Հայաստան

Եկեղեցին Պետք Է Անջատվի Պետությունից

Վերջին շրջանի լարվածության պատճառ կարող է լինել այն, որ իշխանությունները ցանկացան ցույց տալ եկեղեցուն, որ եթե դու խառնվում ես իմ գործերին, ապա  ես էլ քո գործերին կարող եմ խառնվել, ընդ որում դա պատահեց այն բանից հետո, երբ ՀԱԵ միջցով ավելի նկատելի դարձան օտար պետությունից [նկատի ունի Ռուսաստանը․ խմբ] եկող ազդակները։  

Միքայել Զոլյան

Պետրոս Ղազարյանը զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են իշխանություն-եկեղեցի հարաբերությունները։

Քաղաքագետը համաձայն չէ, որ այս վերջին շրջանի լարվածությունը կոչվի եկեղեցի-իշխանություն թշնամանք կամ ատելություն, որովհետև, նախ Հայաստանում մի քանի իշխանության տեսակ կա և քաղաքականը դրանցից մեկն է միայն և բացի այդ, այդ հարաբերություններում Հայ Առաքելական Եկեղեցին ամբողջապես ներգրավված չէ, այլ դեպքին առնչվում են միայն մի քանի հոգևորականներ, այլ ոչ ամբողջ եկեղեցին։ Պետք է ընդգծել նաև այն, որ հայկական եկեղեցին միայն Էջմիածինը չէ, կան նաև Պոլսի և Երուսաղեմի պատրիարքարանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը և նրանք որևէ կերպ այս դեպքին չեն առնչվել։ 

Զոլյանի կարծիքով վերջին շրջանի լարվածության պատճառ կարող է լինել այն, որ իշխանությունները ցանկացան ցույց տալ եկեղեցուն, որ եթե դու խառնվում ես իմ գործերին, ապա  ես էլ քո գործերին կարող եմ խառնվել, ընդ որում դա պատահեց այն բանից հետո, երբ ՀԱԵ միջոցով ավելի նկատելի դարձան օտար պետությունից [նկատի ունի Ռուսաստանը․ խմբ] եկող ազդակները։  

Քաղաքագետը պնդեց, որ եկեղեցին և իշխանությունները պետք է անջատ լինեն իրարից, մեկը մյուսի գործին չխառնվի։ Եկեղեցին ունի իր գործառույթը և դա պիտի անի, իսկ եթե եկեղեցին սկսում է քաղաքական հայտարարություններ անել, նա դառնում է քաղաքական կողմ ու սկսում է համընդհանուր համերաշխության փոխարեն մի կողմին պաշտպանել, իսկ մյուս կողմին՝ ոչ, դա արդեն հոգևոր կառույցի գործառույթ չէ։ Ընդ որում կարևոր չէ, թե Քոչարյանի՞ն է պաշտպանում, թե՞ մեկ ուրիշի։ Նույն կարծիքը լինելու էր, եթե պաշտպանեյին Փաշինյանին։

Երբ եկեղեցու մասին օրենքում տրամաբանորեն հստակ առանձնացումներ լինեն, նման բաներ այլևս չեն գրանցվի։ Ինչպես հուշում է «Սահմանադրություն» բառը, այսինքն սահմաններ դնել, կդրվեն սահմանները և նման երևույթներ էլ չեն լինի։

Միքայել Զոլյանն անդրադարձավ նաև Իրան-Իսրայել պատերազմին՝ խոսելով Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հնարավորությանը։ Քաղաքագետի խոսքով՝ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, բայց ընդունել նաև այն, որ Ադրբեջանը ևս այս պահին բազմաթիվ խնդիրներ ունի։ Այնպես չէ, որ Ադրբեջանը լրիվ հանգիստ սպասում է առիթի, որ կարողանա հարձակվել։ Հայաստանն էլ բնականաբար փորձում է գործի դնել իր անվտանգային մեխանիզմները։ Անվտանգություն ասվածը միայն զենքը չէ, թեև դա ևս շատ կարևոր է։ Անվտանգության կարևոր գործիք է նաև դիվանագիտությունը և այսօր դեպի ԵՄ ընթացքը հենց այդ անվտանգային մեխանիզմն է ու նաև հարևանների հետ հարաբերությունները, այդ թվում և Թուրքիա, իսկ ապագայում, գուցե նաև Բաքու այցերը։ Դա ոչ թե այն պատճառով, որ շատ հաճելի է, այլ այն, որ դա ՀՀ շահերից է բխում։ Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանն իր ժամանակին փորձել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել, երբ ձեռնարկում էր ֆուտբոլային դիվանագիտությունը։

Քաղաքագետը միաժամանակ նշեց, որ դեպի Արևմուտք ընթացքը չի նշանակում, որ պետք է ռուսների հետ պատերազմի մեջ մտնել կամ նրանց թշնամությամբ ընդունել։ Ոչ, այն ինչ ձեռնտու և շահավետ է Ռուսաստանի հետ համատեղ անելու, դա պետք է շարունակել, բայց ոչ այնպես, ինչպես առաջարկում է ընդդիմությունն ու որոշ եկեղեցականներ, որ պետք է նորից խոնարհվել, ռուսներին տալ ճանապարհ, վերահսկողություն և այլն։ Դա մեզ ի՞նչ օգուտ է տալու, Հայաստանի շահը ո՞րն է լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

https://www.youtube.com/live/6hiWBZOxhhE
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *