Հայաստան

Եվրոպան Զինվում Է…

Չնայած Եվրոպայում միլիարդավոր եվրոյի վերազինման ծրագրերին, ըստ 2025 թվականի Global Firepower վարկանիշի՝ համաշխարհային ռազմական հզորության դասակարգման առաջատարն է ԱՄՆ-ը։

Հրայր Թամրազյան

Եվրոպան զինվում է․ Գերմանիան նպատակ ունի ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ բանակը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բունդեսվերը պետք է դառնա Եվրոպայի ամենաուժեղ սովորական (ոչ միջուկային) բանակը։ Գերմանիայի նոր արտգործնախարար Յոհան Վադեպֆուլը էլ հայտնել է, որ կառավարությունը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին՝ պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի։ Այս գումարից 3.5%-ը կուղղվի ռազմական կարիքներին, իսկ 1.5%-ը՝ պաշտպանական ենթակառուցվածքներին։

Սա կդառնա անվտանգության քաղաքականության պատմական շրջադարձ՝ ավարտելով սառը պատերազմի ժամանակներից ի վեր որդեգրված ռազմական զսպվածության մշակույթը։ Եթե ծրագիրը իրականացվի, Գերմանիայի պաշտպանության բյուջեն կանցնի տարեկան 160 միլիարդ եվրոն։ Զորքի թվաքանակը մինչև 2031-ը պետք է հասնի առնվազն 203,000-ի։ Ռազմարդյունաբերության առաջատարները՝ Rheinmetall, Airbus Defence and Space և Diehl Group, ակտիվորեն զարգացնում են նաև արտահանման ծրագրերը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն։

Ֆրանսիան՝ ԵՄ միակ միջուկային ուժն է

Ֆրանսիան պահպանում է ռազմական ինքնավարության և համաշխարհային ներկայության ռազմավարությունը՝ ունենալով շուրջ 203,000 զինծառայող։ Ժանդարմերիան  ու այլ կառույցները հաշվառված են առանձին՝ մոտ 175,000 անդամներով։ Միջուկային զսպման քաղաքականության շրջանակում Ֆրանսիան հենվում է «Շարլ դը Գոլ» ավիակրի, ստրատեգիական սուզանավերի ու որոշ միջուկային հնարավորությամբ Rafale կործանիչների վրա։

Նախագահ Էմանուել Մակրոնը մարտին հայտարարել է, որ «ռուսական սպառնալիքը» պահանջում է Ֆրանսիայից գրեթե կրկնապատկել ռազմական ծախսերը։

Լեհաստանը՝ ՆԱՏՕ-ի արևելյան վահանակ

Լեհաստանը 2024-ին ՀՆԱ-ի ավելի քան 4%-ը հատկացրել է պաշտպանությանն ու նախատեսում է մինչև 500,000-անոց բանակ՝ ներառյալ պահեստազորը։ Գնումներ են կատարվել ԱՄՆ-ից և Հարավային Կորեայից՝ տանկեր, HIMARS համակարգեր, դրոններ և F-35 կործանիչներ։ Սակայն լեհական ռազմածովային ուժերը դեռևս թույլ են համարվում։

Մեծ Բրիտանիան շեշտը դնում է բարձր տեխնոլոգիաների վրա

Մեծ Բրիտանիան նախատեսում է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2.4%-ի՝ կենտրոնանալով բարձր տեխնոլոգիաների վրա՝ հատկապես արհեստական բանականության (ԱԲ), դրոնների և լազերային համակարգերի զարգացման։ Թագավորական ռազմածովային և ռազմաօդային ուժերն արդեն համարվում են արդիական։ Երկիրը նախատեսում է գնել տասնյակ նոր F-35 կործանիչներ ԱՄՆ-ից։ Բրիտանական բանակը փոքր է՝ մոտ 140,000 զինծառայող, և թարմացման հիմնական ուղղությունը տեխնոլոգիական վերազինումն է։

Իտալիան՝ ուժեղ օդուժով, բայց բարեփոխման կարիք ունեցող ցամաքային ուժերով

Իտալիան ունի երկու ավիակիրը, հզոր օդուժ, և մոտ 165,000 զինծառայող։ Սակայն ցամաքային ուժերը համարվում են հնացած։ Վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ նպատակ ունի ստեղծել Եվրոպայի ամենազորավոր զրահապատ ուժը։ Իտալիան արդեն պատվիրել է ավելի քան 1,000 տանկ գերմանական Rheinmetall-ից։ Ռազմավարական առումով Իտալիան կենտրոնացած է Միջերկրածովյան տարածաշրջանի և առևտրային ուղիների անվտանգությունն ապահովելու վրա։

Համաշխարհային դասակարգման հավասարակշռությունը չի փոխվում

Չնայած Եվրոպայում միլիարդավոր եվրոյի վերազինման ծրագրերին, ըստ 2025 թվականի Global Firepower վարկանիշի՝ համաշխարհային ռազմական հզորության դասակարգման առաջատարն է ԱՄՆ-ը, որին հետևում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանն ու Հարավային Կորեան։ Մեծ Բրիտանիան վեցերորդն է, Ֆրանսիան՝ իններորդը, իսկ Գերմանիան՝ 11-րդ։

Աղբյուրը՝ Հրայր Թամրազյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1MkBNGxRw9/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *