Որոշ շրջանակներից հարց է հնչել. «Մի՞թե ՔՊ խմբակցությունում երկու տասնյակ պատգամավոր չի գտնվի, որ կմիանա իմպիչմենթի պահանջին»:
Վահրամ Աթանեսյան
«Հրապարակի» խմբագիրը «ռոմանտիկ բան է արել»՝ Նիկոլ Փաշինյանին «բաց նամակ» է գրել, որտեղ իշխանության հանդեպ լոյալության ցուցիչ չի համարում վարչապետի շրջայցերի ժամանակ մարդկանց վերաբերմունքը: «Ցուցիչը Նոր Նորքի միջադեպն է, թմրանյութերի օգտագործման ծավալների ահագնացումն է» եւ այն, որ «արդեն համակիրներն են նրան «փալաս» անվանում»:
-Այո, ուժային լծակներն ունես, քեզնից դողացող պնակալեզների մի ողջ բանակ ունես, կոմպրոմատների թղթապանակներ ունես եւ դեռ կարող ես իշխանությունը որոշ ժամանակ պահել: Բայց դրա արդյունքը կարող է շատ ավելի ողբերգական լինել քեզ համար, երկրի համար, մեր ժողովրդի համար: Գտիր լուծումը, փոխանցիր իշխանությունը: Մեզ, քեզ ու երկիրը մի տար նորանոր փորձությունների,- ընդհանրացրել է նա:
Կառավարությանը, վարչապետին, Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությանը քննադատելու, հրաժարականի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատարանի վճռով կասեցնելու, Նիկոլ Փաշինյանին եւ նրա բոլոր թիմակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջի իրավունք բոլորն ունեն:
Բայց «ռոմանտիկ լրագրողի» հեղինակած տեքստի «մեխը», կարծես, դա չէ: Գլխավոր ասելիքը ձեւակերպված է այս նախադասությամբ. «Գտիր լուծումը, փոխանցիր իշխանությունը»: Ոչ թե՝ հրաժարական տուր, արտահերթ ընտրությունների հնարավոր ստեղծիր, որպեսզի Հայաստանի քաղաքացին այս կամ այն թեկնածուի, կուսակցության հանդեպ իր լոյալությունն արտահայտի ազատ քվեարկությամբ եւ ձեւավորի մեծամասնության վստահությունը վայելող իշխանություն, այլ՝ «գտիր լուծումը, փոխանցիր իշխանությունը»:
Ազգային ժողովի ինստիտուցիոնալ ընդդիմության երկու թեւերը պաշտոնապես հայտարարել են, որ վարչապետի թեկնածու չունեն: Չնայած դրան, ԱԺ պատգամավորները «հանրային նախաձեռնողներից» Նիկոլ Փաշինյանի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելու պահանջով նամակներ են ստացել: Որոշ շրջանակներից հարց է հնչել. «Մի՞թե ՔՊ խմբակցությունում երկու տասնյակ պատգամավոր չի գտնվի, որ կմիանա իմպիչմենթի պահանջին»:
Այդ ուղղությամբ քայլե՞ր արվում են, ովքե՞ր եւ ինչպե՞ս են աշխատում երկու տասնյակ ՔՊ-ական «հավաքագրելու» ուղղությամբ, ի՞նչ տրամադրություններ են իշխում կամ խմորվում «Քաղաքացիական պայմանագրի» վերնախավում եւ շարքերում՝ կարող են դատել իրավիճակին ծանոթ անձինք եւ խմբերը:
Էական է, որ քաղաքական որոշակի ուղղվածություն ունեցող լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը Հայաստանում իշխանության հանդեպ հանրային լոյալության վերականգնման հարցի լուծումը կապում է ոչ թե ամբողջական իշխանափոխության, այլ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության փոխանցման հետ:
Թվում է, բազմափորձ լրագրողը «փոխանցել» բառն այս համատեքստում օգտագործել է ոչ թե փոխաբերական, այլ՝ ուղղակի իմաստով: Եթե այդպես է, ուրեմն նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ սկզբունքորեն ոչինչ չունի, համարում է, որ եթե Փաշինյանն իշխանությունը փոխանցի իր թիմի անդամներից մեկին, ապա հանրությունը դա կընդունի, եւ բեւեռացվածությունը կհաղթահարվի: Եթե նա այլ բան նկատի ունենար, ապա կասեր՝ «հանձնիր իշխանությունը», որ կնշանակեր՝ «ամբողջ թիմով հեռացիր»:
Փոխանցել՝ նշանակում է պահպանել հաջորդայնությունը, գլխավոր ուղեգիծը եւ «ուժասպառված ձին փոխարինել նորով»: Ստացվում է, որ «Հրապարակի» խմբագիրը ՔՊ-ականների թիմում տեսնում է նոր «արշավաձի»: Ո՞վ է նա:
