի հաջորդում Հարությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

https://www.youtube.com/live/62_pUJLnvlo
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *