Փաստորեն դա Արայիկ Հարությունյանի հրաժարականի «հանրային պահանջի» ցուցադրություն էր: Սեպտեմբերի 1-ին նա հանդես եկավ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:
Վահրամ Աթանեսյան
Մաս 60
Օգոստոսի վերջին օրերին Արցախի իշխանությունների եւ քաղաքական շրջանակների քննարկման առարկա դարձավ Ադրբեջանի «մարդասիրական օգնությունն» ընդունել-չընդունելու հարցը: Այդ առթիվ Արայիկ Հարությունյանի գրասենյակի դիրքորոշումը բացահայտ մերժողական չէր, բայց նրա մամուլի քարտուղարն ընդգծում էր Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ Հայաստանից բեռնափոխադրումների եւ երկու ուղղությամբ մարդկային ազատ տեղաշարժի վերականգնման առաջնահերթությունը:
Բաքվի հրապարակային մոտեցումն այն էր, որ բեռնափոխադրումներ պետք է իրականացվեն Աղդամ-Ստեփանակերտ եւ Գորիս-Ստեփանակերտ երթուղիներով՝ պահպանելով համամասնությունները: Օգոստոսի 29-ին ադրբեջանական երկու բեռնատարներ Ասկերանի մատույցներում էին, ռուսական զորախմբի դիտակետից մի քանի մետր հեռավորության վրա: Բեռն ուղեկցող՝ Կարմիր մահիկ կազմակերպության ներկայացուցիչները, սակայն, Արցախի իշխանությունների հետ կապ հաստատելու ոչ մի փորձ չձեռնարկեցին:
Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ռուսական զորախմբի դիտակետի շուրջ փշալար է տեղադրվել, իսկ մայրուղու այդ հատվածում՝ բետոնասալեր: Փշալար տեղադրել էին ռուս զինվորականները, իսկ բետոնասալեր՝ Ասկերանի «հասարակական ակտիվիստները», որ նաեւ բողոքի անժամկետ ակցիա կազմակերպեցին: Այն գլխավորում էին ՀՅԴ Արցախի կառույցի Ասկերանի կոմիտեության անդամները՝ ներգրավելով նաեւ բնակչության որոշ ներկայացուցիչների:
Ակցիան մեկ կարգախոս ուներ. «Արցախցիները չեն ընդունում Ադրբեջանի օգնությունը»: Նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկաց «Արցախի զարգացման եւ դիմադրության ճակատը»:
Օգոստոսի 31-ին քաղաքական շրջանակներից տեղեկություն տարածվեց, որ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ ներկայացել են Ասկերան եւ ավտոճանապարհը շրջափակած ակտիվիստներին հորդորել, որ բետոնասալիկները հեռացնեն, որպեսզի ռուսական զորախմբի տրանսպորտային միջոցները կարողանան մոտենալ ադրբեջանական բեռնատարներին, բայց կտրուկ մերժում են ստացել:
Ինչպես պարզվեց հետագայում, ասկերանցի ակտիվիստների հետ «բանակցությունների» էին ներկայացել Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ եւ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը: Ըստ վստահություն ներշնչող աղբյուրների, ռուսական զորախմբի տրանսպորտային միջոցները պետք է մոտենային ադրբեջանական բեռնատարներին, բարձեին քառասուն տոննա ալյուրը եւ հասցնեին Ստեփանակերտ:
Նույն օրվա վերջին, կեսգիշերին մոտ սոցիալական ցանցերում տարածվեց նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը: Նա Արայիկ Հարությունյանին վերագրեց Աղդամի ճանապարհը բացելու, ադրբեջանական ալյուրն ստանալու եւ Ստեանակերտ տեղափոխելու փորձը եւ ամփոփեց, որ «դա վերջին կարմիր գիծն է, որ հատվեց»: Ըստ էության, Ռուբեն Վարդանյանը նախագահ Արայիկ Հարությունյանին հրաժարականի վերջնագիր ներկայացրեց:
Դա տեղի ունեցավ այն ժամերին, երբ Արայիկ Հարությունյանը գտնվում էր Ազգային ժողովում, խորհրդակցում էր քաղաքական ուժերի հետ: Պահպանվել է այդ կեսգիշերային քննարկումներից հետո ԱԺ նստավայրի մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդկանց հետ Արայիկ Հարությունյանի երկխոսության տեսագրությունը: Նա փորձում է համոզել, որ պետք է բացվի նաեւ Աղդամի ճանապարհը, որ բանակցությունները գրեթե ավարտին մոտ են, բայց նրան կոպիտ ընդհատում են եւ պահանջում դադարեցնել ադրբեջանական կողմի հետ քննարկումները:
Փաստորեն դա Արայիկ Հարությունյանի հրաժարականի «հանրային պահանջի» ցուցադրություն էր: Սեպտեմբերի 1-ին նա հանդես եկավ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ: Նրա հրաժարականն ընդունելուց հետո Արցախի նախագահի լիազորություններն անցան Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին: Այդ ակտը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձից մեկ օր առաջ: Աղդամ-Ստեփանակերտ եւ Գորիս-Ստեփանակերտ համաժամանկյա եւ համամասնական հաղորդակցություն հաստատելու շուրջ քննարկումները դադարեցին:
Հաջորդ օրը Բաքուն հայտարարեց, որ «մարդասիրական օգնությամբ» բեռնված «շարասյունը վերադառնում է Բարդա»: Սեպտեմբերի 8-ին ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ Բաքվից Բարդա է ուղարկվել «մարդասիրական օգնությամբ մեկ բեռնատար»: Ադրբեջանական կողմն այդ բեռնատարն արգելափակեց Բարդայում: Այն Ստեփանակերտ հասավ մի քանի օր հետո: Չափազանց խորհրդանշական էր, որ Ռուսաստանը Ստեփանակերտ էր ուղարկել ոչ միայն չոր սննդամթերք եւ հիգիենիկ պարագաներ, այլեւ… տաք հագուստ եւ վերմակներ: Դա մոտալուտ բռնատեղահանության մասին շատ թափանցիկ ակնարկ էր: Բայց թե ինչու՞ Ստեփանակերտը չընդունեց ադրբեջանական ալյուրը եւ մնաց ռուսական «վերմակների հույսին»՝ մեծագույն գաղտնիք է:
(Շարունակելի)