Գրիգորյանը կուսմարզկոմի բացառիկ աշխատակիցներից մեկն էր, որ 1989 թվականին Մոսկվայի համաձայնությամբ ընդգրկվել է Արկադի Վոլսկու գլխավորած՝ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի աշխատակազմում:
Վահրամ Աթանեսյան
Մաս 11
Վալերի Գրիգորյանը բարդ կենսագրություն ունի: Ծնվել է 1943 թվականի մայիսի 25-ին, ԼՂԻՄ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում: (ԼՂՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի հայրենի գյուղն է, այնտեղ է ծնվել նաեւ նրա հայրը): Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի մանկավարժական ուսումնարան: Ավարտել է նաեւ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը: 1969 թվականին Վալերի Գրիգորյանն ընտրվել է կոմերիտ միության Հադրութի շրջկոմի առաջին քարտուղար:
Կարճ ժամանակ անց նա ծառայողական կտրուկ առաջխաղացում է ունեցել՝ նշանակվելով կոմկուսի ԼՂ մարզկոմի հրահանգիչ, ապա ստանձնել կազմակերպչական աշխատանքների եւ կադրերի հարցերով բաժնի պետի պաշտոնը: Դա բավական ազդեցիկ պաշտոն էր, քանի որ զբաղվում էր ոչ միայն կուսակցական կազմակերպություններում, այլեւ տնտեսության եւ սոցիալական ոլորտներում կադրային նշանակումների հարցերով: Վալերի Գրիգորյանը նաեւ Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցի շրջանավարտ էր:
Դա նշանակում էր, որ նրան նախապատրաստում էին մարզկոմի քարտուղարի, թերեւս՝ ինքնավար մարզի կոմունիստական առաջնորդի դերակատարության: Գրիգորյանը կուսմարզկոմի բացառիկ աշխատակիցներից մեկն էր, որ 1989 թվականին Մոսկվայի համաձայնությամբ ընդգրկվել է Արկադի Վոլսկու գլխավորած՝ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի աշխատակազմում:
Վալերի Գրիգորյանի սպանության շուրջ մոտ երկու տասնամյակ տեւած լռությունը 2017 թվականին խախտել է ստեփանակերտցի լրագրող Աշոտ Բեգլարյանը՝ հեղինակելով «Ցինիկ հանցագործությունն առայսօր բացահայտված չէ» հոդվածը, որ գրվել է Խծաբերդի դպրոցը Վալերի Գրիգորյանի անունով կոչվելու առթիվ:
Հեղինակը հղում է անում Զորի Բալայանին, ում կարծիքով՝ «Վալերի Գրիգորյանը դարձել է Վիկտոր Պոլյանիչկոյի հյուսած խարդավանքի զոհը»: Բալայանն այս տեսակետը հիմնավորում է նրանով, որ Պոլյանիչկոն մի շարք ելույթներում չափից դուրս գովել է Վալերի Գրիգորյանին՝ նրան ներկայացնելով որպես Ադրբեջանի իշխանությունների հետ հիմնական բանակցող: Ադրբեջանի Կազմկոմիտեի նախագահ Վիկտոր Պոլյանիչկոն հայ բնակչության, նրա ներկայացուցիչների հետ երբեք հրապարակային շփում չի ունեցել: Մնում է ենթադրել, որ նա Վալերի Գրիգորյանին «չափից վեր գովել է» մասնավոր հանդիպումների ժամանակ:
Աշոտ Բեգլարյանի հոդվածում չափազանց հետաքրքիր վկայություն է արել իրավապաշտպան-լրագրող Ալբերտ Ոսկանյանը: Նա պատմել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցի շուրջ Վալերի Գրիոգորյանի հետ մի քանի անգամ զրույցներ է ունեցել եւ հասկացել, որ նա հավատում է հակամարտության «առանց մեծ արյունահեղության, խաղաղ-բանակցային հանգուցալուծմանը»:
Այդ տարիներին Ալբերտ Ոսկանյանը հանդիսացել է ՊԱԿ-ի ԼՂ մարզային վարչության աշխատակից, զբաղվել է պատանդառված հայ տղամարդկանց որոնման, գերությունից վերադարձնելու հարցերով եւ ծառայության բերումով կապեր է ունեցել Լեռնային Ղարաբաղում արդեն ձեւավորված ինքնապաշտպանական համակարգի պատասխանատուների հետ:
Կարելի է ենթադրել, որ Վալերի Գրիգորյանի հետ նրա զրույցներն ունեցել են, այսպես ասած՝ «ճանաչողական նշանակություն»: Ոսկանյանը հավաստիացնում է, որ «ընդունվող անձ լինելով Պոլյանիչկոյի եւ գեներալ Սաֆոնովի մոտ՝ Վալերի Գրիգորյանը բազմաթիվ մարդկանց է օգնել, իսկ եթե Հադրութի շրջանի տասնյակ գյուղեր նույնպես չեն բռնատեղահանվել, ապա միայն՝ շնորհիվ նրա»:
Վալերի Գրիգորյանին մոտիկից ճանաչած Նելլի Կասպարովան նրա մասին հոդվածի հեղինակին հետեւյալն է ասել. «Հանուն խաղաղության նա պատրաստ էր զոհաբերել կյանքը, այդ առումով նա շատ նման էր իմ հորը»: Նելլի Կասպարովան Հադրութում եւ Լեռնային Ղարաբաղում շատ հայտնի, ԽՍՀՄ հերոս Աշոտ Կասպարովի դուստրն է: Ղարաբաղյան Շարժման առաջին փուլում տեղեկություններ էին տարածվել, որ Աշոտ Կասպարովը շրջանային խորհրդի նիստում հանդես է եկել չափավոր-պահպանողական ելույթով:
Նելլի Կասպարովան, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել, որ Վալերի Գրիգորյանը նույնպես չափավոր-պահպանողական էր: «Այն ժամանակ մարդկանց մեկը մյուսի դեմ տրամադրելը հեշտ էր»,- հիշել է Ալբերտ Ոսկանյանը՝ ակնարկելով, որ Վալերի Գրիգորյանի սպանությունը «խորքային քաղաքական չէր»: Ղարաբաղյան Շարժման ակտիվիստ Ժաննա Գալստյանը, մինչդեռ, այն կարծիքն է հայտնել, որ «նման պահվածքի համար կպատժվեր յուրաքանչյուր ոք, եթե անգամ նա հարազատ մարդ լիներ»:
(Շարունակելի)
