Սամվել Շահրամանյանի ելույթը երկակի մոտեցումներ ուներ: Մի կողմից նա գտնում էր, որ «Ստեփանակերտը եւ Բաքուն պետք է երկխոսեն», մյուս կողմից պնդում, որ առկա է միջազգային կոնսենսուս, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, Լեռնային Ղարաբաղը վերացած չէ՝ ինչպես Ադրբեջանն է պնդում, ապա անցում կատարում, որ բանակցությունների արդյունավետության միակ գրավականը երրորդ երկրի միջոնրդությունը եւ նրա տված երաշխիքներն են:
Վահրամ Աթանեսյան
Մաս 62
Իր հրաժարականն Ազգային ժողովին պաշտոնապես ներկայացնելուց ժամեր առաջ Արայիկ Հարությունյանը ստորագրել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին պաշտոնից ազատելու եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին պետական նախարար նշանակելու մասին հրամանագրեր, ինչից պարզ դարձավ, որ նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի ընտրության հարցն Ազգային ժողովի չորս խմբակցությունների հետ համաձայնեցված է:
Սեպտեմբերի 9 –ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ, որին 33 պատգամավորից մասնակցում էր 23-ը: Ի նշան բողոքի, որ Սամվել Բաբայանի թեկնածությունը վերջին տասը տարիներին Արցախում մշտապես բնակված չլինելու պատճառաբանությամբ չի գրանցվել, նրա գլխավորած «Միասնական հայրենիք» խմբակցությունը, բացառությամբ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի, բոյկոտեց Սամվել Շահրամանյանի ընտրությունը: Համաձայն Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի՝ նախագահի ընտրությունը կազմակերպվեց փակ գաղտնի քվեարկությամբ: Շահրամանյանն ստացավ 22 «կողմ» քվե: «Դեմ» քվեարկեց միայն «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: Ըստ որոշ տեղեկությունների, նույն խմբակցության եւս երկու պատգամավոր, որոնց ինքնությունը մինչ օրս չի բացահայտվում, նախապես «երդվել էին», որ դեմ կքվեարկեն, բայց վերջին պահին ենթարկվել են նախկին նախագահ Բակո Սահակյանի «հորդորին» եւ պաշտպանել Սամվել Շահրամանյանի թեկնածությունը:
Ստեղծված արտակարգ պայմաններում, իհարկե, Սամվել Շահրամանյանը չէր կարող ներկայացնել նախընտրական մանրամասն ծրագիր: Քվեարկությունից առաջ նա ընդամենը հանդես է եկել ելույթով, որի առանցքային շեշտադրումը, թերեւս, վերաբերում էր Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխավորի երկարամյա առաքելությունից հրաժարվելուն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու եւ «խաղաղության օրակարգ անունով մի մոտեցում որդեգրելուն»: Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի այդ եւ միջազգային հանրության կողմից առարկայական քայլեր չկատարելու հանգամանքից, մեծացնում է ճնշումը, որպեսզի «կյանքի կոչի իր իսկ կողմից հռչակած «ինտեգրման» օրակարգը», արցախահայության իրավունքները եւ շահերը «միջազգայնորեն չեն պաշտպանվում եւ Արցախի համար այլ տարբերակ չեն թողնում, քան ինքնուրույն փորձել գտնել միջանկյալ, իրավիճակից բխող լուծումներ»:
Այդ հնարավոր լուծումների շարքում նա առաջնահերթ ընդգծել է Լաչինի միջանցքի եւ այլճանապարհների բացումը, էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման վերսկսումը, գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը եւ կենսական նշանակության այլ խնդիրները: Ինչ վերաբերում է քաղաքական խնդիրներին, ապա Սամվել Շահրամանյանի ելույթը երկակի մոտեցումներ ուներ: Մի կողմից նա գտնում էր, որ«Ստեփանակերտը եւ Բաքուն պետք է երկխոսեն», մյուս կողմից պնդում, որ առկա է միջազգային կոնսենսուս, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, Լեռնային Ղարաբաղը վերացած չէ՝ ինչպես Ադրբեջանն է պնդում, ապա անցում կատարում, որ բանակցությունների արդյունավետության միակ գրավականը երրորդ երկրի միջնորդությունը եւ նրա տված երաշխիքներն են:
Ի տարբերություն նախընտրական ելույթի, երդմնակալության արարողությունից հետո Սամվել Շահրամանյանը հստակ հայտարարեց, որ նախագահի պաշտոնն ստանձնում է՝ վստահ լինելով, որ Արցախը կունենա կարգավիճակ եւ Հայաստանի հետ ցամաքային անխափան հաղորդակցություն: Եթե Սամվել Շահրամանյանը, որի պաշտոնը Ադրբեջանի ռազմական նախապատրաստություններից ամենատեղեկացվածը պիտի լիներ, նման հայտարարություն արել է՝ որեւէ կողմից, ավելի ճիշտ՝ ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարության միջոցով Մոսկվայից ստացած հավաստիացումների հիման վրա, ապա առնվազն արտառոց է, որ նա այդ մասին ի լուր աշխարհի հայտարարել է: Քաղաքականությունը նման դելիկատ հանգամանքների բացահայտում չի հանդուրժում: Իսկ եթե նա այդպես է ասել, բայց իրականում տեղյակ է եղել, որ աղետը մոտ է, եւ ռուսական զորախումբը հակակշիռ քայլ չի ձեռնարկելու, ուրեմն անարգել է Արցախի սահմանադրությունը:
Ո՞րն է իրականությունը՝ անգամ Երեւան տեղափոխվելուց մեկուկես տարի անց էլ Սամվել Շահրամանյանը մնում է լուռ: Ինչու՞, ի՞նչ կամ ո՞վ է խոչընդոտում կամ «արգելում», որպեսզի նա բացի Արայիկ Հարությունյանի հրաժարականի եւ պատմական ահռելի պատասխանատվությունն իր ուսերին «բարդելու» քաղաքական «դատավճռի» գաղտնիքը:
(Շարունակելի