Ստեփանակերտում նոր ձեւավորվող իշխանության կողմից «Կոլցո» ռազմագործողության մասին քաղաքական եւ, մանավանդ, իրավական գնահատականի հնչեցումը Բաքուն անպայման կօգտագործեր եւ Մոսկվայից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու թույլտվություն կստանար:
Վահրամ Աթանեսյան
Մաս 20
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահի ընտրությունից հետո ձեւավորված կառավարության կազմում, որքան էլ արտառոց չթվա, արտաքին գործերի նախարարություն չստեղծվեց, թեեւ առաջին նստաշրջանը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունել է անկախության մասին Հռչակագիր: Որեւէ պաշտոնական փաստաթուղթ, որ կվկայեր հռչակած անկախությունը ճանաչելու մասին միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, արդեն իսկ կազմավորված ԱՊՀ-ին, Հայաստանին եւ Ադրբեջանին ճանաչման խնդրանքով դիմելու իրողությունը, գոյություն չունի:
Ոչ պաշտոնապես հայտնի է, որ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ ձեռնարկելիք քայլերի պատասխանատվությունը վերապահվել է Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որի նախագահ է ընտրվել Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Մելիք-Շահնազարյանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ նա ծնվել է խորհրդային Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը:
Բարձրագույն կրթություն Լեւոն Մելիք-Շահնազարյանն ստացել է Ուզբեկստանում: 1974 թվականին ընդունվել է Տաշքենդի Ռուսաց լեզվի եւ գրականության ինստիտուտը, որն ավարտելուց հետո դասախոսական աշխատանքի է անցել Տաշքենդի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ամբիոնում: 1988 թվականին նա տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ եւ միանգամից նշանակվել Ստեփանակերտի քաղաքային խորհրդի գործկոմի բաժնի պետ: Այլ տեղեկություններով՝ նա զբաղեցրել է մարզային խորհրդի գործկոմի՝ Ադրբեջանից բռնատեղահանված հայ բնակչության սոցիալական կարիքների ապահովման հարցերով վարչության պետի պաշտոնը:
Լեւոն Մելիք-Շահնազարյանի կենսագրության ուշագրավ դրվագներից է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ հաստատված լինելով Ստեփանակերտում, նա 1988 թվականի ամռանը ոչ միայն հայտնվում է «Միացում» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնողների խմբում, այլեւ հիմնադիր ժողովում ընտրվում է կառույցի նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի, տեղակալ:
Գերագույն խորհրդի հանձնաժողովի նախագահի ընտրությունը կատարվել է փակ-գաղտնի քվեարկությամբ, եւ Լեւոն Մելիք-Շահնազարյանը նորաանկախ ԼՂՀ արտաքին քաղաքականության պատասխանատուի շատ պատասխանատու պաշտոնը չէր զբաղեցնի, եթե «դաշնակցական խմբակցությունը», որ բացարձակ մեծամասնություն էր, նրան օգտին չքվեարկեր: Այդ փուլում նա արդեն հեռացե՞լ էր Ռոբերտ Քոչարյանի թիմից, թե՞ Լեւոն Մելիք-Շահնազարյանի ընտրությունը եւս մեկ «փոխզջում էր»՝ մնում է միայն ենթադրել:
Այս դեպքում պետք է պատմական իրողությանը հավատարիմ մնանք եւ արձանագրենք, որ մինչ այդ Լեւոն Մելիք-Շահնազարյանը չափազանց կարեւոր առաքելություն է իրականացրել: Նրա եռանդուն ջանքերի շնորհիվ Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ կազմակերպվել են ԼՂ-ում անցկացված «Կոլցո» ռազմագործողության թեմայով խորհրդարանական լսումներ:
Ըստ էության, Մելիք-Շահնազարյանին հաջողվել է ռուսաստանցի պատգամավորների հետ կապերի շնորհիվ խորհրդարանական լսումների կանչել Գետաշենում, Շահումյանի եւ Հադրութի շրջաններում, Բերդաձորում իրականցված պաժիչ ռազմագործողությունների անմիջական հրամանատարներին, որոնք պատգամավորների սուր հարցադրումներին պատասխանել են «մենք հրամանք ենք կատարել» ստանդարտ ոճով:
Արդեն անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղում, ցավոք, այդ խնդիրը քաղաքական գնահատականի չի արժանացել: Ամենայն հավանականությամբ, դեր է խաղացել Մոսկվայի հետ հարաբերությունները չփչացնելու զգուշավորությունը, որն, ի դեպ, լիովին արդարացված էր: Այդ շրջանում Ադրբեջանի նախագահ Մութալիբովը, թեեւ ստորագրել էր ԱՊՀ կազմավորման մասին Ալմաթիի Հռչակագիրը, գտնվում էր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության քննադատության թիրախում, որ պահանջում էր հեռացնել խորհրդային զորքերը, առգրավել նրանց բոլոր սպառազինությունները եւ Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի դեմ:
Ստեփանակերտում նոր ձեւավորվող իշխանության կողմից «Կոլցո» ռազմագործողության մասին քաղաքական եւ, մանավանդ, իրավական գնահատականի հնչեցումը Բաքուն անպայման կօգտագործեր եւ Մոսկվայից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու թույլտվություն կստանար: Պաշարված Լեռնային Ղարաբաղում գերխնդիր էր ճեղքել ադրբեջանական օղակը, ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը: Այդ էքզիստենցիալ անհրաժեշտության հանդեպ ԼՂՀ Գերագույն խորհուրդը չէր կարող ոչ ներքին ոչ, հատկապես՝ արտաքին քաղաքական լյուստրացիա խնդիր քննարկել: Զանգվածային ցույցերի եւ երթերի ժամանակը մնացել էր անցյալում:
(Շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
