Միանշանակ պատահականություն չէ այսօրվա կրակոցը, ու սա երկու զուգահեռ իրականության մասին է խոսում՝ մի կողմում «խաղաղության բանակցություններն» են, մյուս կողմում՝ կրակոցներ խաղաղ բնակչության ուղղությամբ: Ադրբեջանը հավատարիմ է իր հայատյաց քաղաքականությանը ու այդ քաղաքականության առարկայական դրսևորումն է ապահովում սահմանին:
Արամ Փոլադյան
Պատահական չեմ համարում հենց վարչապետի այցի օրը կրակոցների վերսկսումը. Արամ Փոլադյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը
– Պարո՛ն Փոլադյան, այսօր ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետեւանքով վնասվել է Ներքին Հանդի բնակելի տուն։ Այս զարգացումները համընկնում են Հայաստանի պատվիրակության՝ Թուրքիա կատարած այցի հետ։ Ձեր կարծիքով՝ արդյո՞ք այս երկու իրադարձությունները կարող են փոխկապակցված լինել։
– Ես բազմիցս ասել եմ, որ հասարակությանն անընդհատ լարվածության մեջ պահելու ադրբեջանական քաղաքականությունը շարունակական բնույթ է կրելու: Անշուշտ պատահական չեմ համարում հենց վարչապետի այցի օրը կրակոցների վերսկսումը, ու, այո՛, կարող ենք սա իբրև մեսիջ որակել, թեև Ադրբեջանից եկող մեսիջների պակաս չունենք:
Մեր թիվ մեկ թշնամի պետություն Ադրբեջանը վստահաբար գիտակցում է, որ իր կատարած մեծ թվով ռազմական հանցագործությունները, կոնվենցիաների ոտնահարումները վաղուց ի վեր փաստագրված են ու միանշանակ օգտագործվելու են իր դեմ, Ադրբեջանը նաև շատ լավ գիտակցում է այսօրվա իրողություններին հայերի անհամաձայնությունն ու չհամակերպվելու հանգամանքը:
Հատկանշական է, որ Ադրբեջանն արդեն բացարձակ չի թաքցնում Հայաստանի հետ կապված իր իրական մտադրություններն ու ծրագրերը: Տարածաշրջանային զարգացումների ֆոնին, այո՛, կարելի է սպասել որոշակի զարգացումների, թեև քիչ հավանական եմ համարում լայնածավալ պատերազմը, բայց անշուշտ Ադրբեջանն ունի այդ նպատակը:
Այսօրվա կրակոցները Ադրբեջանը վստահաբար համաձայնեցրել է Թուրքիայի հետ, հետևապես ինչ էլ այսօր Թուրքիայում քննարկվի, միևնույն է, իրականությունը մեր աչքի առաջ է:
– Չեմ կարծում, թե հստակ նպատակը հենց դա է, այլ՝ ինչի մասին խոսեցի, դրա տրամաբանության ներքո պետք է դիտարկել տեղի ունեցածը: Միանշանակ պատահականություն չէ այսօրվա կրակոցը, ու սա երկու զուգահեռ իրականության մասին է խոսում՝ մի կողմում «խաղաղության բանակցություններն» են, մյուս կողմում՝ կրակոցներ խաղաղ բնակչության ուղղությամբ: Ադրբեջանը հավատարիմ է իր հայատյաց քաղաքականությանը ու այդ քաղաքականության առարկայական դրսևորումն է ապահովում սահմանին:
– Պարո՛ն Փոլադյան, արդյոք այս իրավիճակում իրատեսակա՞ն է խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և խաղաղության մասին:
– Բազմիցս եմ ասել, որ առնվազն այս պահին այդ մասին խոսելն անիմաստ է ու զավեշտալի: «Խաղաղության բանակցություններից» պետք է ջնջել «խաղաղություն» բառը, որովհետև թշնամական պետությունը իր հայատյացության քաղաքականության առարկայական դրսևորումները շարունակում է ապահովել ու ապահովելու է այնքան ժամանակ, քանի դեռ ավելի խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններ տեղի չեն ունեցել: Միանշանակ, նրանք օգտվելու են հարմար պահից, հետևաբար մենք պետք է բոլոր մակարդակներով պատրաստ լինենք ցանկացած սցենարի:
Քրիստինե Աղաբեկյան
Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/301724/
