Հայաստան

Պայմանագիր Չի՞ Ստորագրվել

Ադրբեջանը հաշվի է առնում նաև տարածաշրջանային իրավիճակը. «Իրան-Իսրայել հակամարտությունը չստեղծեց հաջողության հնարավորության պատուհան, որ ինքն էլ ռազմական եղանակով իր խնդիրները լուծի:

Ստյոպա Սաֆարյան

Առայժմ այնպիսի նշաններ չկան, որ պնդեմ՝ պայմանագիրը ստորագրվում է. Ստյոպա Սաֆարյանը՝ Ալիև-Փաշինյան հանդիպման մասին

«Կոնֆլիկտների, բանակցությունների կանոնն այնպիսինն է, որ եթե անգամ հնարավոր էլ չի խնդիրները լուծել, ապա առնվազն պետք է կոմունիկացիայի ուղիները մշտապես տաք պահել, բանակցությունների հնարավորությունները միշտ օգտագործել: Կարծում եմ՝ Հայաստանը դա է անում»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով հուլիսի 10-ին Աբու Դաբիում սպասվող Ալիև-Փաշինյան հանդիպմանը՝ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանը փորձում է ջանքեր գործադրել, որպեսզի բանակցված և ավարտված պայմանագիրը ստորագրվի. «Ադրբեջանը բանավոր նախապայմաններ է դրել, որոնք արտացոլված չեն համաձայնագրում, այդ նախապայմաններից հետ կանգնելու որևէ նշան մենք անցած շրջանում չենք ունեցել, այս պահին չեմ կարող ասել, որ ադրբեջանական դիրքերում մեղմացում կա: Ալիևն առնվազն իր հասարակությանը պիտի պատրաստեր, թե ինչու նախկինում այդ նախապայմանները դրել է, հիմա չի դնում, քանի որ դա չի արել, ակնհայտ է, որ պայմանագրի ստորագրման հարցում ես անձամբ լիահույս չեմ կարող լինել: Առայժմ այնպիսի նշաններ չկան, որ պնդեմ՝ պայմանագիրը ստորագրվում է: Սակայն սա ամենևին չի նսեմացնում այս հանդիպման նշանակությունը, որովհետև նաև իրավիճակը կառավարելու խնդիր կա, առավել ևս մի տարածաշրջանում, որտեղ պարբերաբար բռնկվում են պատերազմներ և էլի կարող են բռնկվել»:

Քաղաքագետն ընդգծեց, որ պայմանագրի ստորագրումը կախված է նրանից, թե միջազգային խոշոր խաղացողները որքանով դա կցանկանան այս պահին ունենալ. «Երեկ ԱՄՆ պետքարտուղարը լավատեսական գրառում էր արել, տեսանելի է, որ ԱՄՆ-ն փորձում է կողմերին քաջալերել քայլ անել, սակայն միայն այդ քաջալերանքը բավարար չէ, որովհետև ԱՄՆ-ն այդ հարցն իր օրակարագում պետք է դրած ունենա և եթե ունենա, բնականաբար հնարավոր կլինի ինչ-որ բան սպասել: Հետաքրքիր է նաև, որ այս հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ երկու երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ լարված են և երկու երկիրն էլ տարբեր ձևերով, բայց ունեն ինքնիշխանության պահպանման խնդիր: Թե որքանով է լուրջ ադրբեջանա-ռուսական հարաբերությունները՝ անուղղակի ձևով կտեսնենք նաև վաղվա հանդիպումից, որովհետև եթե Ադրբեջանն իսկապես ցանկություն ունի պաշտպանել իր պետականությունը Ռուսաստանից, ապա պիտի ինքն էլ Հարավային Կովկասում անկայունացման ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերի գնա, այսինքն՝ բացառի պատերազմը»:

Ըստ Սաֆարյանի՝ Ադրբեջանը հաշվի է առնում նաև տարածաշրջանային իրավիճակը. «Իրան-Իսրայել հակամարտությունը չստեղծեց հաջողության հնարավորության պատուհան, որ ինքն էլ ռազմական եղանակով իր խնդիրները լուծի: Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ լարվել են և ՌԴ-ն նախկինի նման գոնե այս պահին չի հանդիսանա իր ռազմական պլանների դաշնակիցը: Թուրքիան վերջին շրջանում չափազանց շատ է շեշտել, որ կարևոր է խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչը միգուցե Ալիևի համար հաճելի չէ, բայց դա էլ ցույց է տալիս, որ Թուրքիան էլ կարծես թե Ադրբեջանին հասկացնում է, որ խնդիրները խաղաղ եղանակով պիտի լուծվեն»:

Մեր այն հարցին, թե արդյոք առանց միջնորդության հնարավոր կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ Սաֆարյանը նշեց. «Միջնորդությունը կարևոր ինստրումենտ է, բայց հարցը միանգամայն այլ տեղ է՝ արդյոք Ադրբեջանը  հասել է նրան, որ իսպառ բացառում է իր ռազմատենչ նպատակների իրականացումը: Ադրբեջանն այս ամեն ինչը չի անում դեռևս ինչ-որ չափով հավատալով, որ մի օր բախտը կժպտա և ինքը կանի այն, ինչ ուզում է անել, Ադրբեջանը դրա համար չի ստորագրում: Երբ Ադրբեջանի բոլոր հույսերը 100 տոկոսով ի չիք դարձվեն և հասկանա, որ այդ ժամը երբևիցե չի գալու՝ ինքը կստորագրի»:

Աննա Բզնունի

Աղբյուրը՝ Zarkerak.am-ի  https://zarkerak.am/show/132670

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *