Արցախ

Հետպատերազմյան Մի Քանի Սխալներ

Հայաստանը խորհրդարանի մակարդակով պետք է հայտարարեր, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի հանդիսանում Արցախի 120 հազար հայերի անվտանգության երաշխավորը։ Շատերը քննադատում են նման մոտեցումը, բայց քաղաքականությունը ստիպում է բավականաչափ ճկուն լինել և այդ հայտարարությամբ Հայաստանը գոնե Ռուսաստանին խնդրի հասցեագրում կաներ։ Այն պահից ի վեր, ինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Արցախում խաղաղապահներ տեղակայելու հրամանը, այդ պահից էլ Արցախի հայերի անվտանգության երաշխավորը դարձան ռուսները։

Վահրամ Աթանեսյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը զրուցել է Արցախի նախկին պատգամավոր, արձակագիր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ և Արցախի իշխանությունների քաղաքական որոշումները 2020թ․ պատերազմից հետո և դրանց նշանակությունը Արցախի հետագա ճակատագրի վրա։

Վահրամ Աթանեսյանն ասաց, որ նախ և առաջ ինքն իրեն և մյուս բոլորին է մեղավոր համարում, որ մի մասը չկարողացավ, մի մասը չուզեց, մի մասը չհասկացավ, որ պետք էր կանգնել Արայիկ Հարությունյանի կողքին, ոչ թե անձի, այլ՝ Արցախի նախագահի։ Որովհետև այն պահից ի վեր, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին զրկեցին իր Սահմանադրական լիազորություններն իրացնելու հնարավորությունից ու նա իջավ հրապարակ, այդ պահին Արցախի սուբյեկտայնությունը զրոյացավ։ Ի վերջո միայն մենք չէինք այդ ամենը տեսնում։ Դա տեսնում էին Բաքվում, Անկարայում, Մոսկվայում, Փարիզում և այլուր։ ՈՒ դա անհետևանք չէր կարող մնալ։

Արձակագիրը, անդրադառնալով ՀՀ իշխանությունների գործողություններին 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, ասաց, որ առնվազն մի քանի կոպիտ սխալ է արվել նրանց կողմից, որոնք իրենց բաժինն են ունեցել հետագա իրադարձությունների վրա։ Նախ և առաջ, Հայաստանը խորհրդարանի մակարդակով պետք է հայտարարեր, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի հանդիսանում Արցախի 120 հազար հայերի անվտանգության երաշխավորը։ Շատերը քննադատում են նման մոտեցումը, բայց քաղաքականությունը ստիպում է բավականաչափ ճկուն լինել և այդ հայտարարությամբ Հայաստանը գոնե Ռուսաստանին խնդրի հասցեագրում կաներ։ Այն պահից ի վեր, ինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Արցախում խաղաղապահներ տեղակայելու հրամանը, այդ պահից էլ Արցախի հայերի անվտանգության երաշխավորը դարձան ռուսները։ Սա մի պարզ ճշմարտություն էր, որը Հայաստանում գուցե չկարողացան հասկանալ։ Իսկ եթե ՀՀ ԱԺ-ը նման մի քայլ աներ, ապա ՌԴ արտգործնախարար Լավրովը Երևանում չէր ասի, Ռուսաստանն ի՞նչ անի, եթե Երաևնն ինքն է Ադրբեջանը ճանաչել Ադրբեջանի մաս։
Արայիկ Հարությունյանը փորձում էր հասկացնել, որ ռուսները ոչ մի բան էլ չեն անելու, կապի հնարավորություն չեն տալու, չեն ապահովելու, բայց դա ևս անհետևանք մնաց։ Ընդհակառակը, Արայիկ Հարությունյանին վերագրվեց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի կողմից Ասկերան այցն ու ռուս խաղաղապահների հետ բանակցությունները և այլն։

Մյուս ակնառու սխալներից մեկն էլ այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի ժամանակ ռազմական դրություն հայտարարեց Արցախում՝ պատերազմը իրավական առումով իր վրա վերցնելով, մինչդեռ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հյասատանում ռազմական դրություն հայտարարված չէր։ Հայաստանն օգնում էր Արցախին, օժանդակում էր ամեն հարցով, առանց այդ օգնության Արցախի պաշտպանության ուժերը նույնիսկ մեկ ժամ անգամ չէի դիմանա, եթե Հայաստանից եկող մատակարարումները չլինեին։ Հայաստանը Արցախին տվել է ամեն ինչ ու նորմալ մարդիկ ոչ միայն չպիտի վրդովվեն, այլ պիտի հիշեն, թե ինչ խուճապային տրամադրություն էր ստեղծվում, երբ թեկուզ մեկ օր Երևանից ուղղաթիռ չէր ժամանում Ստեփանակերտ, որն իր հետ բերում էր ամենաանհրաժեշտը՝ բենզինից մինչև շաքար ու կոնֆետ։ Կամ ինչպե՞ս մոռանալ, որ հենց Հայաստանի ջանքերով  կանխվեց Լաչինի միջանցքի գրավումն ադրբեջանցիների կողմից, երբ ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի կոշտ հրամանով այդ ամենն իրականացրին ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատները։ Այո՛, Հայաստանը Արցախին տվել է ամեն ինչ, բայց իրավական առումով պատերազմն իր վրա չի վերցրել, թեև փաստացի հանդիսացել է այդ պատերազմի կողմերից մեկը։ Իսկ 2020-ին, երբ ռազմական դրություն հայտարարվեց, ապա Հայաստանն իր վրա վերցրեց այդ իրավական պատասխանատվությունը։

Վահրամ Աթանեսյանը նշեց նաև, որ հաջորդ մեծ սխալը, որ աչք էր ծակում՝ Հայաստանի ու Արցախի ղեկավարության մեջ շփման որակի իջեցումն էր, բացահայտ կոնֆլիկտը, տեղեկատվական արտահոսքը։ Եթե Երևանը մի բան էր որոշում, ապա Արցախում անում էին հակառակը։ Արցախում ԱԺ մակարդակով արգելում էին Արայիկ Հարությունյանին՝ միջամտել ՀՀ արտաերթ խորհրդարանական ընտրություններին։ Մի՞թե մենք կարող էինք ականատես լինել նման բանի օրինակ 90-ականներին, ասենք տեսնեինք, որ Արցախի իշխանությունները մեղղադրեին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ անձնական շփումների համար, արտահոսք կազմակերպվեր և այլն։

Վահրամ Աթանեսյանն ասաց, որ Արցախում իրավիճակն այնպիսին պիտի լիներ, որ Արայիկ Հարությունյանը ողջ իշխանությանը հավաքեր մի սեղանի շուրջ և ասեր, որ ճակատագիրը մեզ կանգնեցրել է մի ընտրության առաջ ու մենք այժմ պիտի Բաքվի հետ բանակցենք մեր՝ Արցախում մնալու, կամ Արցախից հեռանալու պայմանների շուրջ, ոչ թե Շահրամանյանը գնար և ստորագրեր Արցախի ոչնչացման փաստաթուղթը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *