Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Պետական անվտանգության գերակայությունը պահանջում էր, որպեսզի Արցախի ռազմա-քաղաքական վերնախավի բոլոր ներկայացուցիչներն անցնեին համապատասխան ստուգում: Հակառակ դեպքում ամիսներ անց հարկ չէր լինի ոստիկանության ներգրավմամբ փորձել պարզել, թե Արցախից ինչ քանակի եւ որակի զենքեր են Հայաստան տեղափոխվել, ում ձեռքում են կենտրոնացված եւ ինչ նպատակի պետք է կամ կարող էին ծառայել:

Վահրամ Աթանեսյան

Մաս 74

Արցախից հայ բնակչության «տարհանումն» , այսպիսով, սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 25 –ին եւ ավարտվել հոկտեմբերի 3-ին, երբ Հայաստան են տեղափոխվել Սամվել Շահրամանյանը եւ իշխանության վերջին ներկայացուցիչները: Քաղաքական խնդիրը մի կողմ թողած՝ բավական հետաքրքիր է այն հանգամանքը, թե մարդիկ որտե՞ղ եւ ինչպե՞ս են ապաստան գտել:

Այս առումով ուշագրավ է, որ սեպտեմբերի 25-ին Հայաստանի իշխանությունների հետ աֆիլացված լրատվամիջոցները եւ թելեգրամյան ալիքներն արդեն իսկ հաղորդել են, որ Սյունքի մարզի Կոռնիձոր համայնքի տարածքում ստեղծվում են վրանային ճամբարներ:

Այդ տեղեկատվությունից պարզ հասկացվում էր, որ Արցախի հայ բնակչության բռնատեղահանությունը ժամանակի եւ «տեխնիկայի» խնդիր է:

Իրականում, սակայն, Կոռնիձորի «վրանային ճամբարը» միայն քարոզչական նպատակ էր հետապնդում: Հայաստանի իշխանություններն Արցախից բռնատեղահանված որեւէ անձի նկատմամբ, այսպես ասած՝ «ֆիլտրացիոն» միջոցառումներ չեն կիրառել. Սահմանը հատած բոլոր անձինք հնարավորություն են ունեցել անարգել մուտք գործել իրենց համար նախընտրելի բնակավայր, այդ թվում՝ մայրաքաղաք Երեւան:

Ազգային միասնականության եւ ողբերգության առջեւ հավասարության սկզբունքի նկատառմամբ, իհարկե, չափազանց բարդ կլիներ Կոռնիձորում մի քանի օրով արգելափակել ադրբեջանական ագրեսիայից մազապուրծ մարդկանց եւ նրանց ենթարկել «առանձնահատուկ ստուգման», բայց դա միայն էմոցիա է:

Պետական անվտանգության գերակայությունը պահանջում էր, որպեսզի Արցախի ռազմա-քաղաքական վերնախավի բոլոր ներկայացուցիչներն անցնեին համապատասխան ստուգում: Հակառակ դեպքում ամիսներ անց հարկ չէր լինի ոստիկանության ներգրավմամբ փորձել պարզել, թե Արցախից ինչ քանակի եւ որակի զենքեր են Հայաստան տեղափոխվել, ում ձեռքում են կենտրոնացված եւ ինչ նպատակի պետք է կամ կարող էին ծառայել:

Երկրի անվտանգությունը ենթակա չէ քաղաքական նպատակահարմարության կամ պատերազմին հաջորդած իրավիճակի նկատմամբ հանդուրժողականության: Այս իմաստով Արցախից բռնատեղահանված բնակչության համար առայսօր գերխնդիր է մնում այն, որ պետական նախկին պաշտոնյաները, ուժային կառույցների եւ ՊԲ պատասխանատուները, գործարար շրջանակները հիմնականում հաստատվել են Երեւանում, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ՝ ցրվել Հայաստանի տարբեր մարզերով:

Նրանց սոցիալական վիճակի միջեւ տարբերությունը հսկայական է. Տասնյակ հազարավոր մարդիկ ունենան տարրական ապահովության խնդիր, իսկ Արցախի վերնախավը բնակություն է հաստատել Երեւանում: Ընդ որում, այստեղ էլ ամեն ինչ ըստ աստիճանահագության է. մի փոքր զանգված բնակվում է Երեւանի կենտրոնում ձեռք բերված տանը, համեմատաբար ցածր կարգի պաշտոնյաները բնակարան ունեն Հայաստանի մայրաքաղաքի նվազ էլիտար հատվածներում, երրորդ դասի չինովնիկությունը հաստատվել է «արվարձաններում»:

Հատկապես վերջին ամիսներին Երեւանի այս կամ այն հատվածում Արցախի նախկին պաշտոնյաները բացել են խանութներ, հյուրանողներ, մերձակա առողջարանային գոտիներում՝ «հացատներ»: Նրանք հաճախ կրկնում են ստեփանակերտյան իրենց «օբյեկտների» անվանումները:

Ի՞նչ հարաբերությունների մեջ են այդ մարդիկ Հայաստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ: Բռնատեղահանված բնակչության մեծամասնության կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է նաեւ նրանց նկատմամբ կիրառել ապօրինի գույքի մասին օրենքը: Ոչ ոք, իհարկե, Արցախի նախկին պաշտոնյային չի կարող մեղադրել, թե ինչու՞ Երեւանում նույնանուն առեւտրի սրահ է բացել: Խնդիրն այն է, որ նա պարտավոր է ապացուցել, որ հինգ միլիոն դոլար գումարն Ստեփանակերտում վաստակել է «արյուն-քրտինքով»: Բոլորն ունեն անձնական բնակարանի իրավունք, բայց ստեփանակերտցի նախկին լրագրողը պետք է հիմնավորի, որ ստեղծագործական աշխատանքից «հոնորարարի խնայած միջոցներով» է Հյուսիսային պողոտայում էլիտար բնակարան գնել:

Հայաստանի իշխանությունները, պատկան մարմինները դեռեւս այս եւ բազմաթիվ այլ հարցերի չեն անդրադարձել, չեն արձագանքել Արցախի նախկին պաշտոնյաների ունեցվածքի մասին տեղեկություններ հրապարակելու հանրային պահանջին: Ինչու՞, ի՞նչ է նրանց կապում Արցախի իշխանության ներկայացուցիչների, առաջին հերթին՝ այսօր Երեւանում ձեռնարկատիրությունը եւ քաղաքական գործունեությունը համատեղողների հետ:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *