Արցախահայությունը ծնված լինելով ու իրենց կյանքը Արցախում կազմակերպելով,՝ անկախ Արցախի ճանաչված լինելու հանգամանքից, ունեն միջազգայնորեն պաշտպանության ենթակա գույքային իրավունքներ ու եթե պահպանել են տևական ժամանակ գույքը տնօրինելու կամ Արցախի իշխանություններից գույքի գրանցման վերաբերյալ ապացույց, ապա այդ գույքերին հասանելիություն ձեռք բերելու, տիրապետելու և տնօրինելու իրավազորություն ունեն, և ցանկացած շարունակական սահմանափակում իրավունքի խախտում է:
Սիրանուշ Սահակյան
Եթե արցախահայությունը հետևողական չլինի հայցերի հարցում, ունեցվածքը կորցնելու իրական վտանգի առաջ կկանգնի. Սիրանուշ Սահակյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը
– Տիկի՛ն Սահակյան, տեղեկություններ կան, որ Ադրբեջանը նախապատրաստական աշխատանքներ է սկսել՝ պետականացնելու արցախահայության գույքը, իշխանություններն էլ սկսել են հայտարարել, թե իբր արցախահայության գույքի 80 տոկոսը տեր չունի: Տիրապետո՞ւմ եք նման տեղեկատվության, ու ի՞նչ է իրենից ենթադրելու այս գործընթացը:
– Ադրբեջանական մամուլի ուսումնասիրությամբ՝ մենք հետևության ենք հանգում, որ նման գործընթաց իրապես մեկնարկելու է, այդ ուղղությամբ մտածում են, ծրագրում են քայլերի հաջորդականությունը: Իրականության մեջ ժամանակն անհրաժեշտ է հետագա դատական գործընթացները կանխելու կամ դրանց դեմ իրավական պայքար կազմակերպելու նպատակով:
Միջազգայնորեն անձի գույքային իրավունքները պաշտպանված են, նույն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից արձանագրության 1-ին հոդվածը պաշտպանում է անձի գույքը, ընդ որում՝ գույք հասկացությունն ունի լայն մեկնաբանություն: Գույքային իրավունքների առնչությամբ անգամ իրավական լեգիտիմ սպասումները ընկնում են այդ հասկացության ներքո, ու դե ֆակտո սեփականատերերի իրավունքներն էլ կարող են պաշտպանվել, եթե նույնիսկ իրավական ձևակերպման կամ իրավունքի իրավական ճանաչման խնդիրներ գոյություն ունեն:
Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը պարզապես հստակ նպատակ ունենալով պետականացնել, որից հետո ադրբեջանցիների միջև վերաբաշխել հայերի ունեցվածքը, ընդամենը փորձում է գործընթացն այնպիսի եղանակով կազմակերպել, որ հետագայում նվազեցնի դատական ակտերը կամ դրանց ազդեցությունը:
Այս գործելակերպը խիստ համահունչ է թուրքական քաղաքականության հետ թե՛ Հայոց ցեղասպանության տարիներին, թե՛ հետագա ժամանակներում, երբ հայերին ունեզրկեցին, որից հետո ցեղասպանեցին ու վերցրեցին գույքը ու այդ գույքի հաշվին պետության պարտավորություններ մարեցին: Այս գործելաոճը կիրառելի է նաև այլ տեղերում, ինչպես գիտենք Կիպրոսի օրինակը, երբ այնտեղի բնակչության գույքերը ևս պետականացվել ու վերաբաշխվել են թուրքերի միջև:
– Ի՞նչ անհրաժեշտ գործողություններ պետք է արվեն, որ դա կանխվի, և արցախահայությունն իր իրավունքներին տեր կանգնի:
– Արցախահայությունը ծնված լինելով ու իրենց կյանքը Արցախում կազմակերպելով,՝ անկախ Արցախի ճանաչված լինելու հանգամանքից, ունեն միջազգայնորեն պաշտպանության ենթակա գույքային իրավունքներ ու եթե պահպանել են տևական ժամանակ գույքը տնօրինելու կամ Արցախի իշխանություններից գույքի գրանցման վերաբերյալ ապացույց, ապա այդ գույքերին հասանելիություն ձեռք բերելու, տիրապետելու և տնօրինելու իրավազորություն ունեն, և ցանկացած շարունակական սահմանափակում իրավունքի խախտում է:
Նշեմ, որ սեփականության իրավունքի խախտումը շարունակական բնույթ ունի, չի դադարում այնքան ժամանակ, քանի դեռ անձը հնարավորություն չի ունեցել անարգել մուտք գործել իրեն պատկանող տարածք ու իրականացնել սեփականատիրոջ իրավազորությունները:
Ադրբեջանը, որպեսզի շարունակականությունը ձևական առումով դադարեցնի, օրենքի մակարդակով փորձելու է դադարեցնել իրավունքը կամ չճանաչել սեփականության իրավունքը այն հիմնավորումներով, որ Սովետական Ադրբեջանի արխիվներում դրանք հաշվառված չեն, իսկ Արցախի Հանրապետության ռեգիստրները՝ որպես չճանաչված պետության ռեգիստրներ, չունեն իրավական ուժ, ու դրանց հիման վրա գույքերի իրավական պաշտպանություն չի կարող տրվել:
Այդ մոտեցումը, սակայն, ընդունելի չէ միջազգային դատական ատյաններում, ուստի արցախահայությունը պետք է հետևողական լինի գույքային հայցեր ներկայացնելու մասով:
ՀՀ Կառավարության չորրորդ գանգատը, կարծեմ նաև առաջինը, ներառում են սեփականության իրավունքին առնչվող հարցեր, այնտեղ սեփականություն ունեցող բոլոր հայերի իրավունքների խախտումները բարձրաձայնված են: Թերևս այդ պայմաններում անհատական գանգատների միջոցով գույքի պաշտպանությունը ինքնուրույն կազմակերպելը այնքան էլ ցանկալի չէ, բայց եթե միջպետական գանգատներից որևէ պարագայում հրաժարում տեղի ունենա, հրամայական է դառնում անհատական գործերով գույքային իրավունքների պաշտպանությունը, ու նման դեպքերում պարզապես պետք է հորդորենք, որ մարդիկ հետևողական լինեն ու անպայմանորեն իրենց գույքային իրավունքների խախտումների վերաբերյալ հայցեր ներկայացնեն ընդդեմ Ադրբեջանի: Միջազգային լավագույն ատյանն այս պարագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է (ՄԻԵԴ):
– Փաստորեն, եթե Հայաստանը հրաժարվի միջազգային հայցերից, ինչը իշխանությունը չի բացառում, մարդիկ էլ հետևողական չլինեն, ապա արցախահայությունն իր ունեցվածքը կորցնելու վտանգի առա՞ջ կկանգնի:
– Այո՛, կարծում եմ միանշանակ կկորցնի իր ունեցվածքը ու կզրկվի նաև իրավական պաշտպանության հնարավորությունից: Իրավունքի պաշտպանությունն էլ ենթարկվում է ժամկետային սահմանափակումների՝ քառամսյա ժամկետն է: Շարունակական խախտումների պարագայում իհարկե կարող են ավելի երկար ժամկետներ կիրառելի լինել, բայց եթե միջպետական գանգատից հրաժարում լինի՝ կարծում եմ, որ այդ փաստը վրա հասնելու պահից սկսած պետք է հաշվարկվի քառամսյա ժամկետ, ու եթե նշված ժամկետը բաց թողնվի, ապա գանգատի քննությունը կենթարկվի ռիսկերի, ու հնարավոր է, որ դատարանը՝ ժամկետ բաց թողնելու հիմքով անընդունելի ճանաչի գանգատները:
Միակ ճանապարհը, որպեսզի այս մասնավորեցման կամ պետականացման գործընթացների իրավականությունը վիճարկվի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հենց գույքային սեփականության իրավունքին առնչվող գանգատներ ներկայացնելն է:
– Տիկի՛ն Սահակյան, իսկ կա՞ն նախադեպեր, որ նման վիճակում հայտնված մարդիկ կա՛մ պետական մակարդակով, կա՛մ անհատական մակարդակով ներկայացրած հայցերի շնորհիվ վերականգնել են իրենց սեփականության իրավունքը:
– Երկու տարբերակով էլ կան օրինակներ. «Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի» գործը հանգեցրեց շատ խոշոր գումարների փոխհատուցման՝ Թուրքիայից Կիպրոսին, բայց նաև անհատական դիմումատուներ են հասել գույքերի փոխհատուցումների, օրինակ՝ «Կիպրանիոն ընդդեմ Թուրքիայի» անհատ դիմումատուն:
Նշեմ, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում էլ կան ավարտված գործեր՝ «Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործն է, երբ Շահումյանից տեղահանված անձինք հետամուտ են եղել իրենց սեփականության իրավունքի պաշտպանությանը: Դատարանն այստեղ տրամադրել է որոշակի փոխհատուցում կրած նյութական ու բարոյական վնասների համար, բայց նաև պարտավորեցրել է իրավիճակը շտկել, բերել նախկին դրության, այսինքն՝ պահանջել է Ադրբեջանից ստեղծել մեխանիզմ՝ տեղահանված հայերի վերադարձը կազմակերպելու և գույքային իրավունքներից օգտվելու հնարավորություն ընձեռել:
Այս գործընթացը ներկայումս գտնվում է Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո, հասկանալի է, որ Ադրբեջանը ձգձգում է՝ դարձնելով քաղաքական ու բանակցային գործընթացի տարր, բայց ուղղակի արձանագրենք, որ իրավական առումով հնարավորությունը կա, այն արդյունավետորեն օգտագործվել է, մնում է նաև հասնել այդ ակտերի ամբողջական կատարման: Նոր տուժողները նույն մոտեցումներով պետք է բարձրացնեն Ադրբեջանի պատասխանատվության խնդիրը՝ գույքային իրավունքներ խախտելու համար:
Քրիստինե Աղաբեկյան
Աղբյուրը՝MediaLab.am https://medialab.am/299980/
