ՀՅԴ-ն, ինչպես և մյուս ավանդական կուսակցությունները, ստեղծվել են բավական խառնաշփոթ իրավիճակում, անցել են խիստ վտանգավոր և անկայուն ճանապարհ, կանգնած են եղել անհնարին բարդության առաջ և բնականաբար, այդ խորդուբորդ ճանապարհն անցել են հասկանալի բարդությամբ, որը լի է եղել ամենայն հաջողությամբ ու զրկանքներով։
Արայիկ Մկրտումյան
Նախաբան
Որքան գաղափարը հեռանում է իր սկզբնաղբյուրից, այնքան ավելի է շեղվում մարդն իր ճանապարհից։
Հայ ժողովրդի քաղաքական պատմությունը հաճախ բնութագրվում է հերոսներով ու դավաճաններով պարտություններով, հաղթանակներով ու դավաճանություններով, սակայն գրեթե երբեք չի դիտվում որպես գաղափարական ճակատագիր։ Մինչդեռ իրական պատմությունը հենց այդտեղ է՝ գաղափարների ծնունդի, էվոլյուցիայի, հոգևոր մաշման և վերաիմաստավորման դաշտում։
Այս հոդվածաշարը նպատակ ունի ոչ թե վերապատմել կուսակցությունների պատմությունը կամ որևէ լոկալ իրադարձության ու անհատի սրբադասման կամ դիվականացման միջոցով հաճելի դառնալ ներկայիս իրականությանը, այլ ներթափանցել ներս՝ այնտեղ, որտեղ քաղաքական միտքը դառնում է արժեք, կրոն, երկյուղ, նվաճում և երբեմն՝ ինքնաոչնչացում։ Սա պատմություն է ոչ թե ժամանակագրության, այլ ներքին փլուզումների, սկզբունքի և փորձանքի պայքարի, անհատի և կառուցվածքի փոխհարաբերության մասին։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես գաղափարն ի սկզբանե դառնում է փրկության խոստում, ապա՝ պայքարի մոլուցք, հետո՝ ինստիտուցիոնալ խեղում և ի վերջո՝ դատարկ շերտ, որում ապրում են միայն լեզուն ու հիշողությունը։
Հայ քաղաքական միտքը կուսակցությունների միջոցով փորձեց կառուցել պետություն առանց ինքնիշխանության, հասարակություն՝ առանց վստահության, ինքնություն առանց անկախ տարածքի։ Այդ պայմաններում կուսակցությունները դարձան ոչ միայն քաղաքական կառույցներ, այլ հոգեբանական վահաններ, որոնց ներսում անհատը գտնում էր պատկանելություն, վերափոխվում, մոռանում իրեն՝ հանուն ինչ-որ մեծ բանի, երբեմն՝ ավելի մեծ, քան ինքն իրեն կարող էր պատկերացնել։
Սակայն հենց այդ «մեծ բանն» էլ ժամանակի ընթացքում սկսեց կործանել իր ստեղծածին։ Գաղափարը մնում էր նույնը, բայց իրականությունն անընդհատ փոխվում էր։ Սկզբունքը մնում էր ամուր, բայց նրանով ապրող, այն առաջ տանող մարդը՝ կոտրվում էր։
Ներկայումս, պայմանավորված ՀՀ ներքաղաքական աննորմալ ու իրարամերժ քաղաքական փոթորկով, քաղաքական անձինք ու կազմակերպությունները սովորաբար ներկայացվում են գրեթե բացարձակ միակողմանիորեն՝ սրբադասում կամ դիվականացում։ Այդի իսկ պատճառով էլ հնարավոր չի լինում հասկանալ, թե հայ քաղաքական միտքն ու ինքնությունը ի՞նչ ճանապարհ է անցել հայ ավանդական կուսակցությունների ստեղծումից սկսած։ Այդ կուսակցությունների մասին խոսելիս, մենք հաճախ բախվում ենք հենց նույն միակողմանիությանը, երբ սրբադասումն ու դիվականացումը մեզ ոչ միայն խանգարում են իրականության ընկալումը, այլև պարտադրում են սեփական խմբային երազանքները, ցանկությունը մատուցում են իրականության փոխարեն և մենք կանգնում ենք հերթական ուռճացված իրականության առաջ, որը մի օր պայթում է և փաստի առաջ կանգնեցվում։
Մենք ընտրեցինք ՀՅԴ-ն, որովհետև այն ամենահինն է ներկայիս գործող կուսակցությունների մեջ և ամենազորեղը՝ ավանդականների։ ՀՅԴ-ն անցել է զարմանալի մի պատմություն և այդ պատմությունն ուղեկցվել է բազմաթիվ նվաճումներով ու կորուստներով, հաղթանակներով ու պարտություններով, խորաթափանցությամբ ու կարճամտությամբ, հերոսական ու երբեմն էլ ամոթալի իրադարձություններով։ ՀՅԴ-ն, ինչպես և երկարակյաց կոլեկտիվ կառավարում ունեցող կազմակերպություն, ենթակա է իր շուրջը ձևավորված և ձևավորվող իրականությանն ու միջավայրին։ Այդ միջավայրն ազդել ու շարունակում է ազդել ՀՅԴ-ի վրա, ինչպես և հակառակը՝ ՀՅԴ-ն էլ իր հերթին է ազդել և շարունակում ազդել հայ քաղաքական ինքնության և մտքի վրա։ Այս առումով քաղաքական մտքի պատմությունը հասկանալու համար մենք պետք է խուսափենք մոդայիկ միջոցներից, այսինքն ոչ սրբացնենք, ոչ էլ դիվականացնենք ՀՅԴ-ին։ Չկրկնենք այն գիտակցական ու անգիտակցական սխալները, որ կրկնում են՝ ՀՅԴ-ին համարելով հայրենակործան երևույթ և ոչ էլ սրբացնենք ՀՅԴ-ին՝ որպես աստվածային պարգև։
ՀՅԴ-ն, ինչպես և մյուս ավանդական կուսակցությունները, ստեղծվել են բավական խառնաշփոթ իրավիճակում, անցել են խիստ վտանգավոր և անկայուն ճանապարհ, կանգնած են եղել անհնարին բարդության առաջ և բնականաբար, այդ խորդուբորդ ճանապարհն անցել են հասկանալի բարդությամբ, որը լի է եղել ամենայն հաջողությամբ ու զրկանքներով։
Այսօր ՀՅԴ-ն կա և գործում է ՀՀ ԱԺ-ում։ Այսօր ՀՅԴ ընդդիմադիր կեցվածքը և ՔՊ իշխանական հակադրությունը ստեղծել են մի իրավիճակ, երբ ՀՅԴ հասցեին արվող միակողմանի դրվատանքն ու բամբասանքը հասել են մի անհնարին մակարդակի՝ կուլ տալով կուսակցության իրական պատմությունն ու այն լցնելով լուսավոր և խավար առասպելներով։ Մեր խնդիրն է ՀՅԴ պատմությունը դիտարկել հայ քաղաքական մտքի պատմության համատեքստում, այն ուսումնասիրել հոգեբանական, փիլիսոփայական, մարդաբանական տեսանկյուններից։ Այս շարքը կհիասթափեցնի բոլոր ինտրիգաններին ու քաղաքական կրոնամոլներին, ովքեր հուսով են կուսակցության սրբացում տեսնել, կամ քաղաքական չարախինդ հեգնանք։
Սա պատմություն է կուսակցությունների, բայց առավել ևս՝ մարդու մասին։ Այդ կուսակցությունների միջոցով կարելի է հասկանալ ոչ միայն հայ ազգի քաղաքական ճակատագիրը, այլ նաև նրա հոգևոր ներհակություններն ու արժեքային որոնումները։ Որտե՞ղ է սխալվել գաղափարը։ Ի՞նչը մնաց մաքուր։ Ի՞նչը աղավաղվեց։ Եվ արդյո՞ք մենք այսօր շարունակում ենք քայլել նույն ճանապարհով՝ առանց գիտակցելու, որ այն վաղուց արդեն փակվել է։
Այս հոդվածաշարով փորձ է արվում անհանգիստ հայացք նետել հայ քաղաքական միտքի հայելուն, որպեսզի տեսնենք ոչ թե մեր պատրանքները, այլ՝ մեր փոխակերպումները։ Որպեսզի հասկանանք՝ մենք պայքարել ենք գաղափարի համա՞ր, թե գաղափարը՝ մեր դեմ։
Մենք սկսում ենք մեր խորաքանդակ ճամփորդությունը՝ հավատից դեպի կասկած, հերոսացումից դեպի հասարակեցում, արժեքից դեպի պատրանք, իրականությունից՝ առասպել։
Այնտեղ ուր կասկած չկա, այնտեղ մահվան հանգստություն է, իսկ կյանքը նաև կասկած է, գոյության իմաստի կասկած։
