Միջազգային

Բաքվի Պարտքը Իսրայելին

Իսրայելի ակնկալիքները Ադրբեջանի կողմից պարտքը վերադարձնելու առումով չեն իրականանում ոչ ռազմական գործողություններին միանալու, Իրանի դեմ 2-րդ ճակատ բացելու, ոչ Իրանի ներսում իր ունեցած գործիքակազմը ուղղորդելու առումներով․․․

Ստյոպա Սաֆարյան

Ադրբեջանի չմարված պարտքն Իսրայելին և Իրանի վտանգավոր արարքը Հայաստանի դե՞մ

Իրանի վրա Իսրայելի հարձակման ողջ դրամայում անտեսվեց մի կարևոր էլեմենտ՝ Ադրբեջանը։

Իսրայելը 2020թ․ Արցախում հայկական զինված ուժերի դեմ Ադրբեջանի տարած “հաղթանակում” անուրանալի դեր ունեցավ։ 

Նախ, միջազգային ատյաններում ու առանցքային երկրներում պրոադրբեջանական ամենահզոր լոբբիստները եղել են հրեաներ, որոնք ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը դիտում էին ոչ միայն ու ոչ այնքան ադրբեջանական տեսանկյունից /Ալիևի առատաձեռն վարձատրության դիմաց/, այլ առաջին հերթին իրանական համատեքստում։ 

Երկրորդը, ոչ միայն բիզնես կամ սեփական նորագույն սպառազինությունների փորձարկման կամ գովազդի նկատառումներով, այլ նաև Իրանի հարևանությամբ հզոր հակաիրանական պլատֆորմ ստանալու շահագրգռություններն էին Իսրայելին ստիպում Ռուսաստանի հետ “մրցավազքի մեջ մտած” սպառազինել Ադբեջանին։  

Երրորդ, դրա արդյունքում Իրանին սահմանակից տարածքներում իբրև թե “հայերի կողմից օկուպացված ու Ադրբեջանի կողմից ազատագրված” տարածքներում վերականգնողական ու զարգացման ծրագրերի քողածածկույթի տակ մերձարաքսյա տարածքներում իրականացնել “բարձրտեխնոլոգիական”՝ “սմարթ” գյուղատնտեսական ու բնակարանաշինական ծրագրեր, իսկ իրականում’ հետախուզել Իրանին․․․

Չորրորդ, ինչպես Ռուսաստանի համար էր Լեռնային Ղարաբաղի պատերազմը թեսթ Ուկրաիանա ագրեսիայից առաջ, որպեսզի ստուգվի միջազգային հանրության ու կազմակերպությունների գործունակությունը, տարածքներ օկուպացնելու, պարտվողին կապիտուլյացիա պարտադրելու, արտատարածքային միջանցքներ ստեղծելու, էթնիկ զտումներ իրականացնելու առումներով, այնպես էլ Իսրայելի համար էր այս ամենը կարևոր նախ Գազան մաքրազարդելու, ապաև Իրանի վրա հարձակվելու ու իրանական թնջուկը լուծելու համար։

Այստեղ Ադրբեջանը Իսրայելի պարտքի տակ էր, ու, բնականաբար, Իսրայելը Իրանի վերաբերյալ իր՝ արդեն ակնհայտ սխալական հաշվարկներում այլ բան էր պատկերացնում։ Իսկ դա Ադրբեջանի չեզոքությունը կամ զսպվածությունը չէր․․․ 

Ինչպես ամերիկյան պարբերականները բացահայտեցին Իրանի իսրայելական ռմբակոծությունների առաջին օրերին’ Իսրայելը ռազմական գործողությունների պլանը մշակել էր դեռևս անցած տարվա աշնանը։ Իրանի հետ եվրոպական եռյակի ու ԱՄՆ բանակցությունների պատճառով այն հետաձգվում էր, ինչից շատ դժգոհ էր Իսրայելը․․․ 

Այս տարեսկզբին՝ հունվարի առաջին օրերին Ալիևի մոտ կատարյալ նոպաներ սկսեցին և, կարծում եմ, շատերն են հիշում նրա հոխորտանքները Հայաստանի ուղղությամբ, որ “ուզենք, թե չուզենք Զանգեզուրի միջանցք լինելու է”․․․․ Սա այս թեմայով Բաքվի բռնապետի տևական լռությունից հետո հերթական պոռթկումն էր, որը բան էր նշանակում․․․ Նշանակում էր, որ Ալիևը ինչ-որ ազդանշան է ստացել կամ հույսի պատուհան է տեսնում նախ “արտատածքային միջանցքի” պահանջ ներկայացնելու, ապա ռազմական գործողությունների դիմելու համար։ Իսկ այդպիսին կարող էր լինել միայն Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ, ով տարածաշրջանում միակն էր, որը դեմ էր արտահայտվում Ադրբեջանի պլաններին ու խանգարում ռուս-թուրք-ադրբեջանական նախագծի իրականացմանը․․․

Փետրվարին Ալիևն անգամ իր գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևին ուղարկեց Իսրայել, ով անձամբ հանդիպեց Նեթանյահուի հետ․․․ Վստահաբար, իսրայելական կողմը առնվազն պատշաճ տեղեկացրել էր իր մտադրությունների մասին՝ ակնկալելով Բաքվի կողմից պարտքի վերադարձ․․․․ 

Փետրվար-մարտին, զարմանալի զուգադիպությամբ, ՆԱՏՕ-ում մի բարեկամ երկրի ներկայացուցիչ ինձ տեղեկացնում է, որ իրենց հետախուզությունը կասկածներ ունի, որ 2-3 ամսից հնարավոր է Ադրբեջանը գործողություններ սկսի․․․ Այդ ժամանակ ոչ ես, ոչ զրուցակիցս տեղյակ չէինք, որ Իսրայելը հարձակվելու է Իրանի վրա․․․

Մարտի 13-ին Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի համար անսպասելիորեն հայտարարում են, որ բանակցվող տեքստից հանում են չհամաձայնեցված 2 հոդվածներն ու համաձայնագրի տեքստը համարում են բանակցված, ավարտված․․․ 

Այդուհանդերձ, Իսրայելի հարձակումը տեղի է ունենում հունիսի կեսերին․․․ Տարածաշրջանում Հայաստանը, Թուրքիան և այլոք դատապարտում են Իսրայելի հարձակումը․․․Ադրբեջանը վախից ու զգուշավորությունից դրդված ավելի “հավասարակշռված” դիրքորոշում է որդեգրում, մանավանդ որ Իրանի նախագահը մինչև դա էլ հատուկ հարկ էր համարել Բաքու այցելել և պրոադրբեջանական հայտարարություններ անել, ինչը կաշկանդող էր․․․ 

Իրանի թյուրքաբնակ ու ադրբեջանաբնակ հյուսիսի ռմբակոծություններն Իսրայելի կողմից առանձին ուսումնասիրության առարկա են։ Իրանական օգտատերերը լայն շրջանառության մեջ դրեցին տեղեկատվություն, թե հյուսիսային Ատրպատականի ռմբակոծություններն իրականացվել են Ադրբեջանի, ավելի ստույգ՝ Արցախի տարածքներում բազավորված իսրայելական ԱԹՍ-ներով․․․ Այս լուրերը մինչև օրս պաշտոնական հաստատում չեն գտել, ու դժվար է ասել՝ Իրանը նման նախահարձակ կեղծ մեղադրանք-տեղեկատվական օպերացիաներով փորձում էր Բաքվին ավելի չեզոք դիրքերում պահե՞լ, որպեսզի նա չտրվի գայթակղությանը, թե՞ իսկապես նման բան եղել էր, ուղղակի Իրանն էլ չէր ցանկանում Ադրբեջանին միանգամից մղել հակառակորդ ճամբար ու պարզապես նախազգուշացնում էր․․․ 

Հյուսիսային Ատրպետականի մի շարք բլոգերներ նույնիսկ Ալիևին ուղղված սուր քննադատություններ արեցին, թե մնացած ժամանակ նա խոսում է այնտեղ ապրող ազերիների՝ եղբայր լինելու մասին, մինչդեռ Իսրայելը նրանց սպանում է, իսկ Ադրբեջանը լռում է․․․ Նման ուղերձները ոչ այնքան Ադրբեջանին էին ուղղված, որքան որ հենց այդ տարածքների թյուրքախոս բնակչությանը, որպեսզի վերջիններս իմանան, որ Ալիևն ու Ադրբեջանը իրենց մասին չեն մտածում, հետևաբար պետք չէ երբևե նրա գործիքը դառնալ ու նրա վրա հենվել․․․  

Այն պահից սկսած, երբ Իրանը էֆեկտիվորեն սկսում է ջարդել Իրանի ներսում լրտեսական ցանցերը, արագ վերանշանակում սպանված հրամանատարների փոխարեն ու անցնում կոնտրհրթիռակոծության և Նեթանյահուի վիճակը սկսում է վատանալ, ակտիվացվում է քրդական գործոնը, որը տարածաշրջանում Իսրայելի գործընկերներից է։ Թե այն շրջանում, երբ Թրամփը 2-շաբաթյա ժամկետ էր տվել Իրանին /որը չպահեց/, թե նաև ամերիկյան ռմբակոծություններից հետո Իրանի քրդական կազմակերպությունները փորձեցին ակտիվացնել Իրանի ներսում թյուրքական ու ազերիական գործոնը․․․ Նրան կոչով դիմել էին թյուրքաադրբեջանաբնակ տարածքների կազմակերպություններին “կոնսոլիդանալու” առաջարկով’ որքան էլ նախկինում իրենց հարաբերությունները հարթ չեն եղել․ շատ վայրերում քրդերը դուրս էին մղել ադրբեջանցիներին իրենց բնակության վայրերից․․․ Ատրպատականի ու այլ տարածքների թյուրքախոս կամ ադրբեջանական բնակչության կազմակերպությունները չարձագանքեցին քրդերի կոչին․․․

Պարզ էր, որ Իսրայելի ակնկալիքները Ադրբեջանի կողմից պարտքը վերադարձնելու առումով չեն իրականանում ոչ ռազմական գործողություններին միանալու, Իրանի դեմ 2-րդ ճակատ բացելու, ոչ Իրանի ներսում իր ունեցած գործիքակազմը ուղղորդելու առումներով․․․

Սակայն Ադրբեջանին սիրաշահելու համար Իրանի մեկ այլ քայլ էլ կատարեց, որը կարող է վտանգել հայ-իրանական հարաբերությունները, եթե պաշտոնական Թեհրանը իր դիրքորոշումը չխմբագրի վերապահման ու հայտարարության մակարդակով։ Խոսքը վերաբերում է Իսլամական համագործակցության կազմակերպության ընդունած Ստամբուլյան հռչակագարիմ, որտեղ 5 տարբեր թեմաներով Իրանը քվեարկել է հակահայկական բանաձևերի ու ձևակերպումների օգտին․․․ Փաստաթուղթն ընդունվել է դեռևս այն ժամանակ, երբ պատերազմը չէր կանգնեցվել ու Իրանը դեռևս մեծ ու վտանգավոր անորոշությունների առաջ էր կանգնած՝ ինչ ընթացք կստանա պատերազմն իր համար և ովքեր կներգրավվեն իր դեմ դրանում․․․ 

Առավել հավանական է թվում, որ Իրանը Հայաստանի նկատմամբ անհարգալից ու անթույլատրելի քայլի է գնացել ոչ թե նրա համար, որ “գլուխը խառն է եղել իր պատերազմով”, այլ որ Թեհրանը փորձել է հայկական շահերի հաշվին սիրաշահել Ադրբեջանին։ Եթե դա չի արել, ուրեմն Թեհրանը պարտավոր է Հայաստանի ու աշխարհի համար հստակեցնել իր դիրքորոշումն այդ անթույլատրելի տեքստի վերաբերյալ․․․ 

Այդ ամենից զատ՝ հետաքրքիր է լինելու Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին հետևելը, առավել ևս այն բանից հետո, երբ Ադրբեջանի արցախյան պարտքը Իսրայելին վերադարձված չէ․․․․

ՄԱՀՀԻ տնօրեն

Ստյոպա Սաֆարյան

Աղբյուրը՝ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից https://m.facebook.com/story.php?story_fbid=2868758423329638&id=100005865248939&sfnsn=wa&mibextid=VhDh1V

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *