ՄԵՐ ՈՒՂԻՆ

«Լաչինի Պակտը» եւ Խոզնավարի Կրակոցները

Հայաստանի նախկին իշխանությունները լրջագույն թերացում են ունեցել՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը չսկսելով Իրանի հետ սահմանից: Հնարավո՞ր է կորցրածը վերադարձնել: Հնդկաստան-Իրան-Սեւ ծով նախագիծ, այո, քննարկվում է: Բայց դրանից ուղղակիորեն չի հետեւում, թե Պարսից ծոց-Սեւ ծով երթուղին «անպատճառ կանցնի Հայաստանով»: «Լաչինի պակտը» հնարավորություն է, որպեսզի Հնդկաստանը կողմնորոշվի Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու օգտին:

Վահրամ Աթանեսյան

Հայաստանի փորձագիտական որոշակի շրջանակներ Լաչինում Էրդողան-Ալիեւ-Շարիֆ հանդիպումը դիտարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կամ Հարավային Կովկասի ստատուս-քվոյի շուրջ տարածաշրջանային տերությունների մրցակցության կտրվածքով: Իրականում, կարծես, գործ ունենք շատ ավելի խորքային գործընթացի հետ, որի ծրագրավորումն ընդգծված աշխարհաքաղաքական է, իսկ իրական շահառուները Հարավային Կովկասից հազարավոր մղոններով հեռու են: Եթե ըստ էության գնահատելու լինենք, ապա Թուրքիան եւ Պակիստանը միջազգային քաղաքականության սատելիտ դերակատարներ են:

Պակիստանի ռազմական հզորություն մասին տեղեկություններն «առասպելի» ժանրից են: Այդ երկիրը սեփական ռազմաարդյունաբերություն չունի, «պակիստանյան» կոչվող կործանիչները, միջին հեռահարության բալիստիկ հրթիռները եւ միջուկային մարտագլխիկները փաստացի չինաստանյան են: Իսկ չին-պակիստանյան սիներգիան պարզ բացատրություն ունի. Չինաստանը եւ Հնդկաստանը տարածքային չկարգավորված խնդիրներ ունեն եւ գլոբալ առումով ռազմա-քաղաքական հակառակորդներ են: Զորացնելով Պակիստանին՝ Չինաստանը «պատերազմում է» Հնդկաստանի դեմ, մրցակցում նրա հետ:

Այսպիսով, Անկարա-Բաքու-Իսլամաբադ առանցքը Չինաստանի աշխարհաքաղաքական կրեատուրան է, ուղղված է Հնդկաստանի դեմ, հետապնդում է Հնդկաստանի միջազգային դերակատարությունը չեզոքացնելու կամ առնվազն նվազեցնելու նպատակ: Ըստ էության, այդ «եռյակ միությունը» նաեւ հակառուսաստանյան է, Վլադիմիր Պուտինի  «Մեծ Եվրասիա» նախագծի դեմ է, Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը ռուսաստանյան ազդեցության տիրույթից դուրս բերելու կոնկրետ տնտեսա-կոմունիկացիոն եւ ռազմա-անվտանգային «ենթապրոյեկտ է», որ քաղաքական նախագծման փուլից իրականության կարող է վերածվել, եթե Իրանը կամ ներգրավվի դրան, կամ գոնե չխոչընդոտի: Միամտություն է պնդել, թե Ադրբեջանը չորս միլիարդ դոլար է ծախսում, Պակիստանից հիսուն կործանիչ է գնում, որպեսզի Հայաստանի դեմ պատերազմ սկսի: Պակիստանա-ադրբեջանական  այդ գործարքի կնքահայրը Չինաստանն է:

Թե ինչու՞ է Պեկինը Բաքվում «պլացդարմ» ստեղծում՝ բազմաշերտ քննարկման հարց է: Առարկայական է, որ թուրք-ադրբեջանա-պակիստանյան «Լաչինի պակտը» Հնդկաստանի դեմ է, որ իր հերթին ձգտում է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ազդեցություն ունենալ: Այստեղ է Հայաստանի «խաղաղության խաչմերուկ» ծրագրի փորձությունը: Այս հարցում է, որ Հայաստանի նախկին իշխանությունները լրջագույն թերացում են ունեցել՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը չսկսելով Իրանի հետ սահմանից: Հնարավո՞ր է կորցրածը վերադարձնել: Հնդկաստան-Իրան-Սեւ ծով նախագիծ, այո, քննարկվում է: Բայց դրանից ուղղակիորեն չի հետեւում, թե Պարսից ծոց-Սեւ ծով երթուղին «անպատճառ կանցնի Հայաստանով»: «Լաչինի պակտը» հնարավորություն է, որպեսզի Հնդկաստանը կողմնորոշվի Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու օգտին:

Ի՞նչ դիրքորոշում կունենա Իրանը, որ Ռուսաստանի հետ ռազմավարական նշանակության հաղորդակցության տրանզիտ է ընտրել ադրբեջանական երթուղին: Չինաստան-Հնդկաստան մրցակցության բուն պատճառը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վեցերորդ մշտական անդամի հարցն է: Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կսատարե՞ն Հնդկաստանին, Ռուսաստանը կպաշտպանի Չինաստանի՞ն: Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի ԱԽ վեցերորդ մշտական անդամի հարցում համաձայնության կգա՞ն: Թուրքական աշխարհը սեփական հավակնություններ ունի՞: Այս բարդ խճապատկերի ֆոնին Խոզնավարի ուղղությամբ կրակոցներն ի՞նչ առարկայական նպատակ են հետապնդում:

Վահրամ Աթանեսյան

( Մեր Ուղին)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *