Հայաստան

Գրվում Է Պուտին, Կարդացվում` Կադիրով

Ուկրաինայում պատերազմի ֆոնին Պուտինին որեւէ լարվածություն, այն էլ պայթյունավտանգ Հյուսիսային Կովկասում, ձեռնտու չէ: Առայժմ Կադիրովը կարողանում է զսպել Չեչնիան, իր «գործակալական ցանցի» միջոցով վերահսկել Ինգուշեթիան եւ Դաղստանը:

Վահրամ Աթանեսյան

Մենք ասում ենք՝ Պուտին, հասկանում ենք՝ Կադիրով

Հաղթանակի տոնակատարություններին ընդառաջ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը սոցցանցային գրառումով ակնարկել էր իր հնարավոր հրաժարականի մասին եւ հիմնավորել, որ աճել է քաղաքական նոր սերունդ, որի համար պետք է ճանապարհ հարթել: Նույն օրը Կադիրովը, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ հետագա պաշտոնավարման հարցը կորոշի նախագահ Պուտինը:

Մայիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Պուտինն ընդունել է Կադիրովին: Այդ մասին Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության տեքստում Չեչնիայի առաջնորդի հրաժարականի, այդ խնդրի նկատմամբ Ռուսաստանի նախագահի դիրքորոշման մասին ոչ մի խոսք չկա: Տեղեկատվությունը կառուցված է այն սկզբունքով, որ Չեչնիայի առաջնորդը Պուտինին զեկուցել է ուկրաինական պատերազմին մասնակցության մասին, իսկ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովն իրեն ամեն օր զեկուցում է ռազմաճակատում իրավիճակի մասին եւ ամեն անգամ ընդգծում, որ Չեչնիայում պատրաստություն անցած մարտիկները հերոսաբար են կռվում:

Մայիսի 8-ին Ռամզան Կադիրովը վերստին սոցցանցայի գրառում է կատարել, որտեղ բացահայտել է, որ իր պաշտոնավարման հարցը նախագահ Պուտինի հետ քննարկել է: Նա բացահայտել է, որ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը հիշեցրել է Մարկ Տվենի՝ «իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են» արտահայտությունը եւ ասել, որ ինքը եւ Կադիրովը դեռ երկար միասին կաշխատեն:

«Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը կատարում եմ»,- եզրափակել է Կադիրովը:

Ռամզան Կադիրովի պաշտոնաթողության մասին լուրերը տարածվել են անցյալ տարվանից: Ընդ որում, պատճառ է նշվել նրա «անբուժելի հիվանդությունը»: Ըստ տեղեկությունների, նա բուժում է ստացել Մոսկվայում, ապա՝ իր կնոջը պատկանող մասնավոր կլինիկայում: Ըստ լուրերի, Կադիրովի մոտ «չարորակ նորագոյացություն է հայտնաբերվել»:

Փաստացի կարելի է բանաստեղծական հայտնի տողը, որ վերաբերում է Լենինի եւ կոմկուսակցության նույնականացմանը, ասել. «Մենք ասում ենք՝ Պուտին, հասկանում ենք՝ Կադիրով»: Ռամզան Կադիրովը Չեչնիան գլխավորում է 2007 թվականից: Այդ պաշտոնում նա փոխարինել է հորը՝ ահաբեկչության զոհ դարձած Ահմադ հաջի Կադիրովին, որ նախկինում Իչկերիայի անկախության համար զինված պայքարի գործուն մասնակից էր:

Ռամզան Կադիրովը ոչ ֆորմալ, բայց փաստացի ճանաչված է Հյուսիսային Կովկասի «փոխարքա»: Չեչնիայում իշխանության փոփոխությունը հղի է ներքին լարվածության վտանգով: Ոչ բոլորն են Կադիրովին ընդունում որպես «բարեվարք լեռնական»՝ նկատի ունենալով, որ նրա հայրը «դավաճանել է զինակիցներին եւ հպատակվել Մոսկվային»:

Ուկրաինայում պատերազմի ֆոնին Պուտինին որեւէ լարվածություն, այն էլ պայթյունավտանգ Հյուսիսային Կովկասում, ձեռնտու չէ: Առայժմ Կադիրովը կարողանում է զսպել Չեչնիան, իր «գործակալական ցանցի» միջոցով վերահսկել Ինգուշեթիան եւ Դաղստանը: Իսկ այն, որ նա բռնապետ է եւ թքած ունի Ռուսաստանի քաղաքացիական օրենքների վրա, պահում է շարիաթի կանոնները, բիզնես կապեր է հաստատում Պարսից ծոցի արաբական միապետների հետ եւ առհասարակ իսլամական համերաշխության ջատագով է՝ Ռուսաստանի նախագահի համար կարեւոր չէ:

Ի վերջո, Ռուսաստանի կենտրոնական իշխանությունն էլ ավտորիտար է, կոռումպացված եւ իսլամական աշխարհի հետ որեւէ տարաձայնություն չունի: Այնպես որ, եթե Կադիրովն անգամ «անբուժելի հիվանդ է», միեւնույն է՝ պետք է պաշտոնավարի այնքան ժամանակ, որքան Պուտինին անհրաժեշտ է: Մինչեւ կլուծվի իրավահաջորդի հարցը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Աղբյուրը՝ tiv1.am https://tiv1.am/250052.html?fbclid=IwY2xjawKKugNleHRuA2FlbQIxMQABHhGNgaiwLNrhnC5jn9a_uQwNmVdNHBbjOzi3VJKVaq87-ApfkXLfx2wmbxW9_aem_-OL_KDjTFiQZIpg01fuUYA

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *