Երկիր Մեդիան, նորանկախ Հայաստանում, ինչ որ չափով կատարում էր այն դերը, ինչ իր ժամանակին հայտնի մարդկանց տները՝ սալոնները՝ հետհեղափոխական, հանրապետական Ֆրանսիայում, որտեղ հավաքվում էին հայտնի ու կարևոր մարդիկ ու զուտ իրենց ներկայությամբ այդ վայրը ավելի էր կարևորվում։ Նմանատիպ մի բան արել է Երկիր Մեդիան։
Մեր Ուղին
Այսօր hraparak.am-ը մի հոդված է հրապարակել, որում նշված է, որ Երկիր Մեդիա-ն արդեն մեկ շաբաթ է ինչ եթերում չէ։ Հոդվածում նշված էր, որ 21 տարի եթերում գտնվող հեռուստաընկերությունը բազմաթիվ ներքին կոնֆլիկտներ ունի, վարչական և նյութական խնդիրներ և հնարավոր է, որ հեռուստաընկերությունը փակվի։ Ըստ այդ հոդվածի՝ ֆինանսական խնդիրներն անքան ծանր են, որ աշխատակիցները տևական ժամանակ է՝աշխատավարձ չեն ստացել, մեծ պարտքեր կան կուտակված։ Ավելի զարմանալի էր այն, որ hraparak.am-ի հոդվածում նշված է, որ «ՀՅԴ-ն «Երկիր Մեդիան» կազմաքանդելու մեջ մեղադրում է տնօրեն Բագրատ Եսայանին, Եսայանը` ՀՅԴ-ին: Ավելին` որոշ դաշնակցականներ պնդել են, որ կա՛մ «Երկիր Մեդիա» չպետք է լինի, կա՛մ կլինի` առանց Բագրատ Եսայանի: Մեզ նաեւ տեղեկացրին, որ Չարենցի 94 հասցեում գտնվող շենքը, որը գրավադրված է, առաջիկայում հնարավոր է աճուրդի դրվի, եւ ստացված գումարով վարկերը փակվեն»:
Մինչդեռ ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը հայտնել է, որ «Երկիր մեդիան» վերջնական չի փակվել, այլ պարզապես գտնվում է վերագործարկման փուլում: Տեխնիկական վերազինման փուլում է հեռուստաընկերությունն այժմ` նոր բովանդակություն, նոր եթերային քաղաքականություն է նախատեսվում», ապա հավելել է, որ տեղյակ չէ, թե հեռուստաընկերությունը երբ եթեր կվերադառնա։
Երկիր Մեդիան անկախ Հայաստանի երկարամյա հեռուստաալիքներից է, որը մշտապես աչքի է ընկել իր բազմազան ու հետաքրքիր տեսացանկով, բավական հայտնի հաղորդավարներով, ինչպես օրինակ Արթուր Կիրակոսյանը, Բորիս Նավասարդյանը, Լուսինե Բադալյանը, Գայանե Աբրահամյանը և այլն։ Հեռուստաալիքը, որ փոխկապակցված է ՀՅԴ հետ, ըստ էության հանդիսանում է ՀՅԴ ձայներից մեկը, հանրապետությունում հայտնի եթերային ալիք է եղել։ Երկիր Մեդիան հայտնի է ոչ միայն իր հեռուստատեսային արժանիքներով, այլև իր պատմական նշանակություն ունեցող գործունեությամբ։ Ինչպես հայտնի է ՀՅԴ-ը դեռ 90-ականներից մեծ թափով ներգրաված է եղել Արցախյան առաջին պատերազմում՝ տալով մեծ քանակությամբ կամավորներ, բազմաթիվ կուսակցականներ կռվել են պատերազմում, ՀՅԴ-ը ուներ նաև իր առանձին կամավորական գումարտակը։ Այդ տարիներից ի վեր բազմաթիվ զինվորականներ են իրենց ճանապարհին մշտական այցելության վայր դարձրել Երկիր Մեդիայի շենքը։ Այն ոչ միայն պարզապես հեռուստաալիք էր, այլև, ինչ որ չափով կարելի է համարել ազգային-մշակութային համակենտրոնացման մթնոլորտի մի կետ, որը նախ կարևոր էր իր բազմափորձ ու բազմազան այցելուներով, մեծ վաստակ ունեցող զինվորականներով և այլն։ Երկիր Մեդիան, նորանկախ Հայաստանում, ինչ որ չափով կատարում էր այն դերը, ինչ իր ժամանակին հայտնի մարդկանց տները՝ սալոնները՝ հետհեղափոխական, հանրապետական Ֆրանսիայում, որտեղ հավաքվում էին հայտնի ու կարևոր մարդիկ ու զուտ իրենց ներկայությամբ այդ վայրը ավելի էր կարևորվում։ Նմանատիպ մի բան արել է Երկիր Մեդիան։ Ու եթե hraparak.am-ում նշված տեղեկություններն ամբողջովին իրականություն են ու Երկիր Մեդիան այլևս եթեր չի վերադառնալու, մնում է իրոք ցավել, որ Հայաստանում նման անփառունակ կերպով քիչ քիչ դանդաղել ու դադարել է մի հեռուստաալիքի գործունեություն, որը ոչ միայն հեռուստատեսային, այլև քաղաքական, մշակութային հետաքրքիր ու բազմազան, մշակութային ներկայություն ու աշխուժություն է ունեցել Հայաստանում։
Բավական զարամանալի են նաև Hraparak.am-ի հոդվածում նշված այն տողերը, որ Երկիր Մեդիան իր տնօրեն Բագրատ Եսայանին է մեղադրում հեռուստաալիքը կազմաքանդելու մեջ, իսկ Եսայանը ՀՅԴ-ին։ Որտեղի՞ց նման տեղեկություն Hraparak-ին, չենք կարող ասել, բայց այդ բավական հետաքրքիր է։ Բագրատ Եսայանը, ով երկար տարիների դաշնակցական է, մշտապես աչքի է ընկել ՀՅԴ կենտրոնական ղեկավարության հանդեպ իր հավատարմությամբ և կուսակցական գծից շեղվածների հանդեպ եղել է հրապարակային անխնա։ Ի՞նչ է պատահել, որ Բագրատ Եսայանը և ՀՅԴ-ը նման ծանր հարցով ոչ միայն անհամաձայնության գան, այլև նույնիսկ մեղադրեն իրար։ Գուցե ճիշտ են մամուլում պարբերաբար հայտնվող այն խուսակցությունները, որ ՀՅԴ-ում ներքին խմորումը իրոք շատ լուրջ մակարդակի վրա է գտնվում, քանի որ կուսակցությունում մերթ ընդ մերթ «պայթյուններ» են գրանցվում, անհատներ, երբեմն առանձին խմբեր լքում են կուսակցությունը, անգամ հրապարակային մեծ վեճեր են տեղի ունենում կուսակցական թևերի մեջ, մեղադրանքներ միջոցների յուրացման ու իշխանության զավթման հարցով և այլն։
Հետաքրքիր է նաև այն, որ Երկիր Մեդիան, որը խոշոր հաշվով ֆինանսավորվում է հենց կուսակցությունից, ըստ hraparak.am-ի, ունի մեծ պարտքեր, այլ էլ այն տիպի, որ ոչ միայն չի կարողանում աշխատակիցներին աշխատավարձ վճարել, այլև այն վիճակում են, որ ստիպված են Չարենցի 94 հասցեում գտնվող ու արդեն իսկ գրավ դրված շենքը աճուրդի հանել։
Ի՞նչ է պատահել ՀՅԴ-ում։ Ո՞ւր են անհետացել կուսակցական ֆինանսական միջոցները։ Որտեղի՞ց էր կուսակցությունը և կոնկրետ Երկիր Մեդիան գումար ստանում, որը ինչ-ինչ պատճառներով այլևս չկա։ Գուցե Երկիր Մեդիան ֆինանսավորումից զրկվել է Բյուրոյի կողմից որպես «պատիժ» և այժմ էլ Երկիր Մեդիայում հենց դրա համար մեղադրում են տնօրենին, իսկ գուցե կուսակցական նվիրատուներից ստացվող հոսքեր են պակասել, այն էլ այն աստիճանի, որ հեռուստաընկերությունը ոչ թե կրճատվում է, այլ ընդհանրապես փակվում։ Բայց ի՞նչ կարող է եղած լինել։ ՀՅԴ-ը առհասարակ աչքի է ընկել իր գաղտնապահությամբ ու կուսակցությունում գերադասել են իրենց խնդիրների մասին դրսում չխոսել։ Եթե ինչ որ բան դուրս է եել կուսակցությունից, ապա այն համարվել է կանոնագրի խախտում ու պատժվել է։ Մի խոսքով, ՀՅԴ-ում ձգտել են լայն հասարակությունից թաքցնել, եթե ներսում խնդիր է եղել ու նույնիսկ եթե այդ խնդիրը վերաբերվել է մի քանի կուսակցականների անհամաձայնությանը կենտրոնական կոմիտեի հետ։ Դեռ տարիներ առաջ, կուսակցության ներսում ևս քիչ չեն եղել խոսակցություններ այն մասին, որ Գեղամ Մանուկյանի՝ Երկիր Մեդիայում հայտնվելուց հետո շատերն են հեռացել հեռուստաընկերությունից, իսկ այժմ ներքին խնդրի չլուծված հասունացումը բերել է նման կոլապսի։ Եվ կա հեռուստաալիք, այն էլ փակման առջև կանգնած։ Իսկ գուցե Երկիր Մեդիայի ֆինանսավորման խնդիրները հետևանք են ՀՅԴ քաղաքական առումով տապալման ու նաև այն բանի, որ պարզապես շատ կուսակցական նվիրատուներ հրաժարվել են շարունակելլ իրենց նվիրատվությունը հեռուստաալիքին ու բավարարվում են միայն անձնական փոքրիկ անդամավճարով։ Փաստն այն է, որ Երկիր Մեդիայի փակումը նախ և առաջ կուսակցական ներքին ճգնաժամերից մեկի արդյունք է։
Երկիր Մեդիայի տապալումը նախ և առաջ ՀՅԴ տապալումն է, այն էլ բավական աղմկոտ, միայն թե այստեղ ընդհանրապես ուրախանալու բան չկա և իր սրտե, խորը ափսոսանք կարելի է հայտնել, եթե հեռուստաալիքն իրոք փակվի՝ պայմանավորվածներքին խնդիրներով, ՀՅԴ քաղաքական հեղինակազրկման հետևանքով, որը նաև կարող է ֆինանսավորման դադարեցման կամ պակասի է հանգեցրել։
Hraparak.am-ի հիշատակված հոդվածը՝
