Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Գաղտնիք է մնում, թե Արցախի քաղաքական ուժերը ներկայումս ի՞նչ դիրքավորում ունեն: Նրանք միասնաբար աջակցելու են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ բաժանվելու են երկու կամ երեք թիմերի:

Վահրամ Աթանեսյան

Գաղտնիք Մեր Ղարաբաղի Խոսքը

« Մեր Ուղին» այսպիսով եզրափակում է Վահրամ Աթանեսյանի «Գաղտնիք Ղարաբաղի» շարքը: Հանձնառու չենք պնդելու, թե հեղինակին հաջողվել է տեսնել, առավել եւս՝ իմանալ բոլոր գաղտնիքները եւ, մանավանդ, հիմնովին բացահայտել դրանց պատճառա-հետեւանքային կապերը: Նման աշխատանքը կպահանջի տեւական ժամանակ, մեծ ջանքեր եւ, իհարկե, տեղեկությունների հասանելի աղբյուրներ:

Մեր հեղինակը հատկապես վերջինից զրկված է, քանի որ բռնատեղահանության օրերին Ստեփանակերտում արխիվները ոչնչացվել են, չեն գործում նախագահի, Ազգային ժողովի, արտաքին գործերի նախարարության կայքերը, իսկ իրադարձությունների դերակատար կուսակցությունները, որպես կանոն, իրենց փաստաթղթերը պահում են «յոթ կողպեքի» տակ:

Մենք, այդուհանդերձ, կարծում ենք, որ փաստերի նշագրումն իսկ կարեւոր է. հետագայի ուսումնասիրողը կարող է հիմք ընդունել մեր «բացահայտած գաղտնիքները» եւ դրանց հիման վրա խորանալ արխիվներում, բացահայտել փաստեր եւ հանգամանքներ, որ կամ կհաստատեն մեր հեղինակի տեսակետները, կամ՝ կհերքեն: Երկու դեպքում էլ դա օգտակար կլինի թե Արցախին, թե Հայաստանին, թե Սփյուռքին մանավանդ, որտեղ վերջին ավելի քան երեք տասնամյակների մեր պատմության հանդեպ վերաբերմունքն առավելապես զգայական է:

Մեր Ուղին

Մաս 75

Մայիսի 21-ին Արցախի Ազգային ժողովը գումարել է նիստ, որին, ինչպես մամուլի հրապարակումներից ենք տեղեկանում, մասնակցել են բոլոր խմբակցությունները: Ներկա է գտնվել 28 պատգամավոր, օրակարգում եղել է մեկ՝ ԱԺ նախագահի ընտրության, հարցը: Այդ առթիվ ոչ Արցախի տեղեկատվական շտաբը, ոչ խորհրդարանի մամուլի ծառայությունը պաշտոնական տեղեկություն չեն տարածել: Մամուլը փոխանցում է, որ քվեարկությունը եղել է միաձայն, Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ներկայացուցիչ Աշոտ Դանիելյանը:

Ուշագրավ է, որ այդ ընտրության կապակցությամբ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերաբերմունք չի արտահայտել, խորհրդարանի նորընտիր նախագահին չի շնորհավորել: Արձագանքներ չկան նաեւ Աբխազիայից, Հարավային Օսեթիայից եւ Մերձդնեստրից՝ հետխորհրդային տարածքի չճանաչված պետություններից, որոնց հետ Արցախը տասնամյակներ շարունակ պահպանել է ջերմ հարաբերություններ:

Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության մասին մամուլը հայտնել է հաջորդ օրը: Ինչո՞վ է պայմանավորված գաղտնապահությունը՝ կարելի է միայն ենթադրել. մայիսի 21-ին Երեւանում է գտնվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 Եթե նույն օրը տեղեկություն տարածվեր, որ Արցախի խորհրդարանականները նոր ղեկավար են ընտրել, ապա տպավորություն կստեղծվեր, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի երեւանյան այցը դրան նպաստել է: Մոսկվայի համար նման ընկալումն, անշուշտ, նպատակահարմար չէ, Բաքուն կարող է դժգոհել, որ Ռուսաստանը «շարունակում է աջակցել Ղարաբաղի սեպարատիստներին»:

Երեւանյան մի շարք լրատվամիջոցներ, սակայն, հղում անելով «վստահելի աղբյուրների», պնդում են, որ Լավրովը Հայաստանի իշխանություններին «պարտադրել է, որպեսզի Արցախի պետական ինստիտուտների հանդեպ հակաքարոզչությանը վերջ տան»: Ի՞նչ աղբյուրներից է քաղված այս տեղեկությունը՝ հայտնի չէ: Պարզ է, սակայն, որ Ստեփանակերտի քաղաքական վերնախավը եւ Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը գործում են համախոհությամբ: Ըստ տեղեկությունների, մոտակա օրերին Ազգային ժողովն Արցախի նախագահի պաշտոնում կվերընտրի Սամվել Շահրամանյանին:

Ի՞նչ նպատակ է հետապնդում քաղաքական այդ գործընթացը: Դատելով տեղեկատվությունից՝ Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի լիազորությունների երկարաձգումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հարցի հնարավոր վերարծարծմամբ: Ստեփանակերտը հրապարակային քննադատության է ենթարկվել Նիկոլ Փաշինյանին, երբ նա ասել է, որ Հայաստանում նոր ղարաբաղյան շարժում չի լինելու:

Այս իրավիճակում բավական կարեւոր է, որ Ազգային ժողովի նախագահի ընտրությանը մասնակցել է նաեւ «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին Սամվել Շահրամանյանը ընտրությունը բոյկոտել է եւ անցած ավելի քան մեկուկես տարում Ազգային ժողովի քաղաքական հայտարարություններին չի միացել:

«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել: Նա նախկինում երկու անգամ այդ ճանապարհն անցել է, բայց հինգ տոկոսի շեմը չի հաղթահարել: Ստեփանակերտի քաղաքական շրջանակներում համարում են, որ Բաբայանը «Նիկոլ Փաշինյանից հեռավորություն պահելու խնդիր ունի»:

Մեծ է հավանականությունը, որ Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որին կհետեւի Սամվել Շահրամանյանին նոր լիազորություններով օժտելու որոշումը, քաղաքական որոշակի կոնսոլիդացիան տեղի են ունենում Հայաստանի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանությամբ:

Գաղտնիք է մնում, թե Արցախի քաղաքական ուժերը ներկայումս ի՞նչ դիրքավորում ունեն: Նրանք միասնաբար աջակցելու են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ բաժանվելու են երկու կամ երեք թիմերի:

 Պարզ չէ, թե ո՞ր թեւում է լինելու ՀՅԴ Արցախի կառույցը: Եթե Դաշնակցությունը որոշի, որ խորհրդարանական ընտրությունների է գնում առանձին, ապա Արցախի դաշնակցականները սատարելու՞ են Հայաստանի կուսակիցներին, թե՞ աջակցելու են Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին: Պետականության կորստից հետո Արցախն այլեւս ինքնուրույն դերակատար չէ: Ի՞նչ դեր է նրան վերապահված Հայաստանում: Սա արդեն գաղտնիք չի մնա. Ընտրությունները կբացահայտեն արցախյան ողբերգության մոտիվացիան եւ հիմնական դերակատարներին: Ժամանակը հեռու չէ:

Վերջ

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *