Հակաթրքականությունը, որով պարուրված է մեր ազգային ինքնությունը, մեծապես վնասում է հենց այդ նույն ազգային ինքնությանը, որովհետև այն չի կարող հիմնված լինել հակաթրքականության վրա, հակաթուրք լինելու համար առհասարակ պարտադիր չէ հայ լինելը։
Հայկ Հովյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է արձակագիր Հայկ Հովյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է մտավորականության դերը հասարակության կյանքի ինքնակազմակերպման մեջ, ինչպես նաև նրանց ներգրավվածությունը հասարակական քաղաքական զարգացումներում։
Հովյանն ասաց, որ մտավորականության դերի մասին ամենադիպուկն արտահայտվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` ասելով, որ կլինեն հայհոյանքներ, նախատինքներ և միայն մտավորականությունն է, որ ի վիճակի է լինելու հաշտեցնել կռվող կողմերին։ Այսօր, մտավորականության դերն ու տեղը նկատելիորեն նվազել է, մտավորականի կերպարը` հեղինակազրկվել։ Օրինակ ուսուցիչը, որ ևս մտավորական է, ստիպված է եղել ներգրավել ընտրական գործընթացներում, քաղաքական մանիպուլյացիաներում և այլն։ Ընտրատեղամասերը եղել ու շարունակում են մնալ դպրոցները։ Ուսուցիչը, ում պետք էր ընդհանրապես չխառնել քաղաքականությանը, ոչ միայն ստիպել են, որ խառնվի, այլև իր բաժին մեղսակցությունն ունենա ընդհանուր խայտառակության մեջ։
Մտավորականը իհարկե կարող է ունենալ իր քաղաքական կողմնորոշումը։ Դա նորմալ է։ Մտավորականը նաև պետք է որոշակի խիզախություն ունենա իր կարծիքը հայտնելու համար։ Դա որ միայն պայմանավորված է նրանով, որ Մտավորականը պետք է բարձր գիտակցություն ունենա, այլև, չլինելով իշխանության ձգտող խավ, մտավորականությունը վախենալու կամ զգուշանալու բան չունի, որովհետև նա կաշկանդված չէ կուսակցական սահմանափակումներով։ Բայց ինչպես տեսնում ենք, ոչ բոլորն են բավարար չափով ուժ գտնում իրենց մեջ` խոսելու համար, շատերը մնում են հետ քաշված ու մեկուսացված։
Հովյանը նաև խոսեց այն արժեքների մասին, որոնք ձևավորում են հասարակությանն ու նրա պահվածքը, դառնում են չափորոշիչ։ Արձակագիրը շեշտեց, որ հայոց պատմության մեջ դեռ երբեք չի եղել այնպիսի մի ժամանակահատված, որ նման ահռելի քանակով հայերեն տեքստեր ստեղծվեն, ինչպես, որ հիմա է։ Սա նույնիսկ կարելի է հայ գրականության ոսկեդար համարել։ Բնականաբար մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, կա որակի հետ կապված մտահոգություն, բայց դա էլ ինչ որ չափով ինքնակարգավորվող է, ինչ որ չափով` վերահսկելի։ Մեր գործն այս պարագայում պիտի լինի ոչ թե կանգնեցնել, դադարեցնել տեքստի ստեղծումը, այլ ամեն ինչ անել ավելի որակով տեքստեր ունենալու համար։ Միակ տարբերակը դա է։ Այո, կան խնդիրներ տպագրվող գրականության ընդունման կամ մեկնաբանման, քանակի հետ կապված։ Կան խնդիրներ այն առումով, որ տպագիր գրականություն քիչ է կարդացվում, բայց մենք հաշվի չենք առնում, թե ինչ հսկայական քանակությամբ տեքստ է կարդացվում հենց օնլայն տիրույթում։
Արձակագիրը խոսեց ազգային ինքնության ու դրա շուրջ ծավալված քննարկումների մասին։ Նա նշեց, որ հակաթրքականությունը, որով պարուրված է մեր ազգային ինքնությունը, մեծապես վնասում է հենց այդ նույն ազգային ինքնությանը, որովհետև այն չի կարող հիմնված լինել հակաթրքականության վրա, հակաթուրք լինելու համար առհասարակ պարտադիր չէ հայ լինելը։ Մենք և սա պիտի հասկանանք, ինչպես նաև վերաֆորմատավորենք մեր հարաբերությունները մեր հարևանների եւ դաշնակցի հետ։ Մենք անցած երեսուն տարվա ընթացքում շատ ենք խոսել մեր դաշնակցի պարտականությունների մասին, որոնք այդպես էլ չեն կատարվել։ Մեր պատկերացմամբ Ռուսաստանը պիտի հայերի կողքը կանգնած լիներ, մինչդեռ Ռուսաստանը ոչ թե նույնիսկ մոդերատոր եղավ այդ հարցերում, այլ Ադրբեջանին պաշտպանեց, չնայած նաև այն բանին, որ հայ֊ռուսական հարաբերությունները ոչ թե տարիների, այլ դարերի պատմություն ունեն։
Աղբյուր`
