Պուտինը, ըստ որոշ տեղեկությունների, օրվա ընթացքում մի քանի խորհրդակցություններ է անցկացրել, ինչպես նաեւ գումարել Անվտանգության խորհրդի նիստ: Պետք է, ամենայն հավանականությամբ, սպասել ռեզոնանսային պաշտոնանկությունների, այդ թվում՝ ԳՇ Հետախուզության գլխավոր վարչությունում:
Վահրամ Աթանեսյան
Ստամբուլում նախատեսված բանակցություններից քսանչորս ժամ առաջ Ուկրաինայի հատուկ ծառայություններն Ռուսաստանի տարածքում չորս ռազմական օդանավակայան են խոցել, պայթեցրել երկու կամուրջ: Տեւական լռությունից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ ուկրաինական կողմի «ահաբեկչությունների հետեւանքով մի քանի օդանավեր վնասվել են, զինծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի շրջանում մարդկային կորուստներ չկան»:
Ի՞նչ չափի եւ որակի վնաս է կրել Ռուսաստանի ռազմական ավիացիան՝ ոչ ոք ստույգ չի իմանա: Ուկրաինան հայտնում է 41 օդանավի, այդ թվում՝ ռազմավարական նշանակության հրթիռակիրների լրիվ ոչնչացման մասին: Այդ տեղեկությունը հաստատում են արեւմտյան լրատվամիջոցները: Ամենայն հավանականությամբ, նրանք օգտվում են իրենց երկրների հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկություններից:
Բայց տվյալ դեպքում ավելի մեծ է Ռուսաստանի վարկանիշային եւ, անշուշտ, քաղաքական կորուստը: Ըստ որոշ աղբյուրների, այդ հատուկ գործողությունն Ուկրաինան նախապատրաստել է մեկուկես տարվա քրտնաջան աշխատանքով: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական դրոնները ռազմական օդանավակայանները գրոհել են մոտ տարածքից: Ուկրաինական աղբյուրներն ասում են, որ դրոնները եւ անհրաժեշտ զինամթերքը Ռուսաստանի տարածք է փոխադրվել նախօրոք: Դա վկայում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն այնքան էլ «մշտարթունք աչք» չեն, ինչպես ընդունված է նրանց մասին ասել: Քաղաքական առումով Ռուսաստանի կորուստը պետք է, հավանաբար, դիտարկել երկու կտրվածքով:
Ուկրաինայի հետ գտնվելով պատերազմական իրավիճակում, Ռուսաստանը, բնականաբար, այդ երկրի հետ ազատ հաղորդակցություն չունի: Դրոնները եւ անհրաժեշտ զինամթերքն Ռուսաստանի տարածք հասցնելու համար Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, օգտվել է երրորդ երկրի/երկրների լոգիստիկ հնարավորություններից: Այս առումով Ռուսաստանի հետ ազատ տեղաշարժ ունեցող բոլոր երկրները կասկածի տակ են:
Քաղաքական «անհարմարության» երկրորդ կողմն արդեն Ռուսաստանի ներքին խնդիրն է. դրոններ, անհրաժեշտ զինամթերք հասցնել այլ երկրի տարածք, այնտեղ ստեղծել ԱԹՍ-երի արձակման հարթակներ, իրականացնել հարձակում եւ այդ ընթացքում չբացահայտվել՝ նշանակում է այդ երկրում ունենալ «հինգերորդ շարասյուն», գործակալական ցանց, որի ընդգրկման աշխարհագրությունը Կրասնոդարից հասնում է Մուրմանսկ, Բելգորոդից՝ Իրկուտսկ:
Մտածել, որ պատերազմի ավելի քան երեք տարիներին Ռուսաստանի հատուկ ծառայություններն Ուկրաինայում համանման գործողություն իրականացնելու փորձ չեն արել եւ առաջնորդվել են բացառապես կոնվենցիոնալ պատերազմի ասպետական սկզբունքներով, միամտություն է: Հունիսի 1-ի ուկրաինական բացառիկ ռազմագործողությունը վկայում է, որ Ռուսաստանը ներքին լրջագույն խնդիրներ ունի:
Ուկրաինայի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, հավանաբար, հաշվարկել է, որ նման ծավալի հարձակումը Կրեմլում կարող է ներքին սուր հակասություններ սադրել: Դա միանգամայն օրինաչափ է: Վլադիմիր Պուտինը, ըստ որոշ տեղեկությունների, օրվա ընթացքում մի քանի խորհրդակցություններ է անցկացրել, ինչպես նաեւ գումարել Անվտանգության խորհրդի նիստ: Պետք է, ամենայն հավանականությամբ, սպասել ռեզոնանսային պաշտոնանկությունների, այդ թվում՝ ԳՇ Հետախուզության գլխավոր վարչությունում:
Հունիսի 1-ին ուկրաինական «նոու-հաուն», իհարկե, ռուս-ուկրաինական պատերազմի ելքը չի կանխորոշում: Ռուսաստանյան մամուլն արդեն կանխատեսում է, որ Ուկրաինան կենթարկվի զանգվածային հրթիռակոծությունների, Պուտինը գործի կդնի «Օրեշնիկ» համակարգը: Ստամբուլի բանակցություններից ակնկալիքներ գրեթե չկան: Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական հարցերով Յուրի Ուշակովի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում հազիվ թե Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպում կազմակերպվի: Axsios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինան ծրագրված հատուկ գործողության մասին ԱՄՆ-ին նախապես տեղեկացրել էր:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Աղբյուրը՝ tiv1.am https://tiv1.am/252492.html?fbclid=IwY2xjawKqiMtleHRuA2FlbQIxMQABHtwLNRZQatI22ckF093qSzoKgAz_LQ-YQN7EyrpJE7e7v_2xzd4TFJPSCTW1_aem_82YIRNRjq8WuK_icfcaQrA
