Հայաստան

Վերջ Դնել Երկնային Հայաստանին

Երկնային Հայաստանը հիշողություն է՝ կառուցված տրավմայի վրա, մի ձև՝ գաղափարական ներարկման, որը երբեք չի ընդունում իր անունը։ Դա դանդաղ, լուռ մարող մոմ է՝ ընդհանուր անտարբերության մեջ։ Այն պահանջում է բացարձակ պարտականություն՝ առանց որևէ իրավունք ընձեռելու։ Դա բանտ է՝ առանց ճաղերի, անսահման հավատ՝ կտրված իրականությունից։

Կայծ Մինասյան

Մաս չորրորդ և Վերջ

Ռուսաստանը, յուրացնելով «երկնային Հայաստանի» նախապես պատրաստի պատմական պատումն ու կերպարը, օգտագործում է այն ըստ ցանկության՝ սեղմելով մեկից մեկ հույզային կոճակ՝ առաջ մղելու սեփական օրակարգը։ Երբեմն դա վախն է, երբեմն՝ կեղծ խոստումները, հարկադրական հնազանդեցումը կամ էլ «Արևմտյան Հայաստանի» գայթակղիչ հիշատակումը՝ «երկնային Հայաստանի» միանգամայն հիմնարար միթոսի անկյունաքարը։

Իսկ ի՞նչ անել սփյուռքի պարագայում։ Երկնային Հայաստանի հետևորդները հայկական պետությունն ու սփյուռքը դնում են նույն հարթության վրա, կարծես հայկական ինքնության երկու ոլորտները անբաժանելի լինեն, ինչպես փոքր և մեծ Մասիսները, որոնք միասին կազմում են սուրբ Արարատ լեռը։ Այս միասնությունը միայն կրոնական չէ, այլ նաև գաղափարական։ Բայց որևէ այլ ժողովուրդ այսպես չի նույնացնում իր սփյուռքն ու պետությունը։ Ո՛չ Իսրայելը, ո՛չ Իռլանդիան, ո՛չ Հունաստանը, ո՛չ Լիբանանը։ Միայն երկնային Հայաստանի ուժերն են, որ ձևավորում են այս հավասարակշռությունը մայր հայրենիքի և սփյուռքի միջև՝ ռիսկի տակ դնելով արմատներից կտրված ինքնության ձևավորումը և Հայաստանն ինքնին վերածելով խոցելի մի խառնածին կառույցի՝ կախված դատարկության եզրին։ Սակայն իրականում այս հակասությունը չի անհանգստացնում նրանց, քանզի այս իդեալին նվիրյալների համար թե՛ հայերը, թե՛ Հայաստանը պատկանում են ոչ թե իրական աշխարհին, այլ երկնքի թագավորությանը՝ հավերժ մի ուտոպիայի, որը միշտ մատչելի է, բայց երբեք՝ հասանելի։

Իսկ արդյոք երկնային Հայաստանը հակադրվո՞ւմ է ինքնիշխան հայկական պետությանը։ Անհերքելիորեն՝ այո։ Որովհետև երկնային Հայաստանը տարածում է աշխարհայացք, որը արմատացած է արտաքսման ու զոհի հիշողության մեջ, մինչդեռ ինքնիշխան պետությունը պետք է հիմնված լինի քաղաքացիության և պատասխանատվության վրա։ Երկնային Հայաստանում ոչ ոք անձնական պատասխանատվություն չի կրում․ այնտեղ առաջնորդող սկզբունքներն են միայն կանոնագրական օրենքը կամ կուսակցական կարգը, որը հաճախ կոչվում է «կանոնագիր», և ուրիշ ոչինչ։ Իսկ ինքնիշխան պետությունում անհատը ենթարկվում է քաղաքացիական օրենքին։ Երկնային Հայաստանում աստվածային կամ գաղափարական օրենքը գերադասվում է մարդկային օրենքից․ կանոնական իրավունքն առավելություն ունի սահմանադրական օրենքի նկատմամբ։ Մինչդեռ ինքնիշխան պետության մեջ բարձրագույն արժեքն է իրավունքի գերակայությունը։ Երկնային Հայաստանի բարոյական տիեզերքում մարդը իսկապես տեսանելի է դառնում միայն մահից հետո կամ եթե խախտում է սուրբ կանոնները։ Այդ պահից հետո գաղափարախոսության պահապանները՝ եկեղեցականներ թե կուսակցականներ, ունեն միայն մեկ ելք․ արտաքսում՝ թե՛ ինստիտուցիոնալ կառույցից, թե՛ երկնային Հայաստանից։

Երկնային Հայաստանը հիշողություն է՝ կառուցված տրավմայի վրա, մի ձև՝ գաղափարական ներարկման, որը երբեք չի ընդունում իր անունը։ Դա դանդաղ, լուռ մարող մոմ է՝ ընդհանուր անտարբերության մեջ։ Այն պահանջում է բացարձակ պարտականություն՝ առանց որևէ իրավունք ընձեռելու։ Դա բանտ է՝ առանց ճաղերի, անսահման հավատ՝ կտրված իրականությունից։ Երկնային Հայաստանը խոսում է մշուշոտ, դատարկ խոսքերով՝ ինչպես դա արեցին արքեպիսկոպոս Բագրատը և նրա կողմնակիցները (ՀՅԴ-ն, Հանրապետական կուսակցությունը և այլն) 2024 թվականին՝ վկայակոչելով սլոգաններ՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված»։ Բայց ո՞վ է այդ «հայը»։ Երևանցի՞ն, թե՞ լոսանջելեսցին։ Քաղաքացի՞ն, թե՞ վտարանդին։ Պնակա՞ն, թե՞ տարագրյալ։ Հանրապետակա՞ն, թե՞ իմպերիալիստ։ Իսկ ի՞նչ է «Հայաստանը»։ Միայն ՀՀ-ն, թե՞ նաև Արցախը, Ջավախքը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը և բոլոր սփյուռքյան տները։ Իսկ «Հայրենի՞քը»։ Որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ ավարտվում։ Իսկ «Աստվա՞ծը»… այնտեղ սկսելու իմաստ անգամ չկա։ Նրա խոսքերն էլ, ինչպես երկնային Հայաստանի ամենակրքոտ ու անպատասխանատու պաշտպաններինը, մնում են անթափանցելի։

Ժամանակն է վերջապես խզել կապը երկնային Հայաստանի հետ։ Այդ կոնստրուկտը վերածվել է ստրկության ձևի, մշտական սպառնալիքի, քաղաքական անառողջ վիճակի, հոգեբանական հիվանության։ Դա վախի կուլտ է՝ դիմակավորված հավատարմությամբ, արմատազուրկ կեցվածք, որն ամեն քայլափոխի խաթարում է ինքնիշխանությունը։ Իրականում երկնային Հայաստանը ոչինչ է, քան ռուսական կայսերապաշտության հայկական դիմակը՝ զենքի վերածված ընդդեմ անկախ հայկական պետության գաղափարի։

Վերջ

Աղբյուրը`

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *