«Կոլցո» ռազմագործողության ընթացքում բացահայտվեց, որ Ադրբեջանի եւ ԽՍՀՄ բոլոր պատժիչ մարմինները, այդ թվում՝ դատախազությունը, տիրապետում է Շարժման ստորագրահավաքի կազմակերպիչների, գյուղական, շրջանային եւ մարզային խորհրդի նստաշրջան նախաձեռնողների ցուցակներին՝ բնակավայր առ բնակավայր, ամենավերջին մանրամասնություններով:
Վահրամ Աթանեսյան
Մաս 8
Ղարաբաղյան Շարժման սկզբնավորման շրջանում խորհրդային ՊԱԿ-ն ի՞նչ դերակատարություն է ունեցել: Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում վկայություններ է բերում, որ դեռեւս 1987 թվականի աշնանը Ստեփանակերտից Բաքու ծառայողական գործուղման մեկնած մի քանի անձինք, որոնց անունները, բնականաբար, նա չի հանրայնացնում, Ադրբեջանի իրենց վերադաս գերատեսչությունների ղեկավարներին «մասնավոր խոսակցության կարգով հայտնել են, որ ինքնավար մարզում Հայաստանի հետ միավորման պահանջով ստորագրահավաք է կազմակերպվում»:
Ալիզադեն, հիմք ընդունելով Ադրբեջանի մի քանի նախկին պաշտոնյաներից ստացած տեղեկությունները, գրում է, որ «այդ մարդիկ, լինելով ադրբեջանցի հայրենասերներ, Ստեփանակերտից ստացած տեղեկությունները փոխանցել են կառավարության անդամներին», բայց ստացել հրահանգ, որ «իրադարձություններին միջամտելու անհրաժեշտություն չկա»: Ադրբեջանցի քաղաքագետը տարակուսում է, թե հանրապետական ՊԱԿ-ն ինչու՞ է ուշադրությունից դուրս թողել Ստեփանակերտում» ծայր առած խմորումները»:
Արդեն 1991 թվականին, երբ Ստեփանակերտում իշխանությունը տրված էր Ադրբեջանի Կազմկոմիտեին, որի հենարանը ԼՂԻՄ եւ հարակից շրջանների արտակարգ դրության պարետությունը եւ ԽՍՀՄ ՆԳ նախարարության ներքին զորքերը եւ ՊԱԿ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումներն էին, պարզ դարձավ, թե խորհրդային Ադրբեջանի եւ ԽՍՀՄ հատուկ ծառայություններն ինչու են «աչք փակել» ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու պահանջով ստորագրահավաքի կազմակերպման, մարզխորհրդի նստաշրջան գումարելու եւ համապատասխան որոշում ընդունելու հանդեպ:
«Կոլցո» ռազմագործողության ընթացքում բացահայտվեց, որ Ադրբեջանի եւ ԽՍՀՄ բոլոր պատժիչ մարմինները, այդ թվում՝ դատախազությունը, տիրապետում է Շարժման ստորագրահավաքի կազմակերպիչների, գյուղական, շրջանային եւ մարզային խորհրդի նստաշրջան նախաձեռնողների ցուցակներին՝ բնակավայր առ բնակավայր, ամենավերջին մանրամասնություններով: Այդ անձինք, որոնց թիվը մի քանի հարյուր էր, անխտիր մեղադրվում էին «ծայրահեղականության եւ անջատողականության» մեջ եւ բացահայտվելու դեպքում ենթակա էին անհապաղ ձերբակալման:
Պարզ էր, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, հրահանգավորված լինելով ԽՍՀՄ ՊԱԿ-ից, ղարաբաղյան Շարժումն «անուշադրության են մատնել», որպեսզի անուն առ անուն բացահայտեն նախաձեռնողներին, կազմակերպիչներին, ակտիվիստներին, ում արդեն 1991 թվականի ամռանը կարելի էր ներկայացնել նաեւ «ապօրինի զինված խմբավորումներում ներգրավվելու եւ ադրբեջանցի խաղաղ բնակիչներին ահաբեկելու» մեղադրանք:
Այդ շրջանում՝ 1991 թվականի գարուն-ամռան չորս ամիսներին, Ստեփանակերտում եւ ինքնավար մարզի հայկական խոշոր բնակավայրերում խորհրդային պատժիչ զորքերը եւ Ադրբեջանի ՆԳ հատուկ նշանակության ջոկատայիններն իրենց գործողությունների համար հիմք էին ընդունում «անձնագրային ռեժիմի ստուգման անհրաժեշտությունը»: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ «Հայաստանից հազարավոր երիտասարդներ տեղափոխվել են ԼՂ եւ Ադրբեջանի տարածքում բնակվում են ապօրինաբար»:
Նման տեղեկություն Ադրբեջանը եւ ԼՂ-ում տեղակայված խորհրդային պատժիչ ուժերը կարող էին ունենալ միայն ՊԱԿ-ի մարզային եւ շրջանային բաժիններից: Բացահայտվեց, որ խորհրդային հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Ստեփանակերտ եւ ԼՂ շրջաններ գործուղված լրագրողների անվան տակ կարողացել են վստահություն ձեռք բերել եւ համապատասխան տեղեկություններ փոխանցել Արտակարգ դրության շրջանի զինվորական պարետությանը, ԽՍՀՄ ՆԳՆ օպերատից-քննչական խմբին, Ադրբեջանի ՊԱԿ-ին: Ստացված բոլոր տեղեկությունները փոխանցվել են Ադրբեջանի դատախազությանը, որն էլ հարյուրավոր անձանց դեմ քրեական գործեր է հարուցել եւ նրանց նկատմամբ հետախուզում հայտարարել:
Խորհրդային հատուկ ծառայությունները միաժամանակ տարբեր խողովակներով Լեռնային Ղարաբաղում նարատիվ էին շրջանառել, որ «տեղում հայ բնակչությունը ճանաչում է Կազմկոմիտեի իշխանությունը, նրա հետ համագործակցում, բայց Երեւանից եկած էմիսարները նրանց սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով»: Դա հետապնդում էր Արցախի հայ բնակչությունը պառակտելու, լայն խավերի շրջանում Շարժման որոշ հայտնի դեմքերի վարկաբեկելու, տարբեր խմբավորումները մեկը մյուսի դեմ լարելու, բախումներ հրահրելու նպատակ: Այդ իրողությունը բացահայտվեց, երբ ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Կազմկոմիտեի նախագահ Վիկտոր Պոլյանիչկոն «պատվոգիր է շնորհել ՆԳ մարզային վարչության մի քանի աշխատակիցների»: Հաղորդագրության նենգամտությունն այն էր, որ հատուկ շեշտված էր՝ պարգեւատրված աշխատակիցներն «ազգությամբ հայ են»:
(Շարունակելի)