Հայաստան

Հորմուզի Նեղուցը՝ Փոփոխությունների Պատճառ

Հայաստանը որոշակի ապրանքներ է ներմուծում Իրանից ու նաև որոշակի ապրանքներ արտահանում է, այս մեծ պատերազմը, բնականաբար, կխոչընդոտի դա լոգիստիկ խնդիրների առումով: Եթե այն երկարաժամկետ բնույթ կրի, կարծում եմ՝ այդ ապրանքների պահանջարկը կնվազի Իրանում, մեր ընդհանուր առևտրաշրջանառության մեջ ներմուծումներն Իրանից մեծ ծավալ չեն կազմում:

Կարեն Սարգսյան

Հորմուզի նեղուցի փակումը մեծ իրարանցում կհարուցի համաշխարհային շուկայում և կբերի գների կտրուկ աճի. Կարեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, Իրան-Իսրայել պատերազմական գործողությունների տնտեսական հետևանքները որո՞նք են լինելու Հայաստանի համար:

– Նախ՝ ամբողջ համաշխարհային տնտեսության վրա, այնուհետև՝ դրանից ածանցվող Հայաստանի, բայց դրանից զատ Հայաստանը կարող է նաև առանձնակի ազդեցություն կրել՝ կապված Իրանից բեռների տեղափոխման լոգիստիկ խնդիրների հետ: Եթե այս պատերազմը երկարաժամկետ բնույթ կրեց, կախված է նաև կողմերի կիրառած քայլերից բնականաբար, մասնավորապես Հորմուզի նեղուցի փակումը: 

Լուրեր տարածվեցին, թե նեղուցը փակվել է, բայց այս պահին այն փակ չէ, որովհետև այդ դեպքում նավթի ու հեղուկ գազի գները կբարձրանային, իսկ մենք նման կտրուկ բարձրացում չենք նկատում: 

Սա այն իրավիճակը չէ, որ Իրանը գնա այդ քայլին, որովհետև եթե այդ նեղուցն ամբողջությամբ փակվի, ապա դա առաջին հերթին տնտեսապես հենց Իրանին վնաս կհասցնի, քանի որ այդ նեղուցով է իրանական նավթն արտահանվում է դեպի Չինաստան, որը իրանական նավթի հիմնական գնորդն է: 

Համաշխարհային նավթի 20 ու հեղուկ գազի 30 տոկոսն անցնում է հենց Հորմուզի նեղուցով, այսինքն՝ այնուամենայնիվ, եթե այն փակվի, ապա մեծ իրարանցում կլինի համաշխարհային շուկայում ու գների կտրուկ բարձրացում, որից ածանցվում են նաև մյուս ապրանքների գները, որովհետև եթե էներգակիրների գները կտրուկ բարձրանում են, ապա դրան հաջորդում է մնացած բոլոր ապրանքների, այդ թվում՝ պարենային ապրանքների գների կտրուկ բարձրացում: Այս պահին նման բան չի նկատվում: 

Այս պատերազմն ազդում է նաև ընդհանուր ֆինանսական շուկաների վրա, տարբեր ներդրողներ ձգտում են իրենց ակտիվներն ավելի անվտանգ վայրերում պահել: Նման պարագայում մենք նկատեցինք, որ կրիպտոարժույթների գները հունիսի 13-14-ին որոշակիորեն նվազեցին, սակայն այսօր նաև այդ կրիպտոարժույթներն իրենց արժեքը վերականգնել են: Այսինքն՝ այս պահին նկատելի է, որ համաշխարհային տնտեսության վրա ևս լուրջ ցնցումներ չեն արձանագրվում: 

Համաշխարհային ֆինանսական շուկաների վրա ավելի շատ ազդում է ԱՄՆ դաշնային պահուստավորման համակարգի խորհրդի այս չորեքշաբթի կայանալիք նիստը, որը պետք է որոշի այդ տոկոսադրույքների իջեցման կամ նույնը թողնելու հարցը: Տոկոսադրույքները, ամենայն հավանականությամբ, կմնան նույնը, հիմնական ներդրողների սպասելիքները ավելի շատ ուղղված են չորեքշաբթի օրվան, քան իրանա-իսրայելական այս պատերազմի ազդեցություններին: 

– Իսկ մասնավորապես Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություններ է ունենալու, Հայաստանը ի՞նչ կախվածություն ունի Իրանից տնտեսական առումով:

– Հայաստանը որոշակի ապրանքներ է ներմուծում Իրանից ու նաև որոշակի ապրանքներ արտահանում է, այս մեծ պատերազմը, բնականաբար, կխոչընդոտի դա լոգիստիկ խնդիրների առումով: Եթե այն երկարաժամկետ բնույթ կրի, կարծում եմ՝ այդ ապրանքների պահանջարկը կնվազի Իրանում, մեր ընդհանուր առևտրաշրջանառության մեջ ներմուծումներն Իրանից մեծ ծավալ չեն կազմում: 

Իրանի հետ կապված ավելի շատ լոգիստիկ խնդիրներ են առաջանալու, որոնք արդեն իսկ կան: Այժմ բազմաթիվ բեռնատարներ չեն կարողանում հատել Իրանի հետ սահմանը՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված: Հիմնական վնասը կապված կլինի գազի, բենզինի հետ, ու դա նոր գնաճային նախադրյալներ կձևավորվի, ինչը կստիպի, որ Կենտրոնական բանկը որոշակի քայլեր ձեռնարկի, որն էլ, բնականաբար, կազդի տնտեսական աճի տեմպերի վրա: Բայց այս պահին որոշակի կտրուկ ցնցումներ չեն նկատվում: Կարծում եմ, որ առաջիկա օրերին այդ նեղուցը, համենայնդեպս, չի փակվի:

– Պարո՛ն Սարգսյան, որ ասում եք երկարաժամկետ, որքա՞ն ժամանակ նկատի ունեք:

– Առնվազն մեկ ամիս ու ավելի, բայց առաջիկա օրերին մենք վերջնականապես կհասկանանք՝ դա կտեղափոխվի՞ երկարաժամկետ փուլ, թե՞ կավարտվի՝ որոշակի ինչ-որ փոխզիջումների ու զինադադարի հայտարարմամբ: Եթե անցան անդառնալիության կետը, բնականաբար, դա կարող է տարիներ տևել՝ ռուս-ուկրաինական պատերազմի նման: 

Քրիստինե Աղաբեկյան

Աղբյուրը՝MediaLab.am. https://medialab.am/301493/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *