Ելնելով Ուկրաինայում ունեցած խնդիրներից, դժվար է ակնկալել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ‑ի անդամ Ֆինլանդիայի ուղղությամբ որևէ ռազմական գործողություն։ Սակայն Ֆինլանդիայի հանդեպ Ռուսաստանի կողմից հիբրիդային, այդ թվում կիբերային և ապատեղեկատվական հարձակումներն աճել են։
Սոսի Թաթիկյան
(Մաս հինգերորդ)
Թուրքիայի և Հունգարիայի կողմից խոչընդոտման փորձերը
ՆԱՏՕ֊ի ընթացակարգի համաձայն, Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության արձանագրությունները պետք է վավերացվեին ՆԱՏՕ‑ի անդամ երկրների խորհրդարաններում։ Թուրքիան և Հունգարիան վերապահումներ ունեին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ, սակայն, այնուամենայնիվ, վավերացրին համապատասխան արձանագրությունը, իսկ Շվեդիայի անդամակցության մասին արձանագրության վավերացումը սառեցվեց թե՛ Թուրքիայում, և թե Հունգարիայում։ Էրդողանի առարկությունները պայմանավորված էին երկու երկրներում գործող և Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) հանդեպ Ֆինլանդիայի և Շվեդիայի հանդուրժողականությամբ և նրանց հանդեպ միջոցներ կիրառելուց հրաժարվելով։ Օրբանի կողմից խոչընդոտումը պայմանավորված էր Հունգարիայում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ երկու երկրի քննադատությամբ։ Հունգարիան մի քանի անգամ հետաձգեցխորհրդարանում քվեարկությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ և պատվիրակություն ուղարկեց երկու երկրներ՝ «քաղաքական տարաձայնությունները» քննարկելու համար։
Երբ պարզ դարձավ, որ Թուրքիան խոչընդոտելու է Շվեդիայի անդամակցությանը, Ֆինլանդիան կանգնեց ընտրության առջև՝ սպասել Շվեդիայի հետ միասին հնարավոր անդամակցությանը կամ ընտրել միայնակ անդամակցելու ճանապարհը։ Պետական անվտանգությունից և ի տարբերություն Շվեդիայի, անմիջական անվտանգային ռիսկերից ելնելով, Ֆինլանդիան ընտրեց երկրորդ տարբերակը։ Սակայն Անկարա կատարած այցելության ժամանակ Ֆինլանդիայի նախագահը նշեց, որ եթե անգամ Ֆինլանդիայի անդամակցությունն ավելի արագ է հաստատվում, Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումները փոխլրացնող են։
2023-ին Ֆինլանդիան ամերիկյան Lockheed Martin ընկերությունից գնեց 64 հատ F‑35 ինքնաթիռ, որոնց վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2022‑ի փետրվարին։ Բացի այդ, 2023‑ի դեկտեմբերին ֆիննական ռազմարդյունաբերական Patria ընկերությունը Lockheed Martin֊ի հետ ստորագրեց Ֆինլանդիայի կարողությունները զարգացնելու համաձայնագիր, այսինքն՝ ինքնաթիռի պատրաստվածությունն ապահովելու վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի, Ֆինլանդիայի պաշտպանության ուժերն ազգային լուծում կստանան F‑35֊ի նյութատեխնիկական սպասարկման և տեխնոլոգիական զարգացման համար։ Patria ընկերությունը կհամագործակցի Ֆինլանդիայի արդյունաբերական ոլորտի հետ՝ ինքնաթիռի բաղադրիչները հավաքելու նպատակով։ Ֆինլանդիայում կստեղծվեն 600 աշխատատեղեր՝ այս համաձայնագիրը մինչև 2031֊ը կենսագործելու համար։
