Նրա տեղեկություններով, Ադրբեջանը պահանջել է, որ հանձնվեն նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:
Վահրամ Աթանեսյան
Լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են Ազատության հրապարակի վրա Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի այցին: Ընդհանուր գնահատկան է տրվել նրա հայտարարությունը, որ լիովին կիսում է ակցիայի նախաձեռնողների բոլոր պահանջները: Իսկ դրանք ոչ միայն սոցիալական եւ իրավական, այլեւ քաղաքական են: Պետք է սպասել, որ Սամվել Շահրամանյանը մոտ ապագայում ավելի հանգամանալի կներկայացնի իր դիրքորոշումը:
Բայց մի հարցի վերաբերյալ նրա մեկնաբանության կարիքն արդեն իսկ կա: Ինչպես oragir news-ին ասել է Արցախի նախկին պաշտոնյաներից մեկը, Սամվել Շահրամանյանի ամեն ելույթ «նոր գաղտնիքներ է բացահայտում»: Ըստ այդմ, Արցախի նախագահն ասել է, որ ադրբեջանցիները պահանջել են «լուծարել ԱՀ օրենսդիր մարմինը, բայց հաջողվել է խուսափել այդ կործանարար պահանջից»:
Թե ինչպես է «հաջողվել խուսափել այդ պահանջից», եթե ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման հրամանագիրը՝ մնում է հանելուկ: Բայց դա չէ ամենաէականը: Արցախի նախկին պաշտոնյան, հղում անելով Սամվել Շահրամանյանին, ասում է, որ խաղաղ բնակչության տարհանման դիմաց ադրբեջանցիները ներկայացրել են ցուցակ եւ պահանջել, որ այնտեղ ընդգրկված անձինք հանձնվեն:
Այդ մասին վերջերս «Ալիքմեդիայում» հրապարակում է արել Թաթուլ Հակոբյանը: Նրա տեղեկություններով, Ադրբեջանը պահանջել է, որ հանձնվեն նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:
Սամվել Շահրամանյանի ելույթից «նոր գաղտնիքներ» իմացած արցախցի նախկին պաշտոնյան, սակայն, համոզված է, որ ադրբեջանցիների ներկայացրած ցուցակի համահեղինակը Նիկոլ Փաշինյանն է, քանի որ այնտեղ «բացակայել են Արցախյան գոյամարտի եւ պատերազմների, մանավանդ առաջին պատերազմի հերոսները եւ հրամանատարները եւ պետական որոշ կարկառուն գործիչներ»:
Ո՞րն է այս «համոզմունքի» տրամաբանությունը, Արցախի նախկին պաշտոնյան ի՞նչ է ակնարկում: Ըստ երեւույթին, ուզում է ասել, որ Բաքու են տարվել «հականիկոլականները», իսկ ովքեր Ստեփանակերտում «նիկոլական էին», անվտանգ տեղափոխվել են Հայաստան: Նախ, բարոյական չէ ցանկանալ, որ որեւէ հայ մարդ, անկախ քաղաքական համոզմունքներից եւ դիրքորոշումից, հայտնվի ադրբեջանական գերության մեջ, երկրորդ, ի՞նչ էր փոխվելու, եթե Բաքու տարվեին ոչ թե ներկայումս այնտեղ գտնվող անձինք, այլ առաջին պատերազմի հերոսները եւ հրամանատարները եւ պետական որոշ կարկառուն գործիչներ:
Իսկ եթե գաղտնիքի մասին է խոսքը, ապա Արցախի նախկին պաշտոնյային չի՞ հետաքրքրել, թե ինչու՞ ադրբեջանցիների ցուցակում չընդգրկված Դավիթ Իշխանյանը, Լեւոն Մնացականյանը եւ Արայիկ Հարությունյանը նույնպես պատանդառնվել են, իսկ Ադրբեջանի կողմից պարտադիր պահանջված Կամո Վարդանյանը Սամվել Շահրամանյանի հետ ուղղաթիռով տեղափոխվել է Սիսիան:
Հնարավոր է, Արցախի նախկին պաշտոնյան Սամվել Շահրամանյանին ճիշտ չի հասկացել կամ նրա մտքերը բարեխիղճ չի ներկայացրել, կամ լրատվամիջոցն է «աղավաղել» ամեն ինչ: Այդ հարցում պարզություն մտցնելու համար Արցախի նախագահն անձամբ կամ Տեղեկատվական շտաբի միջոցով, թվում է, պետք է պարզաբանումներ անի:
Հակառակ դեպքում Արցախի նախկին պաշտոնյայի կողմից արտահայտված համոզմունքը, որ ադրբեջանցիների կազմած ցուցակի «համահեղինակը Նիկոլ Փաշինյանն է» կընկալվի զուտ որպես քաղաքական վերագրում, որ նպատակ ունի բռնատեղահանված արցախցիների շրջանում ատելություն սերմանել Հայաստանի վարչապետի, ի դեմս նրա՝ ամբողջ կառավարության եւ ԱԺ քաղաքական մեծամասնության նկատմամբ:
Նման երեւույթներ, իհարկե, մամուլում եւ սոցիալական հարթակներում ամեն օր դրսեւորվում են, բազմապատկվում-տարածվում, բայց սա այն դեպքն է, երբ համոզմունք հայտնողը հղում է անում Արցախի նախագահի ելույթով բացահայտված նոր գաղտնիքներին: Իսկ դա արդեն սահմանակցում է քաղաքական դիրքորոշման եւ դիրքավորման հետ:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
