Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Ոչ ոք, կարծես, ուշադրություն չի դարձրել մի կարեւոր հանգամանքի. Ադրբեջանում նախագահական ընտրության նախօրեին՝ 1992 թվականի հունիսի 6-ին Ստեփանակերտում գումարվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջան՝ օրակարգային մեկ՝ ԳԽ նախագահի ընտրության հարցով:

Վահրամ Աթանեսյան

Մաս 28-րդ

1992 թվականի հունիսի  7-ին Ադրբեջանում տեղի են ունենում նախագահի արտահերթ ընտրություններ: Առավելագույն քվեներ՝ մասնակիցների ընդհանուր ձայների 59,5 տոկոսն ստանում է Աբուլֆազ Էլչիբեյը: Ուշագրավ է, որ նա ձայների ամենամեծ քանակ՝  88,1 տոկոս, ստանում է Նախիջեւանի ինքնավարության տարածքում: Ճիշտ է, Աբուլֆազ Ալիեւը, որ հետո պետք է քաղաքական «Էլչիբեյ» անունն ստանար, ծնունդով Նախիջեւանի ԻՀ Օրդուբադի շրջանի Քելեքի գյուղից է, բայց այդ հաջողությունը չէր ունենա, եթե այդպես չցանկանար ինքնավարության ղեկավար Հեյդար Ալիեւը:

Այդ ընտրություններից ավելի քան երկու տասնամյակ հետո ադրբեջանցի քաղաքական գործիչ Լալա –Շեւքեթ Հաջիեւան վկայել է, որ Ադրեջանի նախագահի թեկնածուների առաջադրման փուլում իրենց զանգահարել է Հեյդար Ալիեւը եւ խնդրել, որ Մոսկվայից շտապ մեկնի Բաքու, հանդիպի Էլչիբեյի հետ եւ իմանա նրա մտադրությունները: Հաջիեւան պատմել է, որ նույն օրն ինքը «արվարձարանային թեյարաններից մեկում» Էլչիբեյի հետ առանձնազրույց է ունեցել, որի ընթացքում «Աբուլֆազը հավաստիացրել է, որ հարկադրված է նախագահի պաշտոնից հավակնորդ դարձել, գերազանց գիտի, որ այդ տեղը պատկանում է Հեյդար Ալիեւին եւ ընտրվելուց հետո ցանկացած պահի պատրստ կլինի պաշտոնը զիջել ամենաարժանավորին»:

Ըստ երեւույթին, Հեյդար Ալիեւի թիմն Էլչիբեյի օգտին աշխատել է նաեւ Բաքվում եւ Ադրբեջանի բոլոր շրջաններում: Ադրբեջանական բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ Աբուլֆազ Էլչիբեյը միշտ գտնվել է Հեյդար Ալիեւի ազդեցության տակ: Հանդիսանալով Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտաշխատող, Էլչիբեյը 1975 թվականին մեղադրվել է պանթուրքիզմի մեջ: 

Ականատեսները եւ գործին առնված մարդիկ վկայում են, որ երբ ՊԱԿ-ի հանրապետական կոմիտեի նախագահը Հեյդար Ալիեւին զեկուցել է «թանթուրքիստական խմբակի բացահայտման» մասին, Ադրբեջանի կոմունիստ առաջնորդը շատ սառը ընդհատել է եւ ասել. «Մեզ մոտ չի կարող լինել ոչ նացիոնալիզմ, ոչ պանթուրքիզ, մենք բազմազգ հանրապետություն ենք»: Գործն, իհարկե, ամեն դեպքում հասել է դատարան, բայց Էլչիբեյը չորս տարվա պատիժը կրել է Շուվելյանի ուղղիչ-աշխատանքային գաղութում, իսկ վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո աշխատանքի նշանակվել ԳԱ Արեւելագիտության ինստիտում:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում պատմում է, որ 1989 թվականին Ռիգայում մերձբալթյան հանրապետությունների այլախոհ պատվիրակները հրաժարվել են սեղմել Էլչիբեյի ձեռքը: 

«ԽՍՀՄ-ում քաղաքական այլախոհը բանտից ազատվելուց հետո կարող էր պահակ, դռնապան կամ հնոցապան աշխատել, իսկ այդ մարդը ԳԱ աշխատակից է, ուրիշ ի՞նչ է պետք, որպեսզի ես համոզվեմ, որ նա ՊԱԿ-ի գործակալ է»,- Ալիզադեի վկայությամբ հայտարարել է Վիատաուտաս Լանդսբերգիստ եւ Էլչիբեյից երեսը «զզվանքով շրջել»:

ՊԱԿ-ի երկարամյա գործակալ Էլչիբեյը միայն ՊԱԿ-ի գեներալ Հեյդար Ալիեւի եւ նրա մոսկովյան հովանավորների օգնությամբ կարող էր Ադրբեջանի նախագահ ընտրվել, բայց արտաքին տպավորություն ստեղծելու համար մինչ այդ հատուկ ծառայություններն Էլչիբեյի համար ստեղծել էին «մոլեռանդ պանթուրքականի եւ հակաիրանականի» կերպար, որ, ցավոք, առայսօր շրջանառվում է նաեւ Հայաստանի փորձագիտական հանրության կողմից:

Ոչ ոք, կարծես, ուշադրություն չի դարձրել մի կարեւոր հանգամանքի. Ադրբեջանում նախագահական ընտրության նախօրեին՝  1992 թվականի հունիսի 6-ին Ստեփանակերտում գումարվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջան՝ օարկարգային մեկ՝ ԳԽ նախագահի ընտրության հարցով:

Խիստ արտառոց է, որ այդ նստաշրջանը գումարվել է ոչ թե ԳԽ նստավայրում, այլ պետական թատրոնի դահլիճում: Նստաշրջանին ներկա է գտնվել Հայաստանի Գերագույն խորհրդի պատվիրակություն՝ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ: Շուշիի ազատագրումից, Հայաստանի հետ մարդասիրական միջանցքի բացումից հետո, ռազմագործողություններ, որոնց անմիջական մասնակցություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանը, թվում էր, թե ԳԽ նախագահի պաշտոնում նրա ընտրության հարցը կանխորոշված է:

Երկօրյա բուռն քննարկումներից, մի քանի փուլով անցկացված փակ-գաղտնի քվեարկություններից հետո, սակայն, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ ԳԽ նախագահ չի ընտրվել: Որպես այլընտրանք՝ առաջարկվել է Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանի թեկնածու:

Որքան էլ արտառոց չհնչի՝ ԳԽ-ում մեծամասնություն ունեցող ՀՅԴ-ն չի ապահովել իր առաջադրած թեկնածուի ընտրությունը, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը դարձյալ մնացել է թափուր: Մեկ շաբաթ հետո՝ 1992 թվականի հունիսի  13-14-ին Շահումյանի շրջանն ամբողջովին գրավված էր:

(շարունակելի)

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *