ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մեր Ուղինի Նախաբանը «ՀՅԴ․ Իրականությունից Դեպի Առասպել» Նոր Շարքի Մասին

ԽՍՀՄ-ում ՊԱԿ-ը ձգտում էր մարդկանց հիշողությունն ու ականջները խլացնել ազգային հարցերի առումով, փակելով ԽՍՀՄ տարիներին ազգային հոդվածներով կատարված գնդակահարությունների ողբերգական էջերը, նոր գրքեր հրատարակելով ընդդեմ ցանկացած ազգային շարժման, հայ ժողովրդի ոչ-խորհրդային հատվածն ապրում էր իր սեփական, բոլորովին այլ քաղաքական պատկերացումներով ու օրակարգով։

Մեր Ուղին

Հայաստանի ներքաղաքական խառնիճաղանջ վիճակը հաճախ ստիպում է նայել, թե այլ երկրներում ինչ է կատարվում, ինչպե՞ս է կատարվում կամ՝ ինչպե՞ս է կատարվել։ Ներկայիս ներքաղաքական աղքատ ու միագիծ գորշությունը անտեղյակ մարդկանց մոտ հարց է առաջացնում․ արդյո՞ք միշտ այսպես է եղել կամ այսպես պիտի լինի։ ԱԺ-ում գերակշռում են անբովանդակ հայհոյանքն ու գաղափարական գունատությունը․ այդպես էլ պիտի լինի՞։ Դա՞ է քաղաքականությունը։ 

Տարիքով ավագ սերունդը ևս մտատանջանքի մեջ է։ Նա դեռևս հիշում է խորհրդային տարիները, երբ քաղաքականության հետ առնչություն չկար, երբ կային զուտ պարտադրվող ու չքննարկվող խորհրդային շրջաբերականները, որոնք էլ միաձայն հաստատվում էին Գերագույն Խորհրդի կողմից ու վերջ։ Ավելի՜ն, քաղաքականությամբ զբաղվելը սկզբունքորեն արգելված էր։ ԽՍՀՄ-ում պարտադրվող օրակարգում քաղաքական հարցեր չկային, կար միայն սոցիալիզմ կառուցելու մշուշոտ հեռանկար միայն։

Սակայն այդ ամենը մի երկաթե բարակ շերտ էր, որով թաքցվում էր երկրում դանդաղ, բայց կայուն քայլերով հասունացող ճգնաժամը, որն ուներ իր ազգային, տնտեսական, սոցիալական բազմաթիվ ու բազմատեսակ խնդիրները և որ պայթելուց հետո այդ ամենը պիտի քաղաքական դժոխքի վերածեր ողջ ԽՍՀՄ-ը և ամեն միութենական հանրապետության ներքին կյանքը։ 

Բայց քանի դեռ ԽՍՀՄ-ում ՊԱԿ-ը ձգտում էր մարդկանց հիշողությունն ու ականջները խլացնել ազգային հարցերի առումով, փակելով ԽՍՀՄ տարիներին ազգային հոդվածներով կատարված գնդակահարությունների ողբերգական էջերը, նոր գրքեր հրատարակելով ընդդեմ ցանկացած ազգային շարժման, հայ ժողովրդի ոչ-խորհրդային հատվածն ապրում էր իր սեփական, բոլորովին այլ քաղաքական պատկերացումներով ու օրակարգով։ Ի տարբերություն ԽՍՀՄ-ի, Սփյուռքում հայկական ազգային կուսակցությունները արգելված չէին ու նրանք ողջ ուժով մասնակից էին հասարակական կյանքի կազմակերպմանը, դա ևս ամեն համայնքում տարբեր էր։ Եթե ԱՄՆ-ում ինչ որ պահի ակտիվանում ու պասիվանում էր ազգային տրամադրությունը, Եվրոպայում՝ ևս, ապա Լիբանանում հայկական կուսակցությունները զբաղված էին հայ համայնքի ինքնապաշտպանությամբ ու քաղաքացիական պատերազմում մասնակցությամբ․․․․միաժամանակ հայկական համայնքներում կուսակցությունների կամ երևելի անհատների կողմից արթնացվող ազգային տրամադրությունների թեժացման ու բորբոքման հետ միաժամանակ ակտիվանում էին նաև տարբեր հայկական խմբեր՝ կուսակցություններ, խմբեր, նախաձեռնություններ ու ազգային դարդ ու ցավի համար մղվող պայքարը հաճախ դառնում էր անառողջ մրցակցություն, ոչ հազվադեպ՝ տարբեր երկրների հատուկ ծառայությունների ձեռամբ։

ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդող տարիներին, երբ Հայաստանում ազատությունն ու անտերությունը հոմանիշներ դարձան, Հայաստան վերադարձան նաև այն գաղափարներն ու խմբերը, որոնք արգելված էին շուրջ յոթ տասնամյակ՝ դրանց շարքում նաև ավանդական կուսակցությունները։

Համազգային հիացումի, ազգային զգացմունքների պոռթկման, Սպիտակի երկրաշարժի, Արցախի շարժման, Ադրբեջանում հայերի ջարդերի, պատերազմի, անկախացման, ներքաղաքական իրարանցումի քաոսում շատ շատերը չնկատեցին, որ Հայաստան եկողների մեջ ոչ միայն «վերադարձողներ» կան, այլև՝ «ներմուծվողներ ու գործուղվողներ», որոնք բոլորովին այլ նպատակ ու շահեր ունեին։ Այդ համատարած աղմուկի մեջ նաև չնկատվեց, որ Հայաստան վերադարձող ավանդական կուսակցությունները բոլորովին այն չէին, ինչ առաջ։ Վերադարձողները նման չէին գնացողներին։ Տարբեր էին շատ առումներով, ընդ որում՝ հակադրության ու ինքնամերժման աստիճանի։

Հանրապետության հետագա տարիների կյանքը ցույց տվեց այդ ամենը, ինչպես նաև մի շարք հարցեր առաջացրեց հայ ավանդական կուսակցությունների հաշվով, թե ի վերջո, մի կողմ դրած դասագրքային ձևակերպումները, ինչո՞վ են զբաղվել այդ կուսակցությունները, ո՞րն է եղել ու շարունակում է մնալ/լինել նրանց նպատակը։ Արդյո՞ք միայն նրանց «հին լինելը» բավարար է սրբագործվելու համար, թե՞ նրանք ևս պատասխանատու են իրենց ամեն  արածի ու չարածի համար։ Նաև հարցեր, թե արդյո՞ք իմաստ ունի ռևիզիայի ենթարկել կուսակցությունների անցյալը՝ հասկանալու համար նրանց ներդրումը իրենց ժամանակին, թե՞ դա ընդամենը ինքնաարդարացման մի փորձ է։ 

Հետագա հոդվածաշարում «ՀՅԴ․ իրականությունից դեպի առասպել» շարքում պատմաբան, մշակութային մարդաբան Արայիկ Մկրտումյանը կխոսի հայ քաղաքական մտքի ու նրա կարևորագույն ներկայացուցիչներից մեկի՝ ՀՅԴ-ի ստեղծման ու գործունեության մասին՝ փորձելով ոչ թե ժամանակագրական մանրամասների մեջ մտնել, այլ փորձել հասկանալ այդ ամենը սոցիալ-հոգեբանական և փիլիսոփայական համատեքստում։ ՀՅԴ-ն, որպես վերջին 130 տարում հայկական իրականության ձևավորող և ձևավորվող, հանդիսանում է այն լակմուսի թուղթը, որը կօգնի շատ ու շատ հարցերին նայել այլ, բոլորովին թարմ հայացքով՝ փորձելով տարանջատել ցորենը՝ մոլախոտից։

Մեր Ուղին

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *