Հայաստան

Վերջ Դնել «Երկնային Հայաստանին»

Ո՞վքեր են այդ երկնային Հայաստանի պահապանները։ Նրանք շատ են։ Նախ և առաջ՝ Հայ Առաքելական Եկեղեցին՝ թե՛ Էջմիածնի, թե՛ Անթիլիասի կենտրոններով, որոնք իրենց էկումենիկ կապերով միացնում են նաև Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիները։ Այնուհետև գալիս են ավանդական հայ քաղաքական կուսակցությունները։

Կայծ Մինասյան

(Մաս երկրորդ)

Ի՞նչ է տեղի ունենում այս երկնային Հայաստանում։ Հեռանալով իրական աշխարհից՝ հայերը՝ իրենց միաբնակ Եկեղեցու մղումով, կտրվեցին նաև Քաղկեդոնական եկեղեցիներից, որոնք 451 թ․ Քաղկեդոնական ժողովում հակադարձեցին Եփեսոսի ժողովի եզրակացություններին։ Քաղկեդոնի ժողովը հայտարարեց, որ Հիսուսը միաժամանակ լիովին աստվածային և լիովին մարդկային բնություն ունի։ Հայ Եկեղեցին՝ Հռոմի կողմից հերետիկոսական համարված, Եփեսոսի հավատամքը վերահաստատեց Դվինի ժողովներում՝ 506 և 555 թվականներին։ Այս կերպ նա հեռացավ ավելի լայն քրիստոնեական աշխարհից և սրբագործեց երկնային Հայաստանը՝ որպես հոգևոր ինքնիշխանության ձև, ինչպես մի դաշտում թաղված գանձ՝ ըստ Երկնքի Թագավորության առակների։

 Այսպիսով, այս երկնային Հայաստանում՝ այս դրախտում կամ Եդեմի այգում, ամեն ինչ մաքուր է, անբիծ, բացարձակ։ Եվ քանի որ Այլ Իրականության Թագավորությունը չունի երկրային սահմաններ՝ դրա ուրվագծերը ձևավորվում են ոչ թե աշխարհագրությամբ, այլ   սրբավայրերի՝ երկրի վրա սփռված եկեղեցիների, վանքերի, խաչքարերի հանդեպ դավանանքի հավատքով։ Պատկերացվող այդ դաշտը վերածվում է անսահման սրբավայրի, որի միակ կառավարողը կանոնական օրենքն է։ Այս հոգևոր տարածքում հայը ոչ քաղաքացի է, ոչ հպատակ, ոչ սպառող։ Նա պարզապես ծառա է՝ Աստծո հոտի մի ոչխար։ Երկնային Հայաստանում, որտեղ ամեն ինչ սուրբ է և իդեալականացված, մեղքը տեղ չունի, իսկ մարդկային պատասխանատվությունը դառնում է անիմաստ՝ քանզի մարդը իր ճակատագիրը ամբողջությամբ վստահել է աստվածային նախախնամությանը։

Այսպիսով՝ ամեն ինչ բարձրացվում է վերին աստիճանի, սրբացվում և դառնում բացարձակ. արդարությունը՝ Արդարություն, ազատությունը՝ Ազատություն, իրավունքը՝ Իրավունք, անկախությունը՝ Անկախություն, միասնությունը՝ Միություն, ճշմարտությունը՝ Ճշմարտություն։ Ամեն հասկացություն վերափոխվում է սրբացված, անառիկ իդեալի։ Նման համակարգում չկա պատասխանատվության էթիկա, փոխզիջման, քաղաքական զգացողության կամ բանակցության տարածք։ Ցանկացած զիջում ընկալվում է ոչ թե որպես իրապաշտություն, այլ՝ որպես թուլություն, նույնիսկ դավաճանություն՝ գործողություն, որը կարող է խարխլել երկնային Հայաստանի հիմքերը։

Իսկ ո՞վքեր են այդ երկնային Հայաստանի պահապանները։ Նրանք շատ են։ Նախ և առաջ՝ Հայ Առաքելական Եկեղեցին՝ թե՛ Էջմիածնի, թե՛ Անթիլիասի կենտրոններով, որոնք իրենց էկումենիկ կապերով միացնում են նաև Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիները։ Այնուհետև գալիս են ավանդական հայ քաղաքական կուսակցությունները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ) և Ռամկավար Ազատական կուսակցություն (ՌԱԿ)։ Վերջում՝ Հայ Օգնության Միությունը (ՀՕՄ) և ավանդական հայկական ինստիտուտների լայն համաստեղությունը՝ իրենց թերթերով և տեղական բաժանմունքներով։

Ինչո՞ւ հենց այս կազմակերպությունները։ Քանի որ դրանցից ոչ մեկը հստակ սահման չի դնում քաղաքականի և կրոնականի միջև։ Դրանք բոլորը ընդունում են, որ կրոնական տարրը հավասար արժեք ունի քաղաքականի հետ, ինչի արդյունքում քաղաքականը ենթարկվում է՝ կրոնականին (ինչպես՝ Էջմիածնում), գաղափարախոսությանը (ինչպես՝ ՀՅԴ-ում), կամ մշակույթին (ինչպես՝ ՀՕՄ-ում)։ Էջմիածինը՝ իր էությամբ և առաքելությամբ, երկնային Հայաստանի հոգևոր կենտրոնն է։ Իսկ ՀՕՄ-ը, որը գործում է հիերարխիկ, գրեթե միջնադարյան կառուցվածքով՝ կենտրոնացած մեկ առաջնորդի հեղինակության շուրջ, իր ձևով և գործառույթով արտացոլում է Կաթողիկոսությունը։ Այսպիսով, Էջմիածինն ու ՀՕՄ-ը հանդես են գալիս որպես համանյութային (կոնսուբստանցիալ) կառույցներ՝ կապված ոչ միայն արտաքին, այլև խորքային մակարդակով։

[Շարունակելի]

Աղբյուրը`

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *