Հայաստան

Մարուքյանը Լրջանալու Կարիք Ունի

Իրականում շատ անլուրջ էր այս ամենը՝ Էդմոն Մարուքյանի՝ ուղիղ եթերում ընդդիմադիրներին զանգելը, ոչ մի նորմալ մարդու մեջ այդ ամենը նորմալ ասոցիացիաներ չի կարող առաջացնել:

Ալխաս Ղազարյան

 

Եթե Մարուքյանն ուզում է գոնե մի քիչ փրկել իր դեմքը, պետք է հասկանա, որ քաղաքականությունից դուրս գալու ժամանակն է. Ալխաս Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը

– Տիկի՛ն Ղազարյան, ձեր նախկին թիմակիցների՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու ու Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու փաստն ինչպե՞ս եք գնահատում: Խորհրդարանական ընդդիմությունը մերժեց այս գործընթացին միանալու առաջարկը, սպասելի՞ էր սա ձեզ համար:

– Եթե նախորդ անգամ այս պրոցեսն անլուրջ էր, ապա հիմա առավել քան անլուրջ է նաև թեկնածու առաջադրելը, Հովիկ Աղազարյանի ու Էդմոն Մարուքյանի այդ հրճվանքը այս ամբողջ գործընթացում իրականում շատ ծիծաղելի է: Ապշած եմ իրականում այս պրոցեսներից, ինչպես տեսաք, թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ «Պատիվ ունեմ»-ը հեգնական վերաբերմունք արտահայտեցին Էդմոն Մարուքյանի անձի վերաբերյալ, ես նրանց պատասխաններից այդպես եմ հասկացել:

Ամփոփելով՝ ասեմ, որ այս անգամ ամեն ինչ ավելի անլուրջ էր, քան նախորդ անձանց կազմակերպածը: Շատ լավ իմանալով, որ այս գործընթացը ոչ մի տեղ չտանող է, որովհետև 21 թվականից անընդհատ փորձեր են անում, բայց ապարդյուն, այնուամենայնիվ քայլեր են անում, որպեսզի ուշադրություն գրավեն, որպեսզի հաջորդ տարվա ընտրություններին իրենցից ինչ-որ արժեք ներկայացնեն, բայց, կարծում եմ, որ շատ բացասական փորձեր են, ու ավելի բացասական է ազդելու իրենց վարկանիշի վրա:

– Իսկ ընդդիմության նման վերաբերմունքը Էդմոն Մարուքյանի անձի նկատմամբ ինչո՞վ եք բացատրում, օրինակ՝ «Պատիվ ունեմ»-ը ասում է, որ Էդմոն Մարուքյանը նույն Նիկոլ Փաշինյանն է, ու տարբերություն չկա, դրա համար էլ մերժում են գործընթացին միանալը:

– Ես բացարձակապես համակարծիք չեմ, դա ուղղակի հիմնավորում է, թե ինչու չեն միանում գործընթացին: Էդմոն Մարուքյանի արտահայտած մտքերն առհասարակ մեզ հետ որևէ կապ չունեն, իսկ ընդդիմությունը փորձում է ընդամենը արդարացնել իր մերժումը: Կրկնում եմ, իրականում շատ անլուրջ էր այս ամենը՝ Էդմոն Մարուքյանի՝ ուղիղ եթերում ընդդիմադիրներին զանգելը, ոչ մի նորմալ մարդու մեջ այդ ամենը նորմալ ասոցիացիաներ չի կարող առաջացնել:

– Տիկի՛ն Ղազարյան, կարծում եք՝ Էդմոն Մարուքյանը չէ՞ր պատկերացնում, որ վերջնարդյունքը սա է լինելու:

– Դե նա վստահ էր իր քայլերում, ուղիղ եթերով զանգեր էր անում, մտածում էր, թե ինքը լուրջ քաղաքական ֆիգուր է, բայց արդյունքը տեսանք: Ես չգիտեմ, թե սրանից հետո Մարուքյանը ինչ է որոշելու, բայց եթե ինքն ուզում է գոնե մի քիչ փրկել իր դեմքը, ապա պետք է հասկանա, որ քաղաքականությունից դուրս գալու ժամանակն է: Նման անպատասխանատու քայլերով կոնկրետ ոչնչացնում է իր քաղաքական գոյությունը:

– Հասարակական-քաղաքական որոշ շերտերի կարծիքով՝ Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան քաղաքական թիմերի լիդերները շաղկապված են գործում՝ ապահովելով մեկը մյուսի գոյությունը քաղաքական դաշտում, դրա համար էլ ընդդիմությունը չի միանում այսպիսի գործընթացների, չնայած հակառակն են հայտարարում:

– Այո՛, կան մարդիկ, որ նման անհեթեթ միտք են արտահայտում: Բազմիցս ենք ասել, որ խորհրդարանի ընդդիմությունը քաղաքական երկվորյակ է, բայց մեզ հետ նրանց ասոցացնելը աբսուրդ է: Մեր գոյությունը քաղաքական դաշտում նրանցով պայմանավորելը ևս աբսուրդ է, նրանք քաղաքական դաշտում այլևս ծանրակշիռ դեր չունեն, իսկ մենք կանք դաշտում մեր ծրագրերի, նպատակների շնորհիվ:

Իսկ ընդդիմությունը հույսեր ու երազանքներ ուներ խափանել ԱԺ-ի աշխատանքները, ժամանակից շուտ ընտրությունների գնալ, բայց չկարողացավ հասնել դրան, հասկացավ, որ ժողովրդի աջակցությունը չունի, հաշտվել է այդ իրականության հետ ու հանգիստ նստել է տեղները, վերջապես հանգիստ նստել են իրենց տեղերը: Հուսահատ դեմքերով նստել են, որովհետև հասկացան, որ ոչինչ չեն կարող անել, միակ բանը հիմա, որ անում են, փորձելն է խորհրդարանում իրենց թալանը պահել ու այդ հողի վրա պոռթկումներ ունենալ, ուրիշ ոչնչով զբաղված չեն:

Քրիստինե Աղաբեկյան

Աղբյուրը՝MediaLab.am  https://medialab.am/300133/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *