Նույն ամիսներին Մարտակերտ է գործուղվել նաեւ Լեոնիդ Ազգալդյանը, որի աջակիցը Վլադիմիր Բալայանն էր: Հայտնի չէ, թե «Ազատագրական բանակի» եւ Մարտակերտի ինքնապաշտպանական շտաբի միջեւ ինչ աստիճանահարգություն է ձեւավորվել, բայց գաղափարա-քաղաքական առումով նրանք միեւնույն՝ ազգային-հայրենասիրական ուժերի ճամբարում էին:
Վահրամ Աթանեսյան
մաս 27-րդ
1992 թվականի հունվարի 19-ին Ստեփանակերտում զոհվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Շիրինյանը: Նա այդ օրը մասնակցել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանին: Ըստ պաշտոնական վարկածի՝ Շիրինյանը դարձել է Շուշիից արձակված «Ալազան» չկառավարվող հրթիռի պայթյունի զոհ: Այլ տեղեկություններով՝ «նրա ուղղությամբ նռնակ են նետել»: Վիգեն Շիրինյանի զոհվելու առթիվ քրեական գործ չի հարուցվել, հետաքննություն չի իրականացվել: Որեւէ ստույգ տեղեկություն չկա, թե ինչ հանգամանքներում է նա զոհվել: Որոշ տվյալներով՝ ԳԽ նստաշրջանը տեւել է մինչեւ ուշ երեկո, Շիրինյանը մի քանի ընկերների հետ դուրս է եկել նիստերի դահլիճից եւ մտադիր է եղել գիշերել գործընկերներից մեկի տանը եւ ճանապարհին էլ դարձել է «Շուշիից արձակված «Ալազանի» պայթյունի զոհ»:
Վիգեն Շիրինյանը 1969 թվականին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը եւ ավելի քան վեց տարի աշխատել «Երազ» ավտոգործարանում: 1975 թվականին վերադարձել է Լեռնային Ղարաբաղ եւ աշխատանքի անցել Մարտակերտ քաղաքի կենտրոնական կաթսայատանը: Շիրինյանը, ինչպես նրան մոտիկից ճանաչողներն են վկայում, ռոմանտիկ բնավորություն ուներ, գրում էր ազգային-հայրենասիրական ոտանավորներ: Ղարաբաղյան շարժման առաջին օրերին Վիգեն Շիրինյանը Մարտակերտ քաղաքում ձեռք է բերել համարձակ եւ նվիրյալ գործչի համարում, երբ շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի շենքի տանիքից հեռացրել է Ադրբեջանի դրոշը եւ կոչ արել մինչեւ վերջ կանգնել «միացում» կարգախոսի դիրքերում: 1990 թվականի մայիսի 20-ին Վիգեն Շիրինյանը ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Քաղաքական հայացքներով նախապես հարելով ոչ կոմունիստական Հայոց համազգային շարժմանը, որոշ ժամանակ անց նա հեռացել է ՀՀՇ-ից եւ հարել ԳԽ ազգային ուժերի խմբակցությանը, որի առանցք կազմում էր ՀՅԴ-ն: Անդամագրվե՞լ է Վիգեն Շիրինյանը Դաշնակցությանը, թե՞ եղել է միայն համակիր՝ հայտնի չէ: Ականատեսները վկայում են, որ Վիգեն Շիրինյանն արդեն 1991 թվականին Մարտակերտում ձեւավորել է համախոհների բավական ազդեցիկ թիմ եւ հակադրվել շրջանի ղեկավար Վահան Գաբիրելյանին:
«Կոլցո» ռազմագործողության շրջանում Շիրինյանը եւ իր համակիրները նախաձեռնել են Վահան Գաբրիելյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Այդ հարցով հրավիրված նստաշրջանը, սակայն, մերժել է Գաբրիելյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությունը: ԼՂՀ Գերագույն խորհրդի ձեւավորումից հետո, ինչպես ականատեսներն են վկայում, Վիգեն Շիրինյանը Մարտակերտի շրջանից ընտրված մի քանի պատգամավորների ուղղորդել է դեպի ՀՅԴ: Շիրինյանը Երեւանում ունեցած կապերի շնորհիվ Մարտակերտի ինքնապաշտպանական ուժերի համար զենք եւ զինամթերք ձեռք բերելու առանձին կապուղի է ստեղծել: Այդ գործում նրա վստահելի անձը ԼՂՀ ԳԽ պատգամավոր, քարհանքի տնօրեն Վագիֆ Գալստյանն էր: Այդ փուլում Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն փորձում էր համախմբել ոչ միայն զինված ջոկատներին, նրանց ենթարկեցնել միասնական հրամանի, այլեւ կանոնակարգել Երեւանից մատակարարումները:
Պետք է ընդգծել, որ նույն ամիսներին Մարտակերտ է գործուղվել նաեւ Լեոնիդ Ազգալդյանը, որի աջակիցը Վլադիմիր Բալայանն էր: Հայտնի չէ, թե «Ազատագրական բանակի» եւ Մարտակերտի ինքնապաշտպանական շտաբի միջեւ ինչ աստիճանահարգություն է ձեւավորվել, բայց գաղափարա-քաղաքական առումով նրանք միեւնույն՝ ազգային-հայրենասիրական ուժերի, ճամբարում էին: Վիգեն Շիրինյանի կորուստը Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական ուժերի համար բավական ծանր էր: Նրա մահով խզվել է Երեւանի հետ առանձին հաղորդուղին, նրա համախոհները կորցրել են վստահությունը, ավելի է խորացել օրինական իշխանության եւ ազգային-հայրենասիրական ուժերի միջեւ անվստահությունը: Այդ հակասությունը չէր կարող անհետեւանք մնալ:
1992 թվականի մարտի կեսերին շրջանային խորհրդի արտահերթ նստաշրջանը պաշտոնից հեռացնում է Վահան Գաբրիելյանին: Շրջխորհրդի գործկոմի նախագահ է ընտրվում վարչական աշխատանքում լիովին անփորձ Ներսես Օհանջանյանը, որի թեկնածությունն առաջադրել է ինքնապաշտպանության շրջանային շտաբը: Քաղաքական այդ փոխատեղությունն, ըստ երեւույթին, հատուկ ծառայությունների կազմակերպած գործողություն էր, որի նպատակը ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի եւ Մարտակերտի տեղական խմբավորումների միջեւ հակասությունների հարթումն էր։
(շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
