Հայաստան

Զսպում Եվ Հարկադրանք. Հայաստանի Եվ Ադրբեջանի Տարբեր Պաշտպանական Դիրքորոշումները

Ադրբեջանի իրական նպատակն այն է, որ Հայաստանը լինի անպաշտպան՝ թե՛ սեփական ուժերով, թե՛ դաշնակիցների աջակցությամբ։ Ալիևը անհանգստացած է, որ Հայաստանի պաշտպանական զսպման կարողությունների ամրապնդումը կարող է նվազեցնել ռազմական անհավասարությունը՝ խոչընդոտելով իր զինված ճնշումների քաղաքականությանը։ 

Սոսի Թաթիկյան

(Մաս 2-րդ)

Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանական ուղղությունները

Լեռնային Ղարաբաղի ռազմական նվաճմանը զուգահեռ՝ Ադրբեջանը 2021–2022 թվականներին կիրառեց «սալյամի տակտիկա»՝ քայլ առ քայլ Հայաստանին պատկանող շուրջ 220 քառ. կմ սահմանային տարածքների, ներառյալ ռազմավարական բարձունքների, լուռ բռնակցման համար։ Յուրաքանչյուր քայլն առանձին բավարար չէր միջազգային խիստ արձագանքի համար, սակայն այդ ամբողջությունը ծառայում էր Ադրբեջանի ընդլայնողական և տարածաշրջանային գերիշխանության օրակարգին։ Բացի այդ, Ադրբեջանը կիրառում է «պարտադրանքի» ռազմավարություն՝ միջազգային հարաբերություններում այն նշանակում է հակառակորդին ստիպել կատարել գործողություն (օրինակ՝ զիջել տարածք, դադարեցնել դատական գործընթացները), սպառնալիքով՝ այդ թվում ռազմական ուժի կիրառման սպառնալիքով։ Այս մոտեցումը կարևոր դեր ունի բանակցություններում ճնշում գործադրելու և զիջումներ կորզելու համար։ Բաքուն նաև պահանջում է ԵՄ դիտորդական առաքելության դուրս բերում Հայաստանից, որը որոշակի զսպող դեր ունի Հայաստանի սահմանների անվտանգության և տարածքային ամբողջականության համար։ Թեև Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի խաղաղության պայմաններին, Բաքուն շարունակում է խոչընդոտել համաձայնագրի ստորագրումը։ Միաժամանակ Ալիևը հայտարարել է, որ «մինչ խաղաղության պայմանագիր չկնքվի, կայունություն չի լինի»։ Սա ենթադրում է, որ Ադրբեջանը իրականում խաղաղություն չի հետապնդում, այլ սպասում է բարենպաստ պահին՝ Հայաստանին նորից հարձակվելու և իր ընդլայնողական քաղաքականությունն առաջ մղելու համար։

Ադրբեջանի ղեկավարությունը՝ մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևը, ներկայացնում է Հայաստանի պաշտպանական բարեփոխումները որպես «զինավազք», «տարածաշրջանային սպառնալիք» և «վտանգավոր ուղի»։ Նրա խորհրդական Հիքմեթ Հաջիևը, որը փաստացի համարվում է ազգային անվտանգության խորհրդական, կոչ է արել միակողմանիորեն սահմանափակել Հայաստանի ռազմական հնարավորությունները՝ համեմատելով իրավիճակը Պարսից ծոցի պատերազմից հետո Իրաքի հետ։ Սակայն անվիճելի է, որ պատերազմներն ու ռազմական հարձակումները սկսել է Ադրբեջանը՝ թե՛ Արցախում (2016, 2020, 2023), թե՛ ՀՀ տարածքում (2021–2022)։ Թեև առաջին արցախյան պատերազմի ծագման շուրջ կան տարբեր տեսակետներ, հայերը պնդում են, որ իրենց գործողությունները եղել են ինքնապաշտպանական։ Բաքուն փորձում է այս պահանջները օրինականացնել՝ Հայաստանը ներկայացնելով որպես ագրեսոր, օկուպանտ և անգամ «ֆաշիստական» պետություն։ Ալիևի այս հռետորաբանությունը նման է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինան «նացիստական պետություն» կոչելու մեխանիզմին՝ արդարացնելու իր ռազմական նպատակները։

Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է սկսել բոլոր այն երկրների դեմ, որոնք պաշտպանական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին՝ մեղադրելով նրանց պատերազմ հրահրելու և տարածաշրջանը ապակայունացնելու մեջ։ Ալիևը փորձել է վարկաբեկել Հայաստանի համագործակցությունը Ֆրանսիայի, Հնդկաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով, թե նրանք «մահաբեր զենք» են մատակարարում։ Նա պահանջել է, որ Ֆրանսիան և մյուս մատակարարները չեղարկեն իրենց պայմանագրերը և հետ վերցնեն արդեն մատակարարված զինատեսակները՝ ասելով. «Սա մեր պայմանն է։ Թող ինչպես ուզում են՝ այդպես էլ ընդունեն»։ Իրականում միայն Ֆրանսիան և Հնդկաստանն են տրամադրել այնպիսի զենք, որը ուղղված է զսպելու ադրբեջանական հնարավոր հարձակումը։ ԵՄ աջակցությունը սահմանափակվել է ոչ մահաբեր օգնությամբ, իսկ ԱՄՆ-ն՝ երկու համատեղ զորավարժությամբ (2024-ից հետո) և հմտությունների ուսուցմամբ։ Թեև ԵՄ և ԱՄՆ աջակցությունը համեստ է, այն դարձել է ադրբեջանական ապատեղեկատվության արշավի թիրախ։ Երկուսն էլ վճռականորեն հերքել են, որ մահաբեր զենք են մատակարարում։

Ալիևը պարբերաբար ընդգծում է Ադրբեջանի ռազմական գերազանցությունը և աճող պաշտպանական բյուջեն։ Նա հայտարարել է, որ 2025 թվականի ռազմական բյուջեն կհասնի աննախադեպ՝ 5 միլիարդ դոլարի։ Ըստ Ալիևի՝ այս ներդրումը կենսական է երկրի անվտանգությունը ապահովելու և տարածաշրջանում գերակայությունը պահպանելու համար։ Նա զգուշացրել է, որ «օտար ուժերն ու զենքերը չեն փրկի»՝ հղում անելով 2020 թվականի պատերազմին և 2023 թվականի «հակաահաբեկչական միջոցառումներին»։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում միջազգային քաղաքականությունը թելադրվում է ռազմական ուժով, և այն երկրները, որոնք վաղ են հարմարվել այդ իրողությանը, ավելի կայուն դիրք են ապահովել։

Ադրբեջանի իրական նպատակն այն է, որ Հայաստանը լինի անպաշտպան՝ թե՛ սեփական ուժերով, թե՛ դաշնակիցների աջակցությամբ։ Ալիևը անհանգստացած է, որ Հայաստանի պաշտպանական զսպման կարողությունների ամրապնդումը կարող է նվազեցնել ռազմական անհավասարությունը՝ խոչընդոտելով իր զինված ճնշումների քաղաքականությանը։ Նա պնդում է, թե Հայաստանի ռազմական աջակցությունը խարխլում է տարածաշրջանային խաղաղությունը, ինչը հակասում է այն սկզբունքին, որ հավասարակշռված ուժերի միջև խաղաղությունը առավել կայուն և արդար է։ Ալիևը Հայաստանի վերազինումը ընկալում է ոչ թե որպես անվտանգային խնդիր, այլ որպես սպառնալիք իր գերիշխանությանը։ Այդ պատճառով Ադրբեջանը կարող է նորից դիմել ագրեսիայի՝ իր գերակայությունն ապահովելու համար։

Ի տարբերություն դրա, Հայաստանը հստակ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ խորհրդային սահմանների շրջանակում, հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջներից և պարտավորվել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների ապաօկուպացիան իրականացնել բացառապես խաղաղ՝ սահմանազատման գործընթացով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ինքնապաշտպանության իրավունքը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքը։ Նա նշել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն երեք անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն և ներառում է ոչ պաշտպանական զինատեսակներ։ Փաշինյանը հարց է բարձրացրել՝ արդյոք այս սպառազինումն ու սպառնալիքները վկայում են ռևանշիստական քաղաքականության մասին։ Նա հայտարարել է, որ առանց Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունների՝ էսկալացիայի վտանգ գոյություն չունի։ Զգուշացնելով հնարավոր ցամաքային հարձակումներից՝ նա նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ են պաշտպանական հրետանի և հրթիռային համակարգեր։ 2024 թվականի վերջից սկսած՝ Հայաստանը բազմիցս առաջարկել է երկկողմանի զենքի վերահսկողության մեխանիզմ ստեղծել, ինչը Բաքուն անտեսել է։

Այս ամենը ցուցադրում է ռազմավարական հայեցակարգերի հակադրությունը․ մինչ Ադրբեջանը  գնում է ճնշման և գերիշխանության պահպանման ուղիով, Հայաստանը կենտրոնացած է ինքնապաշտպանության, սահմանների խաղաղ կարգավորման և անվտանգության վրա։ Հայեցակարգային այս անհամաչափությունն արտացոլում է նաև երկու պետությունների ունակությունների և նպատակների անհավասարությունը։

Ռազմական բյուջեների համեմատություն

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեները ցույց են տալիս խիստ անհավասարություն։ Ադրբեջանի բյուջեն 2021 թ.-ի 2.6 միլիարդ դոլարից հասել է 2024 թ.-ին՝ 3.77 միլիարդի, իսկ 2025-ին՝ սպասվում է 4.9 միլիարդ դոլար։ Մինչև 2029 թ. պլանավորված է պահպանել բարձր մակարդակ՝ 2026-ին հատկացնելով 8.11 միլիարդ մանաթ (մոտ 4.7 միլիարդ դոլար)։ Հայաստանը 2021-ին ուներ 600 միլիոն դոլար ռազմական բյուջե, որը 2025-ին պետք է հասնի 1.7 միլիարդի (մոտ 6% ՀՆԱ-ից), սակայն շարունակում է մնալ զգալիորեն պակաս։ Այս եռակի տարբերությունը ցույց է տալիս Ադրբեջանի հսկայական առավելությունը, որը ապահովվում է նավթագազային եկամուտներով, մինչ Հայաստանը փորձում է վերականգնել իր պաշտպանական կարողությունները՝ 2020 թ.-ի պատերազմից հետո։

[շարունակելի]

Աղբյուրը՝

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *