Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը դարձավ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության նոր չեմպիոնը, թեև ներքաղաքական պատճառներով չվերընտրվեց երկրի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց անմիջապես առաջ կայացած ընտրություններում։ Նա Եվրոպային կոչ էր անում զարգացնել սեփական պաշտպանական կարողությունները և ռազմարդյունաբերությունը՝ ընդգծելով, որ Եվրոպան առանց ԱՄՆ-ի բավարար ուժեղ չէ և բավարար դիմադրողունակություն չունի։
Սոսի Թաթիկյան
(Մաս չորրորդ)
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը
ՆԱՏՕ-ն և Ֆինլանդիան տասնամյակներ շարունակ ունեցել են ընդհանուր արժեքներ և սերտ համագործակցություն։ Առանց ՆԱՏՕ֊ի անդամ լինելու, Ֆինլանդիան հաջողությամբ զարգացնում էր ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ռազմական բարձր կարողություններ՝ ԳՀԽ֊ի շրջանակներում ՆԱՏՕ֊ի ծրագրերին, զորավարժություններին, առաքելություններին և գործողություններին առանց անդամակցության հնարավոր առավելագույն մասնակցության միջոցով։ Այսպիսով, այն հասել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի հետ փոխգործունակության բարձր աստիճանի և ռազմական բարձր պատրաստվածության։
Ի տարբերություն Շվեդիայի, մինչև ուկրաինական պատերազմը Ֆինլանդիայում չկար ՆԱՏՕ-ին անդամակցելու հանրային պահանջ։ Ֆինլանդիան բավարարված էր չեզոքության իր քաղաքականությամբ և ՆԱՏՕ֊ի հետ որպես գործընկեր իր համագործակցությամբ։ ՆԱՏՕ-ն հարգում էր ռազմական դաշինքների չմասնակցելու՝ ազգային լայն քաղաքական կոնսենսուս վայելող Ֆինլանդիայի քաղաքականությունը։
Ֆինլանդիայի պաշտոնական դիրքորոշումն ու հանրային կարծիքը կտրուկ փոխվեցին Ուկրաինայում ՌԴ֊ի կողմից պատերազմի սանձազերծումից հետո՝ պայմանավորված այն վախով, որ Ռուսաստանը կարող է ներխուժել նաև Ֆինլանդիա, և որ դա հնարավոր է կանխել միայն ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության համակարգի մաս դառնալով։ Եթե նախկինում ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ էր բնակչության մեկ երրորդը, ապա այդ հարաբերակցությունը մի քանի օրում հասավ երեք քառորդի։ Ինչպես նշում է Ֆինլանդիայի նախկին վարչապետ Ալեքսանդր Ստաբը, ում կուսակցությունը նախկինում ՆԱՏՕ-ին անդամակցության միակ աջակիցն էր եղել, որի պատճառով տարաձայնություններ էր ունեցել երկրի այլ առաջնորդների հետ, այդ կտրուկ փոփոխության պատճառն էր վախը և իրատեսությունը։ Բոլոր երեք հիմնական կուսակցությունները սկսեցին պաշտպանել անդամակցությունը ՆԱՏՕ֊ին։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը դարձավ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության նոր չեմպիոնը, թեև ներքաղաքական պատճառներով չվերընտրվեց երկրի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց անմիջապես առաջ կայացած ընտրություններում։ Նա Եվրոպային կոչ էր անում զարգացնել սեփական պաշտպանական կարողությունները և ռազմարդյունաբերությունը՝ ընդգծելով, որ Եվրոպան առանց ԱՄՆ-ի բավարար ուժեղ չէ և բավարար դիմադրողունակություն չունի։ Նա նաև Ուկրաինային զենքերի, ֆինանսական և մարդասիրական օգնության միջոցով առավելագույն աջակցություն ցուցաբերելու ակտիվ ջատագով էր։
Ժողովրդավարական ներքին գործընթացից հետո, սակայն, առանց հանրաքվեի, Ֆինլանդիան, Շվեդիայի հետ միաժամանակ, 2022-ի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին ներկայացրեց անդամակցության պաշտոնական խնդրանք։ Մադրիդի գագաթնաժողովից անմիջապես հետո, ՆԱՏՕ-ի անդամ երեսուն պետությունների ղեկավարներն ավարտեցին անդամակցության բանակցությունները և հուլիսի 5-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրեցին երկու երկրների անդամակցության արձանագրությունները՝ նրանց շնորհելով հրավիրյալի կարգավիճակ և նրանց ներկայացուցիչներին թույլ տալով մասնակցել ՆԱՏՕ-ի հանդիպումներին։ Դրան հաջորդեց Ֆինլանդիայի անդամակցության արձանագրության վավերացումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից։ 2023-ի ապրիլի 4-ին վավերացման գործիք հանդիսացող արձանագրությունը հանձնվեց ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն մասնակցեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ֆինլանդիայի դրոշի բարձրացման արարողությանը, և Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի անդամակցության գործընթացը հետաձգվեց Թուրքիայի և Հունգարիայի ընդդիմության պատճառով և ավարտին հասավ 2024-ի մարտի 7-ին։
Ֆինլանդիայի անդամակցության նշանակությունը երկրի և ՆԱՏՕ-ի համար
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությամբ ՆԱՏՕ-ՌԴ արևելյան սահմանը երկարեց 1344 կմ-ով՝ ՆԱՏՕ-Ռուսաստան սահմանը գրեթե կրկնապատկելով։ Հարց է ծագում, թե արդյոք ՆԱՏՕ-ի համար ձեռնտու է Ռուսաստանի հետ սահմանների փաստացի կրկնապատկումը, թե դա անվտանգային նոր սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար։
Ըստ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի, ՆԱՏՕ-ն առավել ապահով է դառնում Ֆինլանդիայի անդամակցությամբ, քանի որ այն դիմակայուն պետություն է, Ֆինլանդիայի զինված ուժերի կարողությունները բարձր են, և դրանք երկար տարիներ աշխատել են ՆԱՏՕ-ի ուժերի կողքին՝ որպես գործընկերներ։
Ֆինլանդիան աշխարհի տեխնոլոգիական առաջնորդներից է, այդ թվում 5G-ի բնագավառում։ Ֆինլանդիայի զինված ուժերն ունակ են համարվում պաշտպանել երկրի սահմանները՝ սահուն կերպով ինտեգրվելով Դաշինքի նոր տարածաշրջանային ռազմական ծրագրերի մեջ։ ՆԱՏՕ-ին միանալը Ֆինլանդիայի համար նշանակում է վերանայել իր դիրքավորումը Եվրոպայում և միայնակ գործելու երկարամյա հոգեբանությունը փոխել այլ երկրների հետ ինտեգրվածի և միասնաբար գործողի մտածողության։
Ֆինլանդիայի անդամակցությունն ամրապնդում է ՆԱՏՕ-ի անվտանգությունը և խորացնում ՆԱՏՕ-ի ձգողականության կենտրոնի՝ ԱՄՆ֊ի աջակցությունը վայելող տեղաշարժը դեպի Եվրոպայի հյուսիս և արևելք։ Ֆինլանդիայի աշխարհագրական դիրքը կարևորվում է, քանի որ այն ՆԱՏՕ-ի համար Սուվալկիի միջանցքն է ապահովում դեպի բալթյան երկրներ։ Ֆինլանդիան 2 միլիարդ դոլարին համարժեք աջակցություն է տրամադրել Ուկրաինային, որը բաղկացած է պաշտպանական ոլորտում աջակցությունից և հումանիտար օգնությունից։
Ֆինլանդիայի անդամակցումը նաև բարոյական հաղթանակ է ՆԱՏՕ-ի համար՝ ապացուցելով, որ Ռուսաստանը չկարողացավ խոչընդոտել իր հարևանի անդամակցությունը, և որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի արդյունքում, որը Պուտինը սկսեց Ուկրաինայի անդամակցությունը խոչընդոտելու և ՆԱՏՕ֊ն պառակտելու նպատակով, ՆԱՏՕ֊ն համալրվեց։ Ինչպես նշեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Ֆինլանդիայի անդամակցությունն աշխարհին ցույց է տալիս, որ Պուտինին չհաջողվեց «ՆԱՏՕ-ի դուռը փակել տալ» և «ավելի քիչ» ՆԱՏՕ-ի փոխարեն, այն հասավ հակառակ արդյունքի՝ «ավելի շատ» ՆԱՏՕ-ի, և ՆԱՏՕ-ի դուռը հաստատակամորեն բաց թողնելուն։
[շարունակելի]
Աղբյուրը՝