Վերջապես, 2023‑ի դեկտեմբերին ԱՄՆ֊ն ու Ֆինլանդիան ստորագրեցին պաշտպանական համագործակցության ոլորտում համաձայնագիր։ ԱՄՆ֊ն այսպիսի համաձայնագրեր ունի նաև Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ։ Շվեդիայի հետ այդ համաձայնագիրը ստորագրվեց մի քանի օր ավելի վաղ, թեև ՆԱՏՕ֊ին Շվեդիայի անդամակցության գործընթացն ավարտվեց երեք ամիս հետո։
Ռուսաստանի արձագանքը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը հապշտապ քայլ էր Ֆինլանդիայի կողմից, և իշխանությունները որոշումը կայացնելիս հաշվի չեն առել հանրային կարծիքն ու չեն անցկացրել հանրաքվե։ Ռուսաստանը նշեց, որ ՆԱՏՕ‑ն ևս մեկ քայլ է կատարել մոտենալու Ռուսաստանի տարածքին և սպառնաց, ստիպված կլինի պատասխան ռազմա-տեխնիկական քայլեր ձեռնարկել՝ հզորացնելու համար երկրի սահմանային պաշտպանությունը և ռազմական անվտանգությունը արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Քայլերի ընտրությունը կախված կլինի ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի ինտեգրման պայմաններից, ինչպես օրինակ՝ ՆԱՏՕ‑ի զինված ուժերի, ռազմական ենթակառուցվածքների և գրոհային զենքերի համակարգերի տեղակայումից։
Ռուսաստանի ԱԳՆ‑ն հիշեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆինլանդիայի կայացրած «իմաստուն» քաղաքականությունը՝ չանդամակցելու որևէ ռազմական դաշինքի և փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հարևանների հետ։ Ռուսաստանի կարծիքով, ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը «խաթարել է Ֆինլանդիայի ինքնությունն ու անկախությունը»՝ Ֆինլանդիան դարձնելով ՆԱՏՕ‑ի անդամ փոքր պետություններից մեկը, որոնք որևէ որոշում չեն կարող կայացնել և միջազգային հարաբերություններում զրկվում են խոսքից։ Նշվել է, որ պատմությունը ցույց կտա ՆԱՏՕ-ին անդամակցության հետևանքները, և Ֆինլանդիայի այս որոշումը բացասաբար կանդրադառնա ռուս-ֆիննական հարաբերությունների վրա։
Ելնելով Ուկրաինայում ունեցած խնդիրներից, դժվար է ակնկալել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ‑ի անդամ Ֆինլանդիայի ուղղությամբ որևէ ռազմական գործողություն։ Սակայն Ֆինլանդիայի հանդեպ Ռուսաստանի կողմից հիբրիդային, այդ թվում կիբերային և ապատեղեկատվական հարձակումներն աճել են։ ՆԱՏՕ֊ին անդամակցելուց հետո Ռուսաստանի կողմից որևէ գործողություն ֆիննական սահմանների մոտ չի նկատվել, սակայն Ռուսաստանը կիրառեց հերթական հիբրիդային միջոցը՝ անօրինական զանգվածային արտագաղթը ուղղորդելով դեպի Ֆինլանդիա, որին ի պատասխան Ֆինլանդիան երկու երկրների միջև պատնեշ կառուցելու որոշում ընդունեց։ Ուկրաինական պատերազմի հետևանքով, մեծ քանակությամբ ռուսաստանցի տղամարդիկ փախել են Ֆինլանդիա, որպեսզի խուսափեն ռազմական մոբիլիզացումից։ Ֆինլանդիան դադարեցրել է մուտքի արտոնագրեր տրամադրել ՌԴ‑ի քաղաքացիներին, դա բացատրելով նրանով, որ անընդունելի է Ռուսաստանի վերին ու միջին խավի քաղաքացիներին արձակուրդներ անցկացնել Եվրոպայում, մինչ նրանց բանակը հանցագործություն է գործում Ուկրաինայում։
[Շարունակելի]
Աղբյուրը‘
