Տարիներ շարունակ իշխել է քաղաքական այն մոտեցումը, որ Պաշտպանության պետական կոմիտեն ստեղծվել է, որպեսզի «իշխանությունը խլվի Դաշնակցությունից եւ անցնի ՀՀՇ-ին»: Պաշտպանության պետական կոմիտեի անդամներից ՀՀՇ-ի հետ առնչություն է ունեցել միայն Ռոբերտ Քոչարյանը:
Վահրամ Աթանեսյան
մաս 30-րդ
1992 թվականի օգոստոսին 15-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծվում է գործադիր իշխանության նոր մարմին՝ Պաշտպանության պետական կոմիտե: Դրան նախորդում է կառավարության՝ Նախարարների խորհրդի նախագահ Օլեգ Եսայանի հրաժարականը: Ընդ որում, խիստ ուշագրավ է, որ հրաժարականի դիմումում Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու առաջարկություն ԳԽ նախագահությանն արել է հենց Օլեգ Եսայանը: Նա կառավարության ղեկավար էր նշանակվել որպես «փոխզիջումային դեմք»: Գերագույն խորհրդի դաշնակցական մեծամասնությունը ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում տեսնում էր Իգոր Մուրադյանին:
Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ է նշանակվում Ռոբերտ Քոչարյանը, որ երկու անգամ առաջադրվել էր ԳԽ նախագահի թեկնածու, բայց չէր ընտրվել: Նույն որոշմամբ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը Պաշտպանության պետական կոմիտեի անդամներ է նշանակում Բորիս Առուշանյանին, որ մինչ այդ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ էր, Կարեն Բաբուրյանը, որ ԳԽ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահն էր, Արմեն Իսագուլովը, որ ՆԳ վարչության պետն էր, Սամվել Բաբայանը, որ փաստացի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարն էր, ինչպես նաեւ ԳԽ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանը: Գերագույն խորհրդի որոշմամբ Պաշտպանության պետական կոմիտեին տրվում է գործունեության վեցամսյա ժամկետ եւ ընդլայնված լիազորություններ: Փաստացի ստեղծվում է արտակարգ կառավարման ռազմա-քաղաքական մարմին, որի ձեռքում կենտրոնանում է ամբողջ գործադիր իշխանությունը:
Տարիներ շարունակ իշխել է քաղաքական այն մոտեցումը, որ Պաշտպանության պետական կոմիտեն ստեղծվել է, որպեսզի «իշխանությունը խլվի Դաշնակցությունից եւ անցնի ՀՀՇ-ին»: Պաշտպանության պետական կոմիտեի անդամներից ՀՀՇ-ի հետ առնչություն է ունեցել միայն Ռոբերտ Քոչարյանը: Կարեն Բաբուրյանը կուսակցական չէր, ինչպես նաեւ՝ Արմեն Իսագուլովը եւ Սամվել Բաբայանը: ՊՊԿ-ի նախագահի տեղակալ նշանակված Բորիս Առուշանյանը եւ հանձնաժողովի անդամ Վալերի Բալայանը, մինչդեռ, Դաշնակցության անդամ էին: Այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ ԼՂՀ-ում իշխանափոխությունը,-իսկ կատարվածն այլ բնորոշում չունի, տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի համաձայնությամբ: Հակառակ դեպքում Դաշնակցությունն Արցախի կառույցի իր երկու հեղինակավոր եւ ազդեցիկ անդամներին չէր լիազորի, որ «հհշ-ական» Ռոբերտ Քոչարյանի ենթակայությամբ աշխատեն:
Զուտ պատերազմական իրավիճակի տրամաբանությամբ՝ Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը նույնիսկ շուրջ երեսուներեք տարիների հեռավորությունից միանգամայն արդարացված է ընկալվում: Այդ պահի դրությամբ ԼՂ տարածքի մոտ կեսն արդեն օկուպացված էր, ադրբեջանական կողմն, ունենալով Գյաջայի դեսանտային դիվիզիայի զրահատեխնիկայի, հրետանային միջոցների, օդուժի եւ մասնագետ սպաների աջակցությունը, մեծացնում էր ճնշումը: Այդ օրերին մարտերն ընթանում էին արդեն Սարսանգի հիդրոհանգույցի շրջանում, հակառակորդը մեծ առավելություն ուներ նաեւ Հադրութի եւ Ասկերանի ուղղություններում:
ՊՊԿ-ի ստեղծումը հաղթահարեց անորոշությունը, կազմավորվեց Պաշտպանության բանակ, բոլոր ջոկատները ենթարկվեցին միասնական հրամանի: Այդ գործում անուրանալի է Սամվել Բաբայանի վաստակը: Լինելով կոշտ եւ խարիզմատիկ գործիչ՝ Բաբայանը կարողանում է համախմբել մարտական ջոկատներին: ՊՊԿ-ն ընդունում է մի շարք կոշտ որոշումներ, բանակի կազմում ստեղծվում է առանձին ռազմական ոստիկանություն, սահմանվում է պարտադիր զորակոչ, որին ենթակա էին մինչեւ հիսուն տարեկան բոլոր առողջ տղամարդիկ: Արդեն սեպտեմբերին ռազմաճակատներում իրավիճակը հարաբերականորեն կայունանում է: Ստեփանակերտում հաստատվում է ռազմական դիկտատուրա:
(Շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
