Մաս 56
Ի լրումն, շրջանառվեց «հավաստի տեղեկություն», որ Ադրբեջանն Աղդամի մոտ «համակենտրոնացման ճամբար է կառուցում, որտեղ պիտի արգելափակի բոլոր զինվորականներին»:
Վահրամ Աթանեսյան
2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանին՝ Հակարիի կամրջին, հսկիչ անցակետ է տեղադրում, կատարվեց պետական դրոշի տեղադրման արարողություն: Ռուսական զորախմբի հենակետը, որ մինչ այդ գործում էր հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում, տեղափոխվեց Հակարի գետից արեւելք: Դա հստակ ազդակ էր, որ Լաչինի միջանցքի վերահսկողությունը թողնվում է Ադրբեջանի իրավասությանը, թեեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթով առնվազն 5 տարի այդ իրավասությունը տրված էր Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերին:
Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հաղորդակցությունը փաստացի դադարեց: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտից Երեւան մարդկանց տեղաշարժն այդուհետեւ իրականացվում էր միայն Կարմիր խաչի միջնորդությամբ: Ընդ որում, միջազգային կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակը պարտավոր էր հիվանդների ցուցակը նախապես ներկայացնել Ադրբեջանի պատկան մարմիններին:
Այդ հանգամանքն Ստեփանակերտում անառողջ ասեկոսեների տեղիք տվեց: Քաղաքական եւ հանրային մի շարք գործիչներ հրապարակային կասկածներ հայտնեցին, որ Ադրբեջանն «ստանում է առաջին եւ քառասունչորսօրյա պատերազմի հրամանատարների եւ հերոսաբար կռվածների մասին տեղեկություններ եւ պատրաստվում է նրանց ձերբակալել»:
Ի լրումն, շրջանառվեց «հավաստի տեղեկություն», որ Ադրբեջանն Աղդամի մոտ «համակենտրոնացման ճամբար է կառուցում, որտեղ պիտի արգելափակի բոլոր զինվորականներին»:
Չնայած իշխանությունների եւ հատկապես պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարություններին, Ստեփանակերտում պարենային ճգնաժամի հաղթահարման ոչ մի իրական քայլեր այդպես էլ չձեռնարկվեցին: Այդ շրջանում արձանագրվեց արտառոց երեւույթ. կազմակերպվում էին հարսանյաց արարողություններ, որ տեսանկարահանվում եւ նյութերը տեղադրվում էին համացանցում: Այդ տեսագրությունները եւ լուսանկարներն ուղեկցվում էին «Արցախն ապրում է, արցախցու կամքն անկոտրում է» քարոզչական գրառումներով:
Իրականում, սակայն, հանրության շրջանում ամենասուր հարցը շրջափակումից ելքի փնտրտուքն էր, որ իրականացվում էր երկու ուղղությամբ՝ Կարմիր խաչի գրասենյակի եւ ռուսական զորախմբի հրամանատարության եւ Արցախի կառավարության համատեղ ստեղծած «մարդասիրական գրասենյակի» ուղղությամբ: Ռուսական կողմը, մինչդեռ, խնդիրը ներկայացնում էր այնպես, որ «իրականացնում է ՌԴ քաղաքացիների տարհանում»:
Որեւէ տեղեկություն չկա, թե այդ ամիսներին Արցախից ՌԴ քանի՞ քաղաքացի եւ նրա հետ փոխկապակցված անձ է հատել Հակարիի անցակետը: Հանրության շրջանում իշխող կարծիքն այն է, որ «ռուսները խոշոր գումարների դիմաց հազարավոր մարդկանց տեղափոխել են Գորիս»: Որքանո՞վ են հավաստի այդ լուրերը՝ հնարավոր չէ պարզել: Ստեփանակերտի շատ բնակիչներ, սակայն, կարող են թվարկել հարեւանների եւ ծանոթների անուններ, որ այդ ամիսներին կարողացել են հատել Հակարիի անցակետը եւ նույնիսկ անձնական գույքը տեղափոխել Երեւան, Հայաստանի այլ քաղաքներ:
Արցախի իշխանությունները կարո՞ղ էին կանխել այդ ստվերային արտագաղթը: Անշուշտ: Ինչու՞ ոչ միայն չեն կանխել, այլեւ որոշակի իմաստով խթանել, խրախուսել կամ առնվազն նպաստել են: Արցախի պետական գոյության վերջին ամիսների առայժմ չքննարկվող գաղտնիքներից մեկն էլ դա է:
(Շարունակելի)
