Միջազգային

ՌԴ Քաղաքացիությունը Երաշխիք Չէ

Ռուսաստանը ոչ միայն իր համապատասխան կառույցներն ի սպաս է դրել, որպեսզի նա առեւանգվի եւ տեղափոխվի Բաքու, այլեւ նրա դեմ քրեական գործին իրավական տեսք տալու հիմքեր է ապահովում:

Վահրամ Աթանեսյան

Ռուսաստանի քաղաքացիությունը Բաքվի հետապնդումներից ազատվելու երաշխիք չէ

Ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը ֆեյսբուքի անձնական էջում սենսացիոն բացահայտում է արել: Ըստ այդմ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, էթնիկ թալիշ Զահիրադին Իբրահիմովը 2025 թվականի մարտի 26 –ին դուրս է եկել ՌԴ Եկատերինբուգ քաղաքի իր բնակարանից, ինչից 15 րոպե անց նրա հեռախոսակապն անջատվել է: Իբրահիմովը Եկատերինբուրգում աշխատանքից ազատ ժամերին սոցցանցային հրապարակումներ էր անում եւ պատմում թալիշ ժողովրդի պատմությունից, մշակույթից, ազգային սովորույթներից:

Նույն օրը Զահիրադին Իբրահիմովի ազգականները, որ ապրում են Լենքորանի հիմնականում թալիշաբնակ շրջանում, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից էլեկտրոնային ծանուցում են ստացել, որ նա ձերբակալված է, գտնվում է ՊԱԾ-ի քննչական մեկուսարանում: 

Ըստ Յունուսովի, երբ Ադրբեջանի ՊԱԾ աշխատակիցներն Իբրահիմովին Բաքվի օդանավակայանի սահմանային անցակետ են հասցրել, պարզվել է, որ նրա մուտքն Ադրբեջան արգելված է, բայց միջադեպն արագ հարթվել է: Քննչական մեկուսարան տեղափոխելուց հետո Իբրահիմովի համար պետությունը հանրային պաշտպան է նշանակել, որ հենց առաջին օրը հայտարարել է, թե իր պաշտպնյալը խոստովանել է, որ համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, ինչի դիմաց ֆինանսական աջակցություն է ստացել:

Իբրահիմովի հարազատները ստիպված են եղել հրաժարվել «դատապաշտպանի ծառայությունից» եւ պայմանագիր կնքել հայտնի փաստաբան Ջավադովի հետ: Վերջինս Իբրահիմովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով առաջին դատական նիստին բացահայտել է գործի ամբողջ անհեթեթությունը. Իբրահիմովին ներկայացված է պետական դավաճանության մեղադրանք, իսկ դա կիրառելի է միայն Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող անձի դեմ, Իբրահիմովը, մինչդեռ, 2007 թվականին օրենքով սահմանված կարգով Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվել եւ ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն:

Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը. օրերս Ադրբեջանի ՊԱԾ քննչական մեկուսարանում գտնվող Զահիրադին Իբրահիմովն Ռուսաստանի պատկան մարմինների կողմից նամակ է ստացել, որ ինքը 2025 թվականի մարտի 17 –ին զրկվել է ՌԴ քաղաքացիությունից եւ «վերստին հանդիսանում է Ադրբեջանական Հանրապետության քաղաքացի»: 

Ահա այդպես. մարդը քառորդ դար մշտապես ապրել է Ռուսաստանում, 18 տարի հանդիսացել նրա քաղաքացի, վճարել է հարկեր, բայց քանի որ ազգությամբ թալիշ է, իր սոցցանցային գրառումները, youtube-ում տարածած տեսագրությունները, թալիշների մասին պատմությունները նյարդայնացրել են Ադրբեջանի իշխանություններին, Ռուսաստանը ոչ միայն իր համապատասխան կառույցներն ի սպաս է դրել, որպեսզի նա առեւանգվի եւ տեղափոխվի Բաքու, այլեւ նրա դեմ քրեական գործին իրավական տեսք տալու հիմքեր է ապահովում:

Այս պատմությունը, հավանաբար, ուսանելի պետք է լինի Արցախից բռնատեղահանված հատկապես տղամարդկանց համար, ովքեր Ռուսաստանում են կամ պատրաստվում են մշտական բնակության տեղափոխվել այդ երկիր:Նրանք պետք է հաշվի առնեն, որ Ադրբեջանի հետապնդումներից ազատ լինելու երաշխիք չէ անգամ ՌԴ քաղաքացիությունը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *