Այդ տեսակետը տրամաբանությանը հակասում է, որովհետեւ եթե սպանությունն իրոք «հայ վրիժառուներն են իրականացրել», ապա Ադրբեջանն, ընդհակառակը, պետք է գործի բացահայտմամբ շահագրգռված լիներ: Չէ՞ որ այդ դեպքում Ստեփանակերտում կարող էր սկսվել «ներքին վենդետա»: Բաքուն, մինչդեռ, իրոք հակվել է գործը փակելու տարբերակին:
Վահրամ Աթանեսյան
Մաս 12
Վալերի Գրիգորյանի սպանության իրական դրդապատճառը հետագայում, ավելի քան մեկ տասնամյակ անց բավական հստակ ձեւակերպել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա գնահատմամբ՝ եթե դա տեղի չունենար, ապա «Շարժումը կստանար բոլորովին այլ ընթացք»: Ըստ էության, դա խոստովանություն է, որ սպանությունը կազմակերպվել է ոչ թե անհատական վրիժառության դրդապաճառով, այլ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, ԼՂ խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունը ձախողելու քաղաքական ընդհանուր նպատակադրվածությամբ: Վալերի Գրիգորյանը պարզապես թիրախ է ընտրվել որպես «առճակատումից՝ երկխոսություն» ուղեգծի, թերեւս, ամենառոմանտիկ-հավատավոր ներկայացուցիչ: Նույն հարցազրույցում Լեւոն Մելիք- Շահնազարյանը հիշել է, որ այդ օրերին խիստ տագնապի մեջ է գտնվել նաեւ մարզգործկոմի նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը: Նա նույնիսկ «ընդհատակի տղաներից» հետաքրքրվել է՝ «մահապատժի ենթակա» անձանց ցուցակում իր անունը կա՞:
Այս վկայությունը ցույց է տալիս, որ 1991 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղում «չեզոքացման ենթակա» անձանց ցուցակներ ունեցել է թե ադրբեջանական Կազմկոմիտեն, թե՝ Շարժման «ընդհատակը», որի հետ ֆորմալ իշխանությունները հնարավորության սահմաններում կապ պահպանել են: Նույն մարդիկ, սակայն, որոշակի առնչություններ ունեցել են նաեւ Կազմկոմիտեի, Արտակարգ դրության շրջանի զինվորական պարետության եւ, գուցե, խորհրդային հատուկ ծառայությունների հետ: Այս դեպքում ուշագրավ է, որ ադրբեջանական Կազմկոմիտեն այդպես էլ չի կարողացել մարզային իրավապահ համակարգից եւ ՊԱԿ‑ի վարչությունից հեռացնել բոլոր հայ աշխատակիցներին:
Ըստ երեւույթին, այստեղ դեր է խաղացել այն, որ խորհրդային աստիճանահարգության համաձայն՝ ինքնավար մարզի դատախազին, ՆԳ եւ ՊԱԿ‑ի վարչության պետերին նշանակում էր ոչ թե Բաքուն, այլ՝ Մոսկվան: Ինքնավար մարզի իրավապահ համակարգը եւ հատուկ ծառայություններն, ըստ այդմ, միութենական ենթակայության կառույցներ էին: Բարդ է ասել, մանավանդ վկայություններ չկան, թե Լեռնային Ղարաբաղի ՊԱԿ‑ի մարզային վարչության հայ սպաները, օպերատիվ աշխատակիցները եւ գործակալական ցանցն ինչպե՞ս են հաղթահարել ծառայողական պարտականությունների եւ ազգային իքնության հակադրությունը, որքանո՞վ են նրանք ենթարկվել հրամանին, որքանով՝ ոչ:
Փաստ է, որ նրանցից ոմանք այս կամ այն պատճառաբանությամբ տեղափոխվել են Ռուսաստան, մեծամասնությունը, սակայն, մնացել է Ստեփանակերտում: Վալերի Գրիգորյանի սպանության գործով, ըստ վստահելի աղբյուրների, քրեական գործ հարուցվել է: Նրա մարմինը խոցած հինգ փամփուշտ, սակայն, դատափորձաքննությանն է ուղարկվել…Բաքու: Որոշ ուսումնասիրողներ համարում են, որ դա «գործը փակելու ամենակարճ ճանապարհն էր»: Այդ տեսակետը տրամաբանությանը հակասում է, որովհետեւ եթե սպանությունն իրոք «հայ վրիժառուներն են իրականացրել», ապա Ադրբեջանն, ընդհակառակը, պետք է գործի բացահայտմամբ շահագրգռված լիներ: Չէ՞ որ այդ դեպքում Ստեփանակերտում կարող էր սկսվել «ներքին վենդետա»: Բաքուն, մինչդեռ, իրոք հակվել է գործը փակելու տարբերակին:
Ինչու՞: Մի՞թե Գրիգորյանի սպանությունը ձեռնտու էր նաեւ Ադրբեջանի իշխանություններին: Տրամաբանորեն այդպես է ստացվում: Այդ սպանությունից հետո Մութալիոբովը «հանգիստ խղճով» կարող էր պայմանավորվածությունից հրաժարվել եւ Մոսկվային ասել, որ «հայերը դեմ են խաղաղ կարգավորմանը»: Հոր սպանությունից ավելի քան մեկուս տասնամյակ անց Վալերի Գրիգորյանի որդին՝ Արթուր Գրիգորյանը մի ուշագրավ դիտարկում է արել, որ նա «իր թիկունքին զինված խմբավորում չուներ»:
Այս միտքը բացահայտում է, որ 1991թվականի ամռանը Ստեփանակերտում հրապարակային քաղաքական գործունեություն իրականացնող անձինք կամ նրանց մեծ մասն «արդեն թիկունքում զինված խմբավորում ուներ»: Խորհրդային ՊԱԿ‑ն ու ՆԳՆ օպերատիվ-քննչական խումբն իր հիմնական գործն արդեն արել էր՝ Շարժման վերնախավը բաժանվել էր մրցակից խմբավորումների:
(Շարունակելի)
