Հայաստանի եվրոպական ինտեգրումը ընթանում է սահմանափակ միջավայրում՝ տարածաշրջանային անապահովության, թույլ տրանսպորտային կապերի, տնտեսական կախվածության և Ռուսաստանի կայուն ազդեցության պայմաններում։ Հետազոտողները նշում են, որ ԵՄ-ն ցուցաբերել է աճող քաղաքական հետաքրքրություն, սակայն անդամակցության հստակ հեռանկարի բացակայությունը սահմանափակում է դրա փոխակերպող ներուժը։
Սոսի Թաթիկյան
(Մաս վեցերորդ)
Հայաստանի ռազմավարական վերադասավորում. շրջում, հավասար հեռավորություն, պաշտպանողականություն, թե բազմակի կողմնորոշում
Այս շրջանում հայ և միջազգային վերլուծաբանները հրապարակեցին հոդվածներ և կարծիքներ՝ քննարկելով Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը։ Ոմանք կասկածի տակ են դրել արևմտյան շրջման իսկությունը՝ նշելով, որ Հայաստանը վերջնական խզում չի իրականացրել ավանդական դաշնակիցների հետ և շարունակում է մնալ խորքային կախվածության մեջ՝ հատկապես Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից։ Մյուսները շեշտել են նման շրջման հետ կապված ռիսկերը՝ զգուշացնելով, որ դա կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական գերակշռության ռիսկերի՝ առանց համարժեք քաղաքական ու անվտանգային փոխհատուցման։ Նրանք զգուշացնում են, որ Հայաստանը կարող է կրկնել Վրաստանի և Ուկրաինայի սխալները։
Ի հակադրություն, այլ վերլուծաբաններ դա համարում են վաղուց ուշացած քայլ՝ կոչ անելով ԵՄ-ին համարժեք աջակցություն ցուցաբերել։ Ավելի պրագմատիկ գնահատականները ճանաչում են Հայաստանի արևմտամետ կողմնորոշումը՝ միաժամանակ ընդգծելով Արևմուտքի անվտանգության երաշխիքների սահմանափակությունը և պաշտպանում բազմավեկտոր մոտեցումը՝ հարմարեցված Հայաստանի սահմանափակ հնարավորություններին։ Մեկ այլ դիտանկյունից Հայաստանի նոր ձևավորվող արտաքին քաղաքականությունն ընկալվում է որպես բազմավեկտոր հավասարակշռման մարտավարություն՝ նպատակ ունենալով պահել հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային դերակատարների հետ՝ ամրապնդելով ինքնիշխանությունն ու ճկունությունը։
Ավելի նրբաճաշակ վերլուծությունները առաջ են քաշում, որ Հայաստանը ոչ թե շրջում է իրականացնում, այլ իրականացնում է հավասար հեռավորության քաղաքականություն՝ նպատակ ունենալով նվազեցնել կախվածությունը որևէ մեկ ուժից՝ միաժամանակ պահպանելով ներգրավվածություն բոլոր կենտրոնների հետ։ Մեկ այլ շրջանակում Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացումը դիտարկվում է որպես երեք փուլից բաղկացած գործընթաց՝ սկզբնական շրջում դեպի Արևմուտք, հետո դիվերսիֆիկացում, և վերջապես պաշտպանողականություն՝ տարածաշրջանային անկայունության պայմաններում։
Այս հոդվածը առաջարկում է նոր վերլուծական դիտանկյուն՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը որպես չափազանց զգուշավոր, համատեքստային հարմարվողականություն՝ հիշեցնող Սառը պատերազմի Ֆինլանդիայի ռազմավարությունը։ Այն նպատակ ունի չեզոքացնել ռուսական սպառնալիքը՝ նվազեցնելով կախվածությունը, ամրապնդելով ինքնիշխանությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան՝ միաժամանակ պահպանելով ԵՄ անդամակցության ձգտումը։ Սակայն ի տարբերություն Ֆինլանդիայի՝ Հայաստանը գործում է առավել անկայուն միջավայրում՝ Ադրբեջանի (և հնարավոր է՝ Թուրքիայի) մշտական սպառնալիքի պայմաններում, չունենալով եվրոպական անմիջական հարևաններ։ Եթե «ֆինլանդացման» մոդելը ենթադրում էր չեզոքություն սահմանափակ ինքնավարության դիմաց, ապա Հայաստանի մոդելը՝ բազմակի կողմնորոշումը, ավելի ակտիվ և բազմակողմանի ճկունություն է։
Եզրակացություններ և քաղաքական առաջարկներ. ձգտումները համադրել ռազմավարական իրողությունների հետ
Հայաստանի եվրոպական ինտեգրումը ընթանում է սահմանափակ միջավայրում՝ տարածաշրջանային անապահովության, թույլ տրանսպորտային կապերի, տնտեսական կախվածության և Ռուսաստանի կայուն ազդեցության պայմաններում։ Հետազոտողները նշում են, որ ԵՄ-ն ցուցաբերել է աճող քաղաքական հետաքրքրություն, սակայն անդամակցության հստակ հեռանկարի բացակայությունը սահմանափակում է դրա փոխակերպող ներուժը։ ԵՄ արդյունավետությունը կախված է այն բանից, թե որքանով կկարողանա հարմարեցնել իր մոտեցումը Հայաստանի խոցելիություններին՝ պահպանելով երկարաժամկետ ռազմավարական ներգրավվածությունը։
Թեև ԵՄ անդամակցության գաղափարը մնում է կենսունակ հայ հասարակության լիբերալ-եվրոպամետ շրջանակներում, ընդհանուր հանրային ընկալումը լի է կասկածներով՝ պայմանավորված տարածաշրջանային անկայունությամբ, ԵՄ անվճռականությամբ և քաղաքական մոտիվացիայի անորոշությամբ։ Պահպանողական եվրասկեպտիկներն ու ռուսամետ ուժերը անդամակցության ձգտումները համարում են անիրատեսական։ Այնուամենայնիվ, ռեֆորմների կողմնակից հանրությունն ու քաղաքացիական հասարակությունը դիտարկում են այդ գործընթացը ոչ միայն որպես աշխարհաքաղաքական ընտրություն, այլ որպես համակարգային բարեփոխումների՝ ինքնիշխանության, անվտանգության, թափանցիկության և ժողովրդավարության ամրապնդման ձևաչափ։
Սակայն դեռևս կան էական խոչընդոտներ։ ԵՄ-ի «ընդլայնման հոգնածությունը», ներքին բաժանումները և տրանսատլանտյան փոփոխվող հարաբերությունները սահմանափակում են նրա կարողությունը՝ Հայաստանին տրամադրելու հստակքաղաքական ուղղություն։ Հայաստանն էլ իր հերթին չունի ԵՄ-ի հետ ուղիղ աշխարհագրական կապ։ Վրաստանի թեկնածության կարգավիճակի սառեցումը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բացակայությունը կտրում են հասանելի ճանապարհները։ Միաժամանակ, Հայաստանը ենթակա է արտաքին ու ներքին ճնշումների։ Ադրբեջանը փորձում է խափանել խաղաղության պայմանագրի գործընթացը՝ կիրառելով ուժի սպառնալիք, թշնամական հռետորաբանություն և անընդունելի նախապայմաններ։ Ռուսաստանն էլ՝ տնտեսական լծակներով, էներգետիկ կախվածությամբ և իր կողմնակիցներով՝ խոչընդոտում է եվրոպական ուղին։ Այս երկու ուժերի մեթոդների համադրմամբ իրականանում է համակարգված հիբրիդական հակազդեցություն ԵՄ-Հայաստան գործընկերության խորացմանը։
Քաղաքական առաջարկություններ
I. ԵՄ-ին՝ Հաստատել Վստահություն, Ուժեղացնել Ներգրավվածություն
• Հստակ ճանաչել Հայաստանի անդամակցության ձգտումները՝ առանց պաշտոնական թեկնածության։
• Խորացնել ոլորտային համագործակցությունը՝ տնտեսության և էներգետիկայի դիվերսիֆիկացիայի համար։
• Աջակցել կառավարման, արդարադատության և մարդու իրավունքների ինստիտուցիոնալ բարեփոխումներին։
• Վճռական դիրք ընդունել՝ հրաժարվելով «կեղծ համարժեքության» քաղաքականությունից։
• Պայմանականություն սահմանել Ադրբեջանի հետ՝ պահանջելով վերջ դնել ճնշումներին։
• Աջակցել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» նախաձեռնությանը։
• Տարածել պաշտպանական աջակցությունը ԵՄ խաղաղության հիմնադրամի միջոցով։
• ԵՄ դիտորդական առաքելությանը տրամադրել երկարաժամկետ մանդատ։
• Վերահաստատել, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները կհանգեցնեն պատժամիջոցների։
II. Հայաստանին՝ Շարունակել Համարձակ և Հավասարակշռված Կուրս
• Կառուցել ժողովրդավարությունը՝ որպես ներքին կայունության հիմք։
• Նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և ձևակերպել ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհ։
• Դիվերսիֆիկացնել տնտեսական և էներգետիկ կապերը՝ ԵՄ ստանդարտներին համապատասխանեցմամբ։
• Պահպանել հետևողական և հստակ արտաքին քաղաքական ուղերձներ։
• Զերծ մնալ միակողմանի ճնշումների տակ ընկնելուց՝ հավասարակշռելով բոլոր ուժերի միջև։
Այս ռազմավարական մոտեցմամբ Հայաստանը կկարողանա կառուցել գործնական, ճկուն և հեռանկարային հարաբերություն ԵՄ-ի հետ՝ հիմնված ժողովրդավարական վերափոխման և աստիճանական ինտեգրման վրա՝ պահպանելով ինքնիշխանությունը մի խիստ անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում։
Վերջ
Աղբյուրը՝
