Ինչու՞ ազատագրված քաղաքում կայազոր չի մտցվել, պարետային ժամ չի հաստատվել՝ մնում է չբացահայտված: Պարզ չէ նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի ՆԳ եւ Ազգային անվտանգության վարչությունն ի՞նչ գործառույթներ են իրականացրել: Իրողություն է, սակայն, որ ազատագրված Շուշին շուրջ երկու ամիս իշխանություն չի ունեցել:
Վահրամ Աթանեսյան
Մաս 26-րդ
Արթուր Մկրտչյանի ողբերգական մահն էլ ավելի թուլացրեց պետական կառավարման համակարգում եւ ներքաղաքական կյանքում ԼՂՀ Գերագույն խորհրդի դերակատարությունը: ԳԽ նախագահի պարտականությունները վերապահվեցին ՀՅԴ-ական Գեորգի Պետրոսյանին, որ միաժամանակ հանդիսանում էր Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Մասնագիտությամբ՝ տեխնոկրատ, կրթությամբ՝ ռուսախոս՝ Գերոգի Պետրոսյանը ղարաբաղյան Շարժման հրապարակային գործիչ էր, բայց դա ակնհայտորեն բավարար չէր, որպեսզի կարողանար գործադրել քաղաքական իշխանությունը:
Ծայրահեղ ծանր պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղում գերխնդիր էր բնակչության տարրական կարիքների ապահովումը, իսկ Երեւանից առաքումներն իրականացվում էին գործադիր իշխանության կամ ուղղակի Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի հասցեով, որի ձեռքում էին գտնվում նաեւ ներքին իրավիճակի կառավարման բոլոր լծակները, Գերագույն խորհուրդը չէր կարող իրացնել այն լիազորությունները, որ վերապահված էին օրենքով: Իշխանության ակնհայտ վակուումը որոշակիորեն մեղմեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը: Այդ մասին շատ, նույնիսկ չափազանց շատ է գրվել: Ըստ որոշ վկայությունների, ռազմագործողության օր նախապես նշանակվել էր ապրիլի 24-ը: Եթե դա ճիշտ է, կարելի է ենթադրել, որ Շուշիի ազատագրումը ծրագրվել կամ առնվազն այդ մասին քննարկումներ ընթացել են դեռեւս Արթուր Մկրտչյանի կենդանության օրոք: Ռազմագործողության հետաձգումը պատճառաբանվել է սպառազինությունների եւ զինամթերքի բավարար պաշարների բացակայությամբ:
Ակնհայտ է, որ նման որոշում չէր կարող ընդունվել ԼՂՀ ԳԽ կամ Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի «մեկուսի» որոշմամբ: Շուշիի ազատագրումը Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան ցամաքային հաղորդակցություն բացելու մեծ ծրագրի մի մասն էր: Այս դեպքում խնդիրը պետք է ունենար միջազգային լեգիտիմություն, իսկ դրա համար, ամենայն հավանականությամբ, ամիսների դիվանագիտական եւ հետախուզական աշխատանքներ են տարվել: Քաղաքական առումով ընտրվել է պահ, երբ Խոջալուի անկման եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ունենալու պատճառով Ադրբեջանի Գերագույն խորհուրդը նախագահ Մութալիբովին պաշտոնազրկել, նրա պարտականությունները վերապահել էր ԳԽ նախագահ Յաղուբ Մամեդովին: Վերջինս քաղաքականություն էր եկել Բաքվի բժշկական ինստիտուտի ռեկտորի պաշտոնից եւ հայտնի էր «դոլար Յաղուբ» մականունով: Ադրբեջանում փաստացի անիշխանություն էր:
Շուշիի անկումից հետո Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել: Պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել զինվորական պարետ Էլբրուս Օրուջեւին, թեեւ քաղաքի պաշտպանության պատասխանատու էր նաեւ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցոության ներկայացուցիչ Ռահիմ Գազիեւը: Դիտարժան է, որ մեկ տարի հետո վերադառնալով իշխանության՝ Հեյդար Ալիեւը ոչ միայն ներում է շնորհել դատապարտված Օրուջեւին, այլեւ նրան արժանացրել գեներալ-մայորի կոչման, ծառայության նշանակել պաշտպանության նախարարությունում: Շուշիում ռազմական գործողությունները դադարել են 1992 թվականի մայիսի 8-ին: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասում է, որ զորքը եւ մնացած բնակչությունը Շուշիից հեռացել են, երբ իր հրամանատարությամբ գործող ջոկատը փակել է դեպի Լաչին ճանապարհը՝ քաղաքին սպառնալով տեւական շրջափակմամբ: Այդուհանդերձ, Շուշիի ազատագրման օր պաշտոնապես հայտարարվել է մայիսի 9-ը:
Տասը օր հետո ԼՂ ինքնապաշտպանական ուժերը գրավել են Լաչին քաղաքը եւ հարակից մոտ երկու տասնյակ գյուղեր եւ բացել Հայաստանի հետ ցամաքային հաղորդակցության ճանապարհը: Միջազգային հանրության կողմից այն համարվել է «մարդասիրական միջանցք»: Չնայած Ադրբեջանի կողմից հարցի բարձրացմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Շուշիի եւ Լաչինի գրավման հարց չի քննարկել, այն դատապարտող եւ հայկական ուժերը դուրս բերելու պահանջով բանաձեւ չի ընդունել: Փոխարենը ԼՂՀ պատկան մարմինների «անուշադրության պատճառով» մայիսի 9-ի առավոտյան Շուշիի մի քանի թաղամասերում «պատահական հրդեհներ են բռնկվել»:
Ինչու՞ ազատագրված քաղաքում կայազոր չի մտցվել, պարետային ժամ չի հաստատվել՝ մնում է չբացահայտված: Պարզ չէ նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի ՆԳ եւ Ազգային անվտանգության վարչությունն ի՞նչ գործառույթներ են իրականացրել: Իրողություն է, սակայն, որ ազատագրված Շուշին շուրջ երկու ամիս իշխանություն չի ունեցել: Այդ ընթացքում ո՞վ է վերահսկել քաղաքը: Ի՞նչ օպերատիվ աշխատանք են կատարել ԼՂՀ հատուկ ծառայությունները՝ երբեք հրապարակային տեղեկություն չի տարածվել: Հատկապես ուշագրավ է մի հարց. Հեռացող ադրբեջանցիներն իրենց հետ տարե՞լ են Շուշիի բանտի փաստաթղթերը, որ կարող էին լույս սփռել «Կոլցո» ռազմագործողության ընթացքում այնտեղ հայ գերիների նկատմամբ գործադրված բռնությունների, դրանցում խորհրդային պատժիչ ուժերի ներգրավվածության մասին: «ԿԳԲ»-ն, կարծես, Շուշիում ջնջել է իր հանցավորության հետքերը: ԼՂՀ հատուկ ծառայությունները մասնակցե՞լ են «մաքրագործման հատուկ գործողությանը»:
(շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
