Բանակի առջև կանգնած ամենահամառ ներքին մարտահրավերներից մեկը մնում է խաղաղ պայմաններում ոչ մարտական զոհերի մեծ թիվը, ներառյալ դժբախտ պատահարները, ենթադրյալ ինքնասպանությունները և այլ բռնի միջադեպերը։
Սոսի Թաթիկյան
(Մաս 1-ին)
2021-2025 թթ․ ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ընդլայնել են իրենց ռազմական բյուջեները, գնումների ռազմավարությունները և միջազգային պաշտպանական համագործակցությունները։ Սակայն այս գործընթացները տարբերվում են թե՛ ծավալով, և թե՛ նպատակով։ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ զինված ուժերի կուտակումը, մինչդեռ Հայաստանը կենտրոնացած է նպատակային արդիականացման վրա՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից առաջացող սպառնալիքներին։
Կենսական ապահովումից՝ դեպի ռազմավարական դիմադրունակություն
2020 թ․ Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանը հայտարարեց պաշտպանության համակարգում համապարփակ բարեփոխումների իրականացման մտադրության մասին։ Սակայն Ռուսաստանը խափանեց այս սկզբնական քայլերը՝ նպատակ ունենալով թուլացնել Հայաստանի մարտունակությունը և պահել այն իր ռազմական կախվածության ներքո։ 2022–2023 թթ․ ռուս-ուկրաինական պատերազմի, ինչպես նաև Ռուսաստանի՝ Հայաստանի հանդեպ երկկողմ և ՀԱՊԿ-ի շրջանակներում անվտանգության պարտավորությունները չկատարելու և 2020–2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամում ունեցած դերի համադրությամբ, Երևանը սկսեց արմատապես վերանայել իր պաշտպանական ռազմավարությունն ու միջազգային գործընկերությունները։
Հայաստանի վերափոխվող պաշտպանական ռազմավարության առանցքում կանգնած է «Բանակի վերափոխում 2024–2035» հայեցակարգը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի պրոֆեսիոնալացնել զինված ուժերը, ուժեղացնել տարածքային պաշտպանությունը, արդիականացնել ռազմական դոկտրինան ու ուժերի կառուցվածքը, ինչպես նաև բազմազանեցնել պաշտպանական գործընկերությունները։ Հեռանալով խորհրդային դարաշրջանի զորակոչի վրա հիմնված մոդելից՝ Հայաստանը կառուցում է ճկուն, բարձր պատրաստականության ուժ, որը հիմնված է ժողովրդավարական վերահսկողության, ռազմավարական պլանավորման և ժամանակակից կարողությունների վրա։ Բարեփոխումները ընդգրկում են նաև ռազմավարական հաղորդակցությունների, հրամանատարական համակարգերի և համատեղ գործողությունների կարողությունների ամրապնդումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը սահմանների երկայնքով կառուցում է պաշտպանական շինություններ՝ հետագա ներխուժումներն ու տարածքային ոտնձգությունները զսպելու համար։
Վերափոխման հիմքում ընկած է տարածքային պաշտպանության համակարգի ձևավորումը, որը նախատեսում է վերապատրաստված պահեստազորայինների մոբիլիզացում՝ արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար՝ տարածաշրջանային հրամանատարության ներքո։ Այս մոդելը միաժամանակ ուժեղացնում է տեղային դիմադրողականությունը և աջակցում է կանոնավոր բանակային ստորաբաժանումներին։
Բանակի կրթական համակարգը նույնպես զարգանում է՝ ենթասպայական կազմի պրոֆեսիոնալացման, նոր կարիերային ուղիների ստեղծման և ՆԱՏՕ-ի ու արևմտյան ստանդարտներին համապատասխանեցված արդիականացված ուսումնական ծրագրերի միջոցով։
Հայաստանը նաև ամրապնդում է քաղաքացիական վերահսկողությունը պաշտպանության ոլորտում՝ ավելացնելով գնումների թափանցիկությունը, զինված ուժերում կանանց ներգրավվածությունը և մարդու իրավունքների ինտեգրումը ռազմական պատրաստության և գործողությունների մեջ։ Պաշտպանության նախարարությունը վերաձևում է նաև իր ներքին մշակույթը՝ շեշտադրելով արժանիքների հիման վրա առաջխաղացումը, պրոֆեսիոնալիզմը և բարոյական վարքագիծը։ Այս մշակութային փոփոխությունն էական է՝ հաստատությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու և հասարակության վստահությունը վերաշինելու համար՝ բազմակի ռազմական ձախողումներից հետո։
Բանակի առջև կանգնած ամենահամառ ներքին մարտահրավերներից մեկը մնում է խաղաղ պայմաններում ոչ մարտական զոհերի մեծ թիվը, ներառյալ դժբախտ պատահարները, ենթադրյալ ինքնասպանությունները և այլ բռնի միջադեպերը։ Այս դեպքերը հիմնականում բխում են վերահսկողության անբավարարությունից, հրամանատարական պատասխանատվության թուլությունից և զինվորական հիերարխիայի մեջ խորացած սոցիալ-մշակութային նորմերից։ Այս խնդրի լուծումը կարևոր է ոչ միայն ծառայողներին պաշտպանելու, այլև բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու, բարեփոխումների նկատմամբ վստահությունը վերականգնելու և Հայաստանի զինված ուժերը մարդու իրավունքների, արժանապատվության, պատասխանատվության և ինստիտուցիոնալ դիմադրունակության սկզբունքներին համահունչ դարձնելու համար։
Աշխատանքներ են տարվում նաև ավելի լայնածավալ՝ պաշտպանության և անվտանգության համապարփակ հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը լրացնում է զինվորական ոլորտին առնչվող վերոնշյալ բարեփոխումները։ Այս ռազմավարական շրջանակը կձգտի համադրել պաշտպանական արդիականացումը ազգային անվտանգության ավելի լայն առաջնահերթությունների հետ, ներառյալ՝ կիբերպաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը և արտաքին քաղաքականության համադրումը։ Նպատակն է Հայաստանի պաշտպանական ռազմավարությունը տեղավորել հասարակության ողջ ներուժը ներգրավող մոտեցման մեջ, որը կավելացնի դիմադրողականությունը և կնվազեցնի համակարգային խոցելիությունները՝ տարածաշրջանի աճող անկայունության պայմաններում։
[Շարունակելի]
Աղբյուրը`
