Հայաստան

ԵՄ-ՀՀ Հարաբերությունները Խաչմերուկում. Նորմատիվ Արժեքների Եվ Պրագմատիզմի Միջև

Հարավային Կովկասը ԵՄ-ի համար ռազմավարական նշանակության տարածաշրջան է, և Հայաստանը դարձել է այս բարդ հարևանության մեջ առանցքային գործընկեր։ Որպես միակ երկիրն այդ տարածաշրջանում, որը միաժամանակ իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումներ և բախվում է արտաքին սպառնալիքների, հիբրիդային ճնշումների ու կառուցվածքային տնտեսական կախվածության։

Սոսի Թաթիկյան

(Մաս առաջին)

Հայաստանը վերջին շրջանում ցուցաբերում է ռազմավարական հետաքրքրություն՝ խորացնելու հարաբերությունները Եվրոպական Միության (ԵՄ) հետ՝ դիտելով այն որպես ժողովրդավարության ամրապնդման, անվտանգության բազմազանեցման և տնտեսական զարգացման կարևոր գործընկեր։ Այս ձգտումը ձևավորվել է փոփոխվող աշխարհաքաղաքական դինամիկայի և ավանդական անվտանգության դաշինքներից՝ մասնավորապես Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ աճող հիասթափության ֆոնին։

Ի պատասխան՝ ԵՄ-ն աստիճանաբար խորացրել է իր ներգրավվածությունը՝ հատկապես քաղաքացիական դիտորդական առաքելություն (EUMA) տեղակայելով այն բանից հետո, երբ Ռուսաստանը չկատարեց իր անվտանգության պարտավորությունները, իսկ ՀԱՊԿ-ը չարձագանքեց Ադրբեջանի ռազմական գործողություններին։ Հետագայում ԵՄ-ն Եվրոպական խաղաղության հիմնադրամի (EPF) միջոցով հավանություն տվեց Հայաստանին ոչ մահաբեր ռազմական աջակցության տրամադրմանը՝ ինչը եղավ մեծ առաջընթաց ՀԱՊԿ-ին պաշտոնապես միացած գործընկերոջ հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցում։

2024 թվականին մեկնարկեցին բանակցություններ ԵՄ-Հայաստան նոր Գործընկերության օրակարգի շուրջ, որը կփոխարինի 2018թ. CEPA-ի շրջանակներում ընդունված Գործընկերության առաջնահերթություններին։ Թեև Հայաստանը պաշտոնապես ԵՄ անդամակցության դիմում չի ներկայացրել, երկու կարևոր իրադարձություն ճանապարհ է հարթել անդամակցության ձգտումների համար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023թ. ելույթը Եվրոպական խորհրդարանում և Ազգային ժողովի 2024թ. ներկայացրած օրինագիծը։ ԵՄ-ի կողմից վիզային ազատականացման երկխոսության մեկնարկը ևս ազդանշան է դարձած՝ դեպի ավելի ռազմավարական գործընկերություն շարժվելու։

Հարավային Կովկասը ԵՄ-ի համար ռազմավարական նշանակության տարածաշրջան է, և Հայաստանը դարձել է այս բարդ հարևանության մեջ առանցքային գործընկեր։ Որպես միակ երկիրն այդ տարածաշրջանում, որը միաժամանակ իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումներ և բախվում է արտաքին սպառնալիքների, հիբրիդային ճնշումների ու կառուցվածքային տնտեսական կախվածության, Հայաստանը ներկայացնում է ինչպես մարտահրավեր, այնպես էլ հնարավորություն ԵՄ արտաքին քաղաքականության համար։ ԵՄ ներգրավվածությունը Հայաստանի հետ պետք է կարողանա հավասարակշռել ժողովրդավարական արժեքների առաջմղումն ու հրատապ աշխարհաքաղաքական իրողությունների արձագանքը՝ հատկապես տարածաշրջանային անկայունության և հակամարտության պայմաններում։ Ադրբեջանի հետ ԵՄ էներգետիկ և տնտեսական գործընկերությունները՝ հատկապես գազի և հաղորդակցման ոլորտներում, սահմանափակում են ԵՄ քաղաքական և անվտանգության աջակցությունը Հայաստանին։ Վրաստանի ԵՄ թեկնածու անդամակցության գործընթացի կասեցումը և ԵՄ-Վրաստան հարաբերությունների թուլացումը ևս ազդում են ԵՄ-Հայաստան համագործակցության լայն տարածաշրջանային համատեքստի վրա։ Բացի այդ, աճող եվրոատլանտյան տարաձայնությունները՝ մասնավորապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև, սպառնում են խաթարել Հայաստանի նկատմամբ հավաքական արևմտյան աջակցության միասնականությունը։

Այս հոդվածը դիտարկում է երկու հիմնարար հարց. ի՞նչ չափով է Եվրոպական միությունը իր քաղաքականության մեջ Հայաստանի նկատմամբ հավասարակշռում իր նորմատիվ պարտավորությունները՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության նկատմամբ՝ իր աշխարհաքաղաքական և էներգետիկ շահերի հետ։ Եվ ինչպես պետք է մեկնաբանել Հայաստանի փոփոխվող արտաքին քաղաքականությունը փոքր պետության վարքագծի տեսանկյունից — արդյո՞ք այն արտացոլում է ուղղության կտրուկ փոփոխություն (pivot), ապահովագրման (hedging), թե բազմավեկտոր (multi-alignment) ռազմավարություն՝ արձագանքելով տարածաշրջանային ուժերի հարաբերակցության փոփոխություններին։

[Շարունակելի]

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *