Ա՞յն, որ Ադրբեջանը բոլորին՝ անգամ հակադիր շահեր ունեցող ուժային կենտրոնններին՝ ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, Իրան /Թուրքիայի մասին էլ չասենք/ շատ հետևողականորեն համոզել էր, որ ստատուս քվոն պետք է փոխվի, ու դրանից բոլորը կշահեն, ու ձեռք էր բերել պատերազմի հարցում ակտիվ ու պասիվ դաշնակիցների ահռելի բանակ, իսկ Հայաստանի միակ հույսը այն էր, թե Ռուսաստանը “տարածաշրջանում ստատուս-քվոյի միակ ու ամենահուսալի երաշխավորն է ու թույլ չի տա այն խախտել, թույլ չի տա իր դաշնակցի, հիմա՝ իր “դիրքերի” թուլացում Կովկասում”․․․․
Ստյոպա Սաֆարյան
Արցախյան վերջին պատերազմում Հայաստանին պարտության մեջ մեղադրող շրջանակները հիմնական փաստարկներից մեկն են բերում միջազգային հարաբերությունների անարխիկ բնույթը՝ այն բանաձևելով “ուժն է ծնում իրավունք”։
Առարկել չեմ պատրաստվում, անգամ հնարավոր էլ չէ, բայց ասացեք խնդրեմ՝ ո՞րն էր անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի բալանսը, որ հաղթելու կամ Արցախն ամբողջությամբ պահելու ու պաշտպանելու նվազագույն հույս տար․․․
Ա՞յն, որ 2015թ․-ից ի վեր համաձայն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վարկանիշային աղյուսակների՝ Ադրբեջանի բանակը ամենամարտունակ բանակների առաջին հիսունյակի մեջ էր, իսկ հայկական բանակը՝ 100 բանակներին հաջորդող 3-րդ հիսունկյակում․․․
Ա՞յն, որ Ադրբեջանի տնտեսությունը և ռազմական բյուջեն մի քանի պատիկ ավելին էին, քան Հայաստանինը ու Արցախինը, Ադրբեջանի ձեռքբերած սպառազինությունների գործարքների մոտ Հայաստանի ձեռքբերածները ոչ միայն խղճուկ էին, այլ նաև անհամարժեք ուրվագծվող բարձր տեխնոլոգիական պատերազմին․․․
Ա՞յն, որ Ադրբեջանը, ինչպես բեղավորն է հպարտորեն հայտարարում, ավելի մեծ կամք ուներ Արցախ “վերադառնալու”, ու միջազգային ատյաններում քաղաքական բայաթիներով ու մուղամներով հիմնավորում էր, որ դա իր պատմական տարածքն է, մենք բավարարվում էինք ներքին լսարանում “Արցախը մերն է ու վերջ” կրկնելով ու բաժակաճառերով․․․
Ա՞յն, որ 3 տասնամյակ անց Հայաստանի ու Արցախի բնակչության թիվը ոչ միայն չէր աճել, այլ նվազել էր, իսկ Ադրբեջանը մոտեցել էր 10 միլիոն բնակչի սահմաններին․․․
Ա՞յն, որ Ադրբեջանը բոլորին՝ անգամ հակադիր շահեր ունեցող ուժային կենտրոնններին՝ ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, Իրան /Թուրքիայի մասին էլ չասենք/ շատ հետևողականորեն համոզել էր, որ ստատուս քվոն պետք է փոխվի, ու դրանից բոլորը կշահեն, ու ձեռք էր բերել պատերազմի հարցում ակտիվ ու պասիվ դաշնակիցների ահռելի բանակ, իսկ Հայաստանի միակ հույսը այն էր, թե Ռուսաստանը “տարածաշրջանում ստատուս-քվոյի միակ ու ամենահուսալի երաշխավորն է ու թույլ չի տա այն խախտել, թույլ չի տա իր դաշնակցի, հիմա՝ իր “դիրքերի” թուլացում Կովկասում”․․․
Այս ամբողջ թվարկվածն ու դեռ չթվարկած շատ անհավասարություններ հենց ուժային բալանսն են եղել ու մնում՝ անկախ “տարածաշրջանում ամենամարտունակ բանակի” հեթիաթների, դավադրության ու պայմանավորված պատերազմի տեսությունների․․․
Հետևաբար, որտե՞ղ են մեր պարտության արմատները․ այնտեղ, որտեղ տասնամյակներով թուլացրել էինք ամեն ինչ․ սխրանք գործող հասարակության փոխարեն ձևավորելով կոտրված, ճնշված, հետապնդված ու ընտրակաշառքին սովորեցված հասարակություն, ուժեղ ու դիմակայուն պետական ինստիտուտների փոխարեն՝ կոռուպցիայից փտած ու նեխած բուտաֆորիաներ, երկրի բյուջեի աճելու փոխարեն նախկին իշխանությունների բարձրագույնից մինչև ստորին օղակների անձնական հարստության բազմապատկում․․․
Այնպես չէ, որ միակ անարդարն աշխարհն է կամ նրա անարխիկ կառուցվածքը, որ “իրավունքն է ծնում ուժ” կարգախոսը փոխարինել է “ուժն է ծնում իրավունքի”․․․ Մենք երկու կարգախոսի գործելու ժամանակ էլ ապաշնորհ ու պարտված ենք եղել․․․
Աղբյուրը ՝ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=2842871825918298&id=100005865248939&mibextid=wwXIfr&rdid=nRAySIR84X4YtZHc#
