Հուսանք, որ մեր հարևան Իրանը դուրս կգա այս վիճակից: Մեր անվտանգությունը այսօր վճռվում է նաև օդային այդ պատերազմում:
Թաթուլ Հակոբյան
Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանը գործի է դրել իր բալիստիկ հրթիռները, ինչը կանխատեսելի էր, և հարվածներ հասցրել Իսրայելի տարբեր քաղաքների: Հաղորդվում է 40 վիրավորի մասին, որոնցից երկուսը՝ ծանր:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին օդային այս պատերազմում:
Վերջին օրերին հայության շրջանում շատ համեմատություններ են արվում Հայաստանի և Իսրայելի միջև: Նախկինում էլ են արվել: Շատ եմ լսել, երբ հատկապես Սփյուռքում ասել են, որ Հայաստանը պետք է Իսրայել դառնա:
Ցանկալին և իրականությունը տարբեր բան է.
ա/ Իսրայելը ԱՄՆ-ի համար ունի բանալի նշանակություն Մերձավոր Արևելքում, Հայաստանը որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի համար չունի այդպիսի նշանակություն,
բ/ Իսրայելը ստեղծման օրվանից կառուցել է պետություն և ինստիտուտներ, մենք եղել ենք և ե՛նք փնթի,
գ/ Իսրայելը մշակում է իր հողի ամեն միլիմետրը, մենք հազարավոր հեկտարներով “բրախում” ենք, մեր Հայ դատն է՝ թղթի վրա,
դ/ Աշխարհում բնակվող հրեաները կարող են թողնել Փարիզն ու Նյու Յորքը և տեղափոխվել Իսրայել՝ զենքը ձեռքին, մենք հակառակ ուղղությամբ ենք շարժվում՝ Հայաստանից դեպի բարեկեցիկ սփյուռքյան կենտրոններ,
ե/ Իսրայելը տասնամյակներ պատրաստվել է պաշտպանության՝ փակելով իր երկինքը, մենք հրապարակավ քննարկել ենք, թե քանի հատ Օսա համակարգ ունենանք…
Կարելի է բազմաթիվ այլ համեմատություններ ներկայացնել:
Մենք չէինք կարող լինել և չեն կարող լինել և պետք էլ չէ, որ լինենք Իսրայել:
Մենք կարող էինք և պետք է լինեինք Հա-յաս-տան և Ար-ցախ, որ իր ճիշտ արժեքը պետք է գնահատեր, իր չափն ու սահմանները գնահատեր, իր հարևանությունը գնահատեր ու գնար ողջամիտ ճանապարհով:
Դա չենք արել, բայց հիմա պետք է անենք:
Բոլոր իրավիճակներում պետք է կարողանաս գնահատել քո կարողությունները և դրանք համադրես գետնի վրա ստեղծված իրավիճակի, ուժերի հավասարակշռության մեջ:
Չեմ ասում, որ չպետք է ունենանք երազանք:
Պետք է ունենանք ԵՐԱԶԱՆՔ, բայց դա պետք է ունենա սահմաններ ու չափ:
Հուսանք, որ մեր հարևան Իրանը դուրս կգա այս վիճակից: Մեր անվտանգությունը այսօր վճռվում է նաև օդային այդ պատերազմում:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, առաջին հերթին՝ իրանահայությանը և Իսրայելում ապրող հայերին:
Մեկնաբանության մեջ տեսանյութ՝ Իրանի հայերի մասին:
Թ. Հ.
14 հունիս, 2025թ, Դովեղ
Աղբյուր՝ Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
